Սրանց վերջը մոտ է
Փաստորեն, Բագրատ սրբազանի ամենաուշադիր ունկնդիրը ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն է: Վերջինս հիմնավոր կերպով նախապատրաստվել էր սրբազանի բարձրաձայնած 96 ժամանոց ժամկետի ավարտին: Նրա հրահանգով նախորդ օրվա վաղ առավոտից անվտանգային աննախադեպ միջոցառումներ էին իրականացվել: Հազարավոր ոստիկաններ էին կենտրոնացվել Ազգային ժողովի տարածքում եւ մատույցներում, խորհրդարան էին բերվել ԱԱԾ հատուկ ջոկատայիններ։ Չէին մոռացել համապատասխան տեխնիկան Բաղրամյան պողոտա բերելու մասին: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ այդ օրը զրահավորված մարդիկ, բառի բուն իմաստով, գրավել էին թե՛ ԱԺ-ն եւ թե՛ դրա տարածքն ու շրջակայքը: Իսկ եթե հրացանավոր բազմաթիվ իրավապահներ հայտնվում են բողոքավոր ժողովրդի մեջ, ապա չէր կարող չստացվել նաեւ կրակելու հրամանը:
Այնպես չէ, որ նիկոլական «ժողովրդավարության» ամերիկյան գումարներով «բարեփոխված» ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ նախկինում չէր կիրառել: Բայց այս անգամ լուսաձայնայինի հետ օգտագործվել են նաեւ բեկորային նռնակներ: Չափ ու սահման չկար նաեւ բերետավորների գազանությանը: Նռնակները նետվում էին հատուկ մարդկային կուտակումների ուղղությամբ: Նման թիրախների թվում էին հայտնվել նաեւ լրագրողներն ու օպերատորները: Միայն մղձավանջային երազում մարդ կարող էր տեսնել, որ վարչապետի պաշտոնին հայտնված՝ ընդդիմադիր նախկին լրագրողի ցուցումով նման հարձակման թիրախ կարող են դառնալ իր նախկին գործընկերները: Իսկ որ այդպիսի ցուցում վստահաբար եղել է՝ բացահայտել է հենց ինքը: Լրագրողներին հայտնելով, որ իրադրությանը ծանոթանալու նպատակով զանգահարել է դրսում գտնվող իրավապահներին: Իսկ իրադրությանը ծանոթանալն ու հրահանգներ տալը նույն մեդալի երկու երեսն են:
Հարյուրից ավելի վիրավորների շարքում կա մեկը, որի դաստակը նռնակի պայթյունից պոկվել է, եւ հնարավոր չի եղել այն վերականգնել: Բնական է, որ հնարավոր չի լինի նաեւ պարզելը, թե ով է եղել նռնակ նետողը: Սակայն դա պարզելու անհնարինության պարագայում, որպես անմիջական մեղավոր, պետք է պատասխանատվության ենթարկվի այդ նռնակներն օգտագործելու հրաման տվող անձը: Դա կարող է լինել ոստիկանապետը եւ կամ անմիջապես նրան հրահանգներ տված անձը՝ Նիկոլը: Եվ այդ մեղավորի հաշվին էլ պետք է իրականացվի արհեստական դաստակի պրոթեզավորումը: Հասկանալի է, որ Նիկոլի վարչապետության օրոք դա տեղի չի ունենա, սակայն Նիկոլին հեռացնելուց հետո այդ հարցը պետք է գտնվի նոր իշխանության ուշադրության կենտրոնում:
Կարծում եմ, որ Բագրատ սրբազանն իրոք մարգարեական խոսք էր ասում, երբ նախորդ օրվա հանրահավաքը դրա նախօրեին գնահատում էր որպես վճռական: Իսկապես այն վճռական էր այն իմաստով, որ դարձավ վերջի սկիզբը: Նիկոլի իշխանության վերջի սկիզբը: Սովորաբար այդ փուլը երկար չի տեւում, քանի որ իշխանական բուրգը քանդվում է ոչ թե աստիճանաբար, այլ հեղեղի կողմից քշվածի նման: Ասվածի առումով առկա են նաեւ հիմնավորումներ. առաջինը ոստիկանական դաժանությունից հետո ԱԺ-ի տարածքում մնալու՝ սրբազանի եւ նրա շուրջը հավաքված հազարավոր մարդկանց վճռականությունն էր, որոնք մնացին տեղում եւ ոչ թե փախան «ճակատամարտի» վայրից՝ ինչպես ինքն էր արել 2008-ի մարտի 1-ին: Մինչ այդ էլ զգալով «հոգու փառավորվելը», երբ ցուցարարները ոստիկան էին ծեծում կամ մահակ խլում նրանից:
Երկրորդն առնչվում է անձամբ մերօրյա հակահերոսին: Դրա առաջին դրսեւորումը նրա կողմից խորհրդարանում արցախցիների հասցեին մի քանի անգամ «վախկոտ դասալիքներ» գոռալն էր: Ի դեպ, այդ պահին Նիկոլին թվում էր, թե ինքը դրանով լիաթոք արձագանքում է ամենուր իրեն ուղղված՝ «դավաճան եւ վախկոտ» անվանարկումներին: Բայց դրանով արձանագրվեց սեփական պարտությունը (հոգեբանականը), ինչը կզգա ավելի ուշ: Երկրորդ դրսեւորումը գոռոցներից հետո ԱԺ-ից նրա փախչելն էր դեպի կառավարության շենք ու այնտեղ եւս չմնալը, երբ սրբազանը որոշեց ուղեւորվել նրա հետեւից: Հետո, ըստ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքի, նրա շարասյունը տեսել են Լվովյան փողոցում: Ենթադրում են, որ տեսնողը շփոթել է փողոցի անվանումը, քանի որ դա ոչ մի տեղ չի տանում, իսկ դրա շարունակություն համարվող Մոլդովականը տանում է դեպի ՊՆ: Այնտեղ, որտեղ սովորություն է դարձրել թաքնվել մերօրյա Քաջ Նազարը, երբ անձնական անվտանգության խնդիր է ծագում:
Նախորդ օրը ԱԺ աշխատակազմի ղեկավարը կեսօրից հետո սահմանափակել էր ընդդիմադիր պատգամավորների ու նրանց օգնականների ելքն ու մուտքն ԱԺ տարածք: Հաջորդ օրը եւս ԱԺ մուտք գործելու հարցում առաջնորդվել էր հունական «Ինչ կարելի է Զեւսին, արգելված է եզին» ասացվածքով: Ինչպես նման դեպքերում է ասվում՝ սրանց վերջը մոտ է:
Կարծիքներ