Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները միլիարդատեր չե՞ն. Փաշինյանի ներկայացուցիչ

Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները միլիարդատեր չե՞ն. Փաշինյանի ներկայացուցիչ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստին այսօր պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հարց ուղղեց մյուս կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանին, թե պնդո՞ւմ է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները միլիարդատեր կամ միլիոնատեր չեն եղել, առնվազն 1998-2008 թվականներին։

Ալումյանն արձագանքեց, որ այս գործի շրջանակում իրենք որեւէ բան պնդելու պարտավորություն չունեն։

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն են համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված հետեւյալ երեք հայտարարությունները։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում` 2020 թվականի մարտի 11-ին, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ասում եմ անվանական՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին, եւ ժողովուրդը կքննարկի՝ ների՞ նրանց, թե՞ չների»։

Նիկոլ Փաշինյանի կողմից արված երրորդ հայտարարությունը, որը հայցվոր կողմը զրպարտչական բնույթի է համարել, հետեւյալն է. «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի եւ մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։