Փաշինյանը որոշել է գրոհել եւ գրավել եկեղեցին
Նիկոլ Փաշինյանը կարծես թե գտել է այն հարցի պատասխանը, թե ինչպես իրենով անի Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ինչպես Հայ առաքելական սուրբ եկեղեցու կաթողիկոսի պաշտոնում նշանակի իր կողմից վերահսկելի գործչի, ով ոչ թե եկեղեցու անունից կպահանջի իր հրաժարականը, այլ իրեն կհռչակի Աստծո տեղապահը Երկրի վրա, աստվածային շնորհով եւ կախարդական փայտիկով օժտված միակ եւ անփոխարինելի փրկիչ: Փաշինյանը չի կարող իր որոշմամբ կամ կարգադրությամբ պաշտոնազրկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, բայց որոշել է գնալ այլ ճանապարհով՝ ուղղակի լուծարել եկեղեցին: Մեր տեղեկություններով, իշխանությունը, այդ թվում՝ արդարադատության նախարարությունը, աշխատում է այդ ուղղությամբ՝ գտնելու հարմար ձեւակերպումներ, որոնք թույլ կտան զավթել Սուրբ Էջմիածինը:
Հայ առաքելական եկեղեցին, ինչպես ցանկացած կրոնական կազմակերպություն, իր կազմակերպչաիրավական ձեւով ընդամենը հասարակական կազմակերպություն է: Հայաստանի իշխանություններն էլ մտածել են, որ եթե Հայ առաքելական եկեղեցին ընդամենը ՀԿ է, ինչո՞ւ չվերցնեն ու չլուծարեն այդ ՀԿ-ն: Պետք է ընդամենը գտնեն ձեւակերպումներ, թե ինչ օրենսդրական խախտումների համար են իրականացնում լուծարումը: Իսկ այդպիսի ձեւակերպումներ գտնելը կամ հնարելն այնքան էլ բարդ գործ չէ: Միակ խնդիրն այն է, որ, ի տարբերություն Հայաստանում գրանցված եւ գործող մյուս հազարավոր ՀԿ-ների, Հայ առաքելական սուրբ եկեղեցին սահմանադրական սուբյեկտ է, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կա հիշատակում Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին: Սահմանադրության 18-րդ հոդվածը հենց այդպես էլ վերնագրված է․ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին», իսկ այդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Եթե Հայ առաքելական սուրբ եկեղեցին լուծարվի, հարց կառաջանա, թե ուր մնաց այս սահմանադրական նորմը, ուր մնաց եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում: Մյուս կողմից՝ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խախտել է Սահմանադրությունը, սկսած իր հակասահմանադրական հեղաշրջման միջոցով իշխանազավթման փաստից։ Այնպես որ, մեկ անգամ եւս խախտել Սահմանադրությունը, թե հազար, իր համար այլեւս որեւէ նշանակություն չունի: Մանավանդ որ Փաշինյանը չի պատրաստվում մեկընդմիշտ լուծարել Հայ առաքելական եկեղեցին, լուծարելուց հետո նա վերաբացելու է եկեղեցին` այլ առաջնորդով:
Բայց եթե ամեն ինչ այդքան միանշանակ է, ինչո՞ւ Փաշինյանը մինչեւ հիմա չի լուծարել եկեղեցին, ինչո՞ւ կյանքի չի կոչել իր պլանը: Կան որոշ նախապատրաստական աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել, որոնք կապահովեն գործի հաջողությունը: Ըստ փաշինյանական սցենարի, լուծարումից անմիջապես հետո, երբ Ամենայն հայոց հայրապետը զրկված կլինի իր պաշտոնական լիազորություններից, այսինքն՝ դե յուրե կդադարի լինել եկեղեցու առաջնորդը, եկեղեցու ներսում պետք է սկսվեն խժդժություններ, իշխանության կողմից հավաքագրված որոշ եկեղեցականներ, իսկ այդպիսիք կան, կսկսեն կաթողիկոսին մեղադրել, որ նրա ընդդիմադիր գործունեությունը հանգեցրեց այս վիճակին, որ եկեղեցին անջատ է պետությունից, իրենք չպետք է միջամտեին ներքաղաքական գործընթացներին, ոչինչ, որ Փաշինյանը կործանում է Հայաստանը, եւ տեղի ունեցածի պատասխանատուն ու մեղավորը բացառապես կաթողիկոսն է: Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող եկեղեցականները կստեղծեն նախաձեռնող խումբ, որը կդիմի արդարադատության նախարարություն, Պետական ռեգիստր` վերագրանցելու Հայ առաքելական սուրբ եկեղեցին, բայց այս դեպքում որպես եկեղեցու առաջնորդ հանդես կգա ոչ թե կաթողիկոս Գարեգին Երկրորդը, այլ խռովարարներից որեւէ մեկը, ում կորոշի կա՛մ նրա վերադասը, կա՛մ Փաշինյանը:
