Մահացած ծննդկանի նորածնին դուրս են գրում «Շենգավիթ» ԲԿ-ից. մահացածի հարազատները մանրամասներ են ներկայացնում

Մահացած ծննդկանի նորածնին դուրս են գրում «Շենգավիթ» ԲԿ-ից. մահացածի հարազատները մանրամասներ են ներկայացնում

Մամուլում գրվել էր, որ օրերս «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։
Այս պահին «Շենգավիթ» Բժշկական կենտրոնը մարդաշատ է, երեխան դուրս է գրվում։ Մահացածի՝ Սեդայի հարազատները , ընկերներն ու բարեկամները եկել են երեխային տուն տանելու։

Մահացածի հարազատները պատմում են՝ Սեդայի հղիությունն անցել է առանց որեւէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչեւ այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա, պահանջում են արդար քննություն։

« Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել, թե այս հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերեւ բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերեւ ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,- պատմեց հարազատներից մեկը։

Սեդայի և ամուսնու հարսանեկան քավորն էլ՝ Հովհաննես Հարությունյանը, պնդում էր՝ սա այսպես չեն թողնելու, դիմել են լրատվամիջոցների օգնությանը, որպեսզի,իր խոսքով, հերթական անգամ չքողարկեն տեղի ունեցածը, մեղավորները պատասխան տան օրենքի առաջ։

«Ասում են՝ լավ բժիշկ ա, հիմա ինչ անենք լավ բժիշկ ա, սենց թողնենք անցնի գնա, մենք էլ ենք իմացել, որ լավ բժիշկ ա , դրա համար ենք իրեն վստահել»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ ակնկալում են քննչական լուրջ գործողություններ։