Ինչո՞ւ զորահավաքի չի ուղարկում Բանակում չծառայած իր պաշտոնյաներին

Ինչո՞ւ զորահավաքի չի ուղարկում Բանակում չծառայած իր պաշտոնյաներին

Կարծում եմ Բանակի, զինվորի հետ կապված  իմ փորձառությունը թույլ է տալիս մի համեստ կարծիք հայտնել։ 

Բանակում չծառայած մարդու համար բանակը պատիժ է։ Բանակում չծառայած մարդը վախենում ու վախեցնում է Բանակով։  Կեռումեռեր չտամ, պարզ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի համար բանակը ամենամեծ պատիժն է։ Թե ինչ հիմքով է ազատվել, դա կարևոր չի։ Իր բացատրությանը եթե ինչ որ  ժամանակ կհավատայի, այսօր չեմ հավատում, որովհետև նրա որևէ խոսքին չեմ հավատում։ Հիշում եմ այդ տարիներին շատ էին նրա հետևից գնում, որ Բանակ տանեն։ Մամուլից եմ հիշում։ Եթե օրենքով իրեն հասնում էր չծառայելը՝ ինչու՞ էին գալիս հետևից կամ նա ինչու՞ էր թաքնվում։ Եթե մի մարդու, որը հայտնվել է երկրի ղեկավարի աթոռին, պատիժ է եղել Բանակում ծառայելը, ուրեմն պիտի չզարմանանք նրա այն քայլերից, որն անում է։ Այլախոհներին, դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Սա ի՞նչ է նշանակում։ Ուսումնասիրել ընդդիմության հավաքների տեսանյութերը, պարզել ինքնությունը, ծանուցագրե՞ր ուղարկել։ Այդ մասին անդրադարձել է Hraparak.am կայքը։ 

Բանակը պատժիչ ջոկա՞տ է դարձել։ Ակտիվիստների մի մասին ձերբակալել, մյուս մասին ՊՆ-ից ծանուցագրեր ուղարկել։ Ստացվում է, որ ոստիկանությունը և Բանակը նույն դե՞րն են կատարում։ Բանակից այդքան վախեցա՞ ծ է իշխանությունը, որ Բանակ ուղարկելն ու ձերբակալելը համարժեք բան է համարում։ Մի՞թե թույլատրելի է քաղաքական կիքսերը մտցնել Բանակ։ Մի՞թե դիմադրության շարժման ճնշելու միակ ձևը մնացել է նրանց երեք ամսով զորահավաք տանելը։ 

Գոնե Բանակը հանգիստ թողեք։ Բանակը հո ոստիկանությու՞ն չի։ Ի վերջո թողեք մի կառույց մնա, որը քաղաքական ռելսերի վրա չի դրվում։ Կուզեի հարցնել երկրի ղեկավարից՝ վախենու՞մ է Բանակից։ Եթե ոչ, ինչու՞ է իրեն թվում, թե Բանակ ուղարկելով պատժում է ընդդիմությանը։ Կամ ինչու՞զորահավաքի չի ուղարկում Բանակում  չծառայած  իր պաշտոնյաներին։