Իհարկե, Էջմիածնի եկեղեցականների մեծ մասը հավատարիմ կմնա կաթողիկոսին, հայաստանյան թեմերի առաջնորդների մի մասը եւս իր հավատարմությունը կհայտնի Գարեգին Երկրորդին, եւ կհայտարարեն, որ նրան են ճանաչում որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդ: Բայց դա չի վերաբերի սփյուռքին: Սփյուռքի թեմերը եւ դրանց առաջնորդները գտնվում են տեղի իշխանությունների ազդեցության, եթե ոչ` տոտալ վերահսկողության տակ։ Ապացույցն այն է, որ նրանցից որեւէ մեկը հրապարակային աջակցություն չհայտնեց Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը։ Կհայտարարեն, որ իրենք սատարում են Հայաստանի պետությանն ու պետականությանը, եւ կենթարկվեն այդ պետությունը ներկայացնողների որոշմանը: Բացառություն կարող են կազմել մի քանի ոչ արեւմտյան թեմեր, ինչպես, օրինակ, Ռուսաստանինը կամ Սիրիայինը, բայց դրանց հարցն էլ կլուծվի ժամանակի ընթացքում, երբ Էջմիածնում նոր կաթողիկոս կլինի:
Ամենակարեւորն այս վեճի մեջ կլինի այն, թե ում կողմն է ուժը` ոստիկանությունը: Այո, Փաշինյանը կարող է կարգադրել ոստիկանությանը՝ գրոհել Գարեգին Երկրորդին հավատարիմ մնացած եկեղեցիները, դրանք գրավել եւ հանձնել նոր գրանցված եկեղեցու առաջնորդների տնօրինմանը: Նույնը կարող է լինել նաեւ առաջնորդարանի հետ:
Կարող եք ասել, թե սա անհնար է` ֆանտաստիկայի ժանրից, բայց նման բան կասեն միայն միամիտները եւ նրանք, ովքեր տեղյակ չեն, թե այս տարիներին Փաշինյանն ինչ ավերածություններ է գործել մեր երկրում` տարբեր ոլորտներում: Նախորդ հոդվածում գրել էի Ուկրաինայի եւ Հայաստանի նմանության մասին, գրել էի, որ երկուսն էլ կառավարվում են նույն տեղից, նույն սցենարով: Ուկրաինայում եւս կար միասնական եկեղեցի`Ուկրաինական ուղղափառ եկեղեցին, բայց Պորոշենկոյի նախագահության ժամանակ գրանցեցին մի եկեղեցի եւս` Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի՝ նոր առաջնորդով: Հետո ուկրաինական ուժային կառույցները սկսեցին հերթով խլել եկեղեցիները, այդ թվում՝ եկեղեցու գլխավոր նստավայրը՝ Կիեւի Պեչորսկա Լավրան: Դե, եկեղեցականները բողոքեցին, նաեւ հավատացյալները տարբեր տեղեր դիմադրություն ցույց տվեցին, բայց, ի վերջո, ուժը հաղթեց: Հայաստանի դեպքում սցենարիստները կարող են սցենարում մի քիչ փոփոխություններ մտցնել՝ տեղական նրբությունները հաշվի առնելով, բայց էությունը մնալու է նույնը` գրավել Հայ առաքելական սուրբ եկեղեցին եւ այն ենթարկեցնել նոր տերերին:
ՀԳ. Գիտե՞ք, թե որն է այս պատմության մեջ ամենազավեշտալին. սրանից 2 ամիս առաջ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն այցելել էին ԱՄՆ դեսպանատուն՝ քննարկելու եւ որոշելու Հայաստանի նոր վարչապետի հարցը, այն դեպքում, երբ իրենք շուտով չեն կարողանալու որոշել նույնիսկ ՀԱԵ առաջնորդի հարցը, քանի որ այդ հարցը եւս որոշվելու է սույն հիմնարկում:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