Lragir.am-ին ներարցախյան պայմանավորվածությունները ձեռնտո՞ւ չեն

Lragir.am-ին ներարցախյան պայմանավորվածությունները ձեռնտո՞ւ չեն

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նախաձեռնած՝ առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի եւ նախագահի մի քանի հավանական թեկնածուների հանդիպման գլխավոր ուղերձն այն էր, որ քաղաքական մրցապայքարի ընթացքում պետք է պահպանել կոռեկտությունը:

Ավելի վաղ նման կոչով հանդես էին եկել արցախցի մի խումբ մտավորականներ: Իրավիճակն, իրոք, բավական նուրբ է, եւ ներքին պառակտումներից խուսափելու անհրաժեշտություն, իրոք, կա: Կարելի է տարակուսել, թե ինչու՞ քաղաքական ուժերն ու անհատներն իրենք չեն նախաձեռնել խաղի կանոններ սահմանող մի հավաք եւ այդ առաքելությունն ստիպված ստանձնել է հոգեւոր գործիչը, բայց եթե ձեռք է բերվել համաձայնություն, եւ մամուլի արձագանքը հիմնականում դրական է, ապա պետք է կարողանալ վեր կանգնել նպատակահարմարությունից եւ գոնե չվնասել:

Մինչդեռ այդ հանդիպման հաջորդ օրը Lragir.am-ը մի հրապարակում է արել, որտեղ չհիմնավորված եւ բավական կոպիտ բնութագրումներ են արված նախագահի հավանական թեկնածուներից մեկի՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հասցեին եւ տողատակով, թող ներվի այս ձեւակերպման համար՝ «սրբադասվում է» մյուս թեկնածուն՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ի՞նչն է լրատվամիջոցին մղել նման քայլի:

Դա քաղաքական պատվե՞ր է, թե՞ ինքնագործունեություն: Տպավորություն է, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, Lragir.am-ին պարզապես ձեռնտու չեն ներարցախյան պայմանավորվածությունները, եւ նա փորձ է ձեռնարկել, որպեսզի սրի իրավիճակը: Ըստ երեւույթին, որոշակի շրջանակների ցանկությունն է, որ Արցախում նախընտրական մթնոլորտը լարվի, նախագահի թեկնածուներն սկսեն միմյանց վարկաբեկող քայլեր ձեռնարկել: Նման իրավիճակում, երեւի, լրագրողները հնարավորություն կունենային «գին բարձրացնել»: Բայց արժե՞ հանուն սենսացիայի խառնակչի անշնորհակալ դեր ստանձնել: