Գյումրիում, ԵՄ դեսպանի մասնակցությամբ, բացվեց Եվրաակումբ

Գյումրիում, ԵՄ դեսպանի մասնակցությամբ, բացվեց Եվրաակումբ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը ներկա են գտնվել «Եվրաակումբ Գյումրիի» պաշտոնական բացման արարողությանը

«Եվրաակումբ Գյումրիի» բացմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության դեսպան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարգարոսը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, Նիդերլանդների Թագավորության դեսպան/գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդրիկսը, Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպան/գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:

Ողջույնի, շնորհավորանքի ու շնորհակալության իր խոսքում Վարդգես Սամսոնյանը կարևորել է եվրաակումբի բացումը Գյումրիում, ապա անդրադարձել ծրագրերին և ընդգծել. «Եվրաակումբի գործարկումը Գյումրիում մեր երիտասարդներին ևս մեկ հնարավորություն կտա ծանոթանալու եվրոպական մշակույթին, պատմությանը՝ կրթական ծրագրերի, փորձի փոխանակումների միջոցով, ինչպես նաև կնպաստի քաղաքացիական ակտիվության մակարդակի բարձրացմանը՝ երիտասարդության շրջանում: Իմ երախտագիտությունն եմ հայտնում կազմակերպիչներին, գործընկերներին և բոլորին, ովքեր ներգրավված են այս ամենը կյանքի կոչելու գործում: Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության ղեկավար, մեր լավ ընկեր Արթուր Նաջարյանին»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը:

«Եվրաակումբ Գյումրին» գործարկվում է Հայաստանում «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության («ԵՄ արևելյան հարևաններ» տարածաշրջանային հաղորդկացության ծրագիր) և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Եվրաակումբի գործարկման հիմքում՝ եվրոպական մշակույթի, պատմության հետ ծանոթանալու, Եվրոպայում առկա կրթական ծրագրերի, առաջարկվող երիտասարդական հնարավորությունների մասին խոսելու, դրանք տարածելու, ինչպես նաև սեփական հմտությունները բացահայտելու գաղափարախոսությունն է։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը Հայաստանում «ԵՄ արևելյան հարևաններ» տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի բաղադրիչներից է։ Այն հիմնադրվել է 2016թ. և համախմբում է ԵՄ արևելյան գործընկերության վեց երկրների, ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության 16-26 տարեկան ակտիվ և եռանդուն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ԵՄ հարցերով և ԵՄ-ի հետ իրենց երկրի գործընկերությամբ։