Վանեցյանի «գործով» ծեծվածները դիմել են ՀՔԾ

Վանեցյանի «գործով» ծեծվածները դիմել են ՀՔԾ

Մենք երեկ լուր էինք գրել, որ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից՝ ծաղկի շուկայի մոտից, ոստիկանության աշխատակիցներն առանց բացատրության, բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն Ղազարյանին, եւ ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածները հինգն են, որոնց նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել եւ նրանց վրա մարմնական վնասվածքներ կան։

Մեր լուրի իսկությունն այսօր ոմանք կասկածի տակ էին դրել։ Հատուկ թերահավատների և ամեն ճշմարտության մեջ իրենց բաժին սուտը փնտրողների համար հրապարակում ենք Կարեն Ղազարյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի՝ ՀՔԾ ուղարկած դիմում-բողոքից մի հատված, որտեղ նկարագրված է ոստիկանների գործողություններն ու ճնշումները իր պաշտպանյալի՝ Կարեն Ղազարյանի նկատմամբ։ Իսկ բողոքն արդեն վարույթ է ընդունվել։

«Կարեն Ղազարյանը հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վ.Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ իր «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով իրեն, ինչպես նաև այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Այդ անձինք չեն ներկայացել, չեն ասել, թե ուր և ինչու են իրենց տանում, իրենց գտնվելու վայրի մասին իրենք տեղեկացել են արդեն հետո, երբ ժամը 13:40-ի սահմաններում իրենց ազատ են թողել: Նշել է, որ ոստիկանությունում գտնվող անձինք իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել և տարել տվել ինչ որ անձի և ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին հրաժարվել է նման հայտարություն անելուց և գրելուց, այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք, իրեն հայհոյել և ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, մասնավորապես որովայնի, կողոսկրերի, ոտքերի և պարանոցի շրջանում, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք: Այդ ընթացքում, տվյալ անձինք խուզարկել են իր ավտոմեքենան, այնտեղից վերցրել են 60.000 ՀՀ դրամ, որն իր ընկերոջինն է և իրեն պատկանող 8.000 ՀՀ դրամ գումարը: Իսկ իր անձնական խուզարկությամբ` 180.000 ՀՀ դրամ գումար»,-ասված է փաստաբանի՝ ՀՔԾ պետին ուղարկած նամակում։

Մենք շարունակում ենք հետեւել այս գործի ընթացքին եւ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք այդ մասին։