Ալիևի հրամանով Հայաստանի դեմ ՄԻԵԴ միջպետական հայտարարություն է ներկայացվել 

Ալիևի հրամանով Հայաստանի դեմ ՄԻԵԴ միջպետական հայտարարություն է ներկայացվել 

Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ տեղի պատկան մարմինները պատրաստել են միջպետական ​​հայտարարություն և 2021 թվականի հունվարի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքները և ազատությունները խախտելու մասին»:

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարության պատրաստման մեջ ներգրավված են եղել միջազգային իրավունքի աշխարհահռչակ փորձագետներ և Ադրբեջանի առաջատար իրավաբաններ։

Հայտարարության մեջ բարձրաձայնվել են «կյանքի իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի և կրոնի ազատության հարգանքի, խոշտանգումներից և դաժան վերաբերմունքի, գույքի և ազատ տեղաշարժի խնդիրներ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և հարակից շրջանների 30-ամյա օկուպացիայի հետևանքով»:

Բացի այդ, նշված է, որ բերվել են ապացույցներ այն մասին, որ «Ադրբեջանի 3890 քաղաքացի անհետ կորել է, և Հայաստանը ոչ մի գործողություն չի ձեռնարկել այդ անձանց ճակատագիրը հետաքննելու համար»:

Հայտարարության մեջ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումը հիմնավորվում է ապացույցների տրամադրմամբ, որոնք, մասնավորապես վերաբերում են Ժնևի կոնվենցիային»։ 

Ադրբեջանը նշել է «երկրի քաղաքացիական բնակչության դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի անմարդկային գործողություններ մասին, որոնց հետևանքով արձանագրվել է 93 մարդու մահ, այդ թվում՝ 12 երեխա և 28 կին, վիրավորվել է 423 մարդ, այդ թվում՝ 51 երեխա և 104 կին, Գյանջա քաղաքում 264 տան, այդ թվում՝ 10 բազմաբնակարան շենքի, 9294 առանձնատան ​​և այլ գույքի վնասի մասին»։ Ադրբեջանական կողմը ներկայացրել է, որ այդ ամենը տեղի է ունեցել կասետային ու ֆոսֆորային արկերով, հեռահար բալիստիկ հրթիռներով քաղաքների և գյուղերի, մարտական ​​գոտուց հեռու տեղակայված քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծության հետևանքով։

«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները զրկվել են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից այն բանից հետո, քանի որ Հայաստանը մեծ թվով ականներ է տեղադրել գրավյալ տարածքներում, երկրի երեսից սրբել է մեր քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև ապօրինի զինված խմբավորումներ է ուղարկել օկուպացիայից ազատագրված տարածքներ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի ակտից հետո»,- գրվել է հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված փաստաթուղթը պահանջում է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` Ադրբեջանի «քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու համար»։

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել ՄԻԵԴ: Այս մասին պետական «Արմենպրես» լրատվական գործակալության հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: 

«Մենք բավականին ժամանակ է իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ ապացույցների հավաքագրում, գնահատում, գանգատի նախապատրաստման պրոցեսներ: Մոտակա ժամանակներում մենք պատրաստվում ենք ընդդեմ Ադրբեջանի ներկայացնել գանգատ: Այն ներառելու է բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների պաշտպանության տրամաբանությունից մինչև կորցրած և վնասված գույքի վերաբերյալ պահանջները, որոնք կարծում ենք բավականին մեծաթիվ են»,- մանրամասնել է Կիրակոսյանը

Նրա խոսքերով` գանգատի մեջ նաև քննարկվելու են միջազգային իրավունքի բոլոր խախտումները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումները, որը Ադրբեջանը թույլ է տվել պատերազմի ընթացքում արգելված մեթոդներով ու միջոցներով պատերազմ վարելու եղանակով։