Մի օր վերևում ես, վաղը ներքևում՝ մեղադրյալի կարգավիճակում

Մի օր վերևում ես, վաղը ներքևում՝ մեղադրյալի կարգավիճակում

Ամբողջ օրը նախկինների թալանից խոսող նոր իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում ոչ մի թալանի մեծ գործ չբացահայտեցին, փոխարենը բազմաթիվ գործեր հարուցվեցին դպրոցների տնօրենների, գյուղապետերի, մանր չինովնիկների նկատմամբ, որոնց հիմնական մեղքը, եթե ընդհանրացնենք, այն է, որ ինչ-որ հաստիքի վրա մարդ են գրանցել, որն «աշխատանքի չի գնացել»։ Այս մեղադրանքն էր դրված տարբեր տնօրենների ու գյուղապետերի վրա, որոնք հավաքարար ու վարորդ են պահել, որոնք, «պարզվում է», չեն աշխատել։ Նույն մեղադրանքն էր դրված Արմեն Աշոտյանի վարորդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ համայնքային հիմնարկների ղեկավարների նկատմամբ։

Այսօր էլ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը մի նմանատիպ հաղորդագրություն է տարածել, որտեղ «դարի հանցագործությունն» է նկարագրված՝ «Կենտրոն-1» համատիրության ղեկավարի կողմից, ով իր կնոջը համատիրությունում ձեւակերպել է որպես տեսուչ, սակայն նրա գործն արել են մյուս աշխատակիցները, եւ ըստ այդմ՝ նա պետությանը վնաս է պատճառել՝ 10 տարվա ընթացքում կինը ստացել է «առանձնապես խոշոր չափերի» աշխատավարձ՝ 21 մլն դրամ։

Այս մեղադրանքներում ոչ միայն օրինականություն հաստատելու նորերի՝ չափից ավելի եռանդուն «ջանքերն» են դրված, այլեւ այս բոլոր հիմնարկներում աշխատող անձանց ցուցմունքները, քանզի այս մեղադրանքները բացառապես ցուցմունքների վրա են կառուցված։ Ասենք՝ գյուղապետարանի աշխատողներին կանչում-հարցաքննում են, եւ մարդիկ ճարահատյալ ցուցմունք են տալիս նախկին կամ ներկա գյուղապետի դեմ, որ՝ այո, նա վարորդ էր պահում, բայց ինքն էր վարում մեքենան, իսկ վարորդն անտեղի աշխատավարձ էր ստանում։

Գյուղապետը, իհարկե, հետո կարող է գալ եւ բացատրություն գրել, որ հազար ու մի ծախս կար գյուղապետարանում, հեչ որ չէ՝ մայրաքաղաքից մարդիկ էին հյուր գալիս, սեղան գցել-հյուր ընդունել կար, էդ գումարներով նման ծախսեր ենք հոգացել։ Բայց դե ո՞վ է նրա բացատրությունը բանի տեղ դնում՝ քրեական հանցագործ ես ու վերջ։

Անշուշտ, անհրաժեշտ է օրինականություն հաստատել, անշուշտ, պետք է բյուջեից գողացողներին, հանրային միջոցները մսխողներին պատժել, բայց նման բան ձեռնարկողները պետք է իմանան, որ հաջորդ իշխանությունը նույն հաջողությամբ կարող է հետո հաշվել, թե որքան պարգեւավճար են բյուջեից դուրս գրել Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, ինչքան գործուղման են մեկնել բյուջեի հաշվին, որոնց արդյունքում պետությունը ոչ մի օգուտ չի ունեցել, ինչքան գումար է մուծվել վարչապետի տիկնոջ հիմնադրամին, եւ մի քանի ցուցմունքով հիմնավորելով, որ այդ ծախսերն անհիմն են, կամ դրանցում կոռուպցիոն ռիսկեր կան, եւ քրեական գործեր հարուցել ու մեղադրանքներ առաջադրել այսօրվա իշխանավորներին։

Դժվար չէ գտնել մի քանի հոգի, որոնք կասեն, որ կառավարությունում 2018-19թթ․ ոչ թե աշխատում էին, այլ վնաս էին պատճառում պետական բյուջեին։ Այնպես որ՝ ցանկացած քրեական գործ հարուցելիս պետք է հիշել, որ կյանքն աստիճան է՝ մի օր վերեւում ես եւ որոշումներ ես կայացնում, վաղը կարող ես հայտնվել ստորոտում եւ դառնալ մեղադրյալ։