Սնանկության գործերով կառավարիչների գործերը լավ չեն

Սնանկության գործերով կառավարիչների գործերը լավ չեն

Արդարադատության նախարարն ընկել է սնանկության կառավարիչների հետեւից։ Հիմա էլ նրանց են` մեկը մյուսի ետեւից զրկում որակավորումից։ Տպավորություն է, որ նախարարությունում որոշել են ազատվել հին, փորձառու կառավարիչներից եւ նորացնել նրանց կազմը։ 

«Այս ոլորտում մեծ գումարներ կան, դրա համար էլ ուզում են փոխել հներին, իրենց մարդիկ լինեն»,- այս կարծիքն է տարածված փաստաբանների շրջանում։ Իրենք՝ սնանկության նախկին կառավարիչները, հերքում են այս տեսակետը, համարելով այն բամբասանքի շարքից։ 

Այնուամենայնիվ, կամա թե ակամա, սնանկության կառավարիչների կազմը թարմանում է, փոխվում է նաեւ կառավարիչների կոլեգիայի կազմը։ Այս տարի սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի տարեկան հաշվետու ժողով անգամ չանցկացրին։ Այն պետք է լիներ մայիսին, սակայն հետաձգվել է մինչեւ նոյեմբեր։ Այդ ժողովի ժամանակ ընտրելու են ինքնակարգավորվող այս կազմակերպության կոլեգիայի նախագահ, դիտորդ խորհուրդ, հանձնաժողովներ։

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախկին նախագահ, սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի որակավորումը դադարեցրին դեռ անցյալ տարեվերջին։ Հիմքը Չիտչյանի դատվածութունն էր՝ «դիտավորյալ հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը»։ 

2022 թվականին Չիտչյանը կալանավորվել էր, ապա դատապարտվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության եւ կաշառքի դրդչության հանցափորձ կատարելու համար։ Դատավճռով նա տուգանք վճարեց։ Այժմ ո՛չ կառավարիչ է, ո՛չ էլ սնանկության կառավարիչների կոլեգիայի նախագահ։ 

Իրավական շրջանակներում պատմում են, որ Չիտչյանի ետեւից վաղուց էին ընկել, սակայն ինքը՝ Արսեն Չիտչյանը, որեւէ դիտավորություն չի տեսնում։ Ասում է․ «Իմ անձնական հարցերն են դրանք։ Ինչ մնում է կառավարիչների որակավորումը դադարեցնելուն, չեմ կարծում, որ դա ինչ-որ դիտավորյալ գործընթաց է, ընկել են մարդկանց հետեւից եւ այլն։ Լիցենզիան եսիմինչ չի, պետական պաշտոն չի սնանկության գործերով կառավարիչը։ Դուք էլ կարող եք գնալ, լիցենզիա հանել։ Չի կարող նման բան լինել»։ 

Այդ ոլորտում կան գումարներ, հնարավո՞ր է` ուզում են յուրայիններին տեսնել կառավարիչների դերում։ «Սնանկության կառավարիչները հիմա մոտ 120 հոգի են, կարծեմ։ Քանակային սահմանափակում չկա։ Էնպես չի, որ տեղ չկա, պետք է Պողոսին հանեն, Պետրոսին դնեն։ Ամեն տարի քննություն են տալիս, ով որ ուզի, կարող է դառնալ սնանկության կառավարիչ»,- ասում է Արսեն Չիտչյանը։ 

Օգոստոսի 2-ին, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ, սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումն է դադարեցվել: «Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը դադարեցվել է սեփական դիմումի համաձայն»,- պարզաբանում է նախարարությունը:

«Այո, ես իրոք իմ ցանկությամբ եմ հեռացել։ Դա անհետաքրքիր, տաղտկալի աշխատանք էր, հերիք է, էլի, ինչքա՞ն կարելի է դատարկ թղթերի հետեւից գնալ։ Միապաղաղ աշխատանք է։ Կամավոր սնանկության դեպքում փաստաբաններ են ընդգրկվում, որոնք բոլոր պետական հիմնարկներից հարցումներ են անում, հետո դատարանն է նույն հարցումներն ուղարկում, եւ պարտավոր են նրան տեղեկություն տրամադրել։ Հետո նույն բանը կառավարիչն է դիմում, նույն թղթերը հավաքում, ու այդ պրոցեսը շատ տհաճ է»,- ասում է սնանկության նախկին կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանը։ 

Օրերս միաժամանակ երկու կառավարչի զրկեցին որակավորումից՝ սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանին  եւ Սուրեն Վարդանյանին։ Նախարարությունը հայտնում է, որ վերջինիս որակավորումը դադարեցվել է կառավարչի 65 տարին լրանալու պատճառով, նաեւ կառավարչի գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետն է լրացել։ Բագրատ Վահրադյանին էլ, ով գործունեություն է ծավալում Լոռու մարզում, նախարար Գրիգոր Մինասյանը զրկել է որակավորումից, որովհետեւ «վերջին մեկ տարվա ընթացքում ․․․ դատարանի կողմից երեք անգամ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` սույն օրենքով սահմանված իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով»:

Ինչո՞ւ են դատարանները դադարեցրել ձեր լիազորությունները։ Բագրատ Վահրադյանը «Հրապարակին» հայտնեց, որ իր սխալն այն է եղել, որ հաշվետվությունը փոքր-ինչ ուշ է ներկայացրել սահմանված ժամկետից, բայց համարում է, որ իրեն այդ հիմքով որակավորումից զրկելն օրինական չէ։ Նա դիմել է դատարան՝ բողոքարկելով արդարադատության նախարարի որոշումը։ 

«Բողոքարկել եմ դատարան, գործը դատարանում է, նոյեմբերի 29-ին դատ է նշանակված»,- ասաց Վահրադյանը, սակայն հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ «Գործը դատարանում է, դատարանը թող որոշի, ես ամենակարեւոր անձը չեմ, որ առավոտից ինձ լրագրողներ են զանգում։ Ինձնից առաջ էլ երեք հոգու են հանել։ Չիտչյանին գիտե՞ք։ Նա էլ է էդ կատոկի տակ ընկել, մենակ ես չեմ։ Ուղղակի ես ուզում եմ իմ հին գործերն ավարտեմ, նոր ինչ ուզում են, անեն»,- ասաց Բագրատ Վահրադյանը։ Նա իրեն չի համարում «հին» կառավարիչ` ընդամենը 12 տարի է աշխատել։