Պատասխան Նիկոլին

Պատասխան Նիկոլին

Հայաստանը միշտ էլ գտնվելու է թուրքական աքցանի մեջ, քանի որ այդպես է դասավորվել աշխարհագրորեն և պատմականորեն: Արևմուտքից ու արևելքից թուրքական պետություններին բաժանող երկրի դեպքում խաղաղության և համակեցության բանաձևը ենթադրում է միայն մեկ տարբերակ (Նիկոլը կասեր՝ հասցեագրում). դա հզորացումն է: Այն աստիճանի հզորացում, որ թուրքն ատամները կրճտացնի, սակայն ոչինչ չկարողանա անել: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում նրան հարևան Իսրայելի առումով: Ինչն էլ թույլ կտա, որպեսզի մենք լիաթոք ապրենք այս տարածաշրջանում: Մնացած բոլոր դեպքերում կա՛մ մեր երկիրը կանդամահատվի (հիշենք 100 տարի առաջվա՝ մեզ թույլատրված 10-12 հազար քառ/կմ-ը թուրքական հեգեմոնիայի ներքո): Եվ կա՛մ էլ ընդհանրապես կանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից: Եվ այդ դեպքում ոչ թե մեղավոր կլինի թուրքական գործոնը որպես սպառնալիք ընկալելը, ինչպես Նիկոլն է պնդում, այլ առնվազն մեր տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական շահերը չգիտակցելը:

Եթե մենք մնանք այլոց (Ռուսաստանը փոխարինելով Արևմուտքով) հույսին՝ մնալով ռազմական առումով թույլ և հոգեպես թշվառ՝ ինչպես հիմա է, ապա չենք կարողանալու կարգավորել մեր հարաբերությունները թուրքերի հետ: Հատկապես ագրեսիվ արևելյան թշնամի հարևանի հետ, որի ղեկավարությունը մեր երկիրը Նիկոլի «գերագույն հրամանատարությամբ» մեր խայտառակ պարտությունից հետո սկսել է համարել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ որքան թույլ գտնվենք, այնքան մեծանալու է այդ հարցն անմիջապես «հասցեագրելու» (լուծելու) նրա ցանկությունը: Եվ այդ դեպքում մեզ վատություն է անելու ոչ թե «շատ դեպքերում օգտագործվող թուրքական բանի նկատմամբ վախը» (ինչպես ինքն է ասում), այլ «թուրքական սպառնալիքները կառավարելու ուղղությամբ»՝ ոչնչով չհիմնավորված փորձարկումները: Իսկ որ թուրքական գործոնը մնացել է անփոփոխ՝ դրա վկայությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի այս խոսքերն են. «Մենք երբեք ներգրավված չենք եղել ցեղասպանության և շահագործման մեջ…»: Եթե ցեղասպանություն իրականացրած պետությունը չի ընդունում իր մեղքը և չի զղջում, ապա հնարավորության դեպքում շարունակելու է այդ գործելաոճը: Իսկ դրա վկայությունն էլ արևելյան թուրքերի կողմից Արցախի էթնիկ զտման գործընթացն էր, որ տեղի ունեցավ մեր աչքերի առջև:

Չէ, ոնց որ թե սխալվում եմ: 2018-ի գարնանը փողոցի ուժով ՀՀ վարչապետի աթոռը զավթած ու դրանից կառչած երբեմնի «դուխով» Նիկոլն ունի հիմնավորում՝ դա Հովհաննես Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքն է: Այո, չզարմանաք, հենց այդ պատմվածքը, որում ներկայացված է քարաբաղնիսի միջոցով մրսած Կիրակոսին բուժելու դրվագը: Եվ ընթացքում բազմաթիվ անձանց բուժվելու հիշատակումները, իսկ Կիրակոսի առումով անհաջողության մատնվելուց հետո՝ ուրիշ անձանց մահանալու դեպքերը: Եվ վերջում ճակատագրի վրա մահվան մեղքը բարդելու հանգամանքը: Փաստորեն, պետության առումով փորձարկումը Նիկոլը փորձում է հիմնավորել ավելի քան 100 տարի առաջվա Լոռվա գյուղացիների վարքային դրվագով:

Ենթադրում եմ, որ այս գործի հիշատակումը կապված է իմ համեստ անձի հետ, քանի որ ես եմ անընդհատ իմ հոդվածներում գրում այս խառը ժամանակներում Ռուսաստանից Արևմուտք անցում կատարելու անթույլատրելիության մասին: Ու ներկայացնում, թե ինչի հանգեցրեց նույն ճակատագրական սխալը՝ կատարված 100 տարի առաջ դաշնակցական կառավարության կողմից: Բայց Նիկոլին պետք է հիասթափեցնեմ. մրսածությունը բուժելու առումով ոչ մասնագիտական՝ գյուղացիների գործողության թեթև հումորային նկարագրությունը չի կարող լինել հիմնավորում: Որովհետև այսօր մեր տարածաշրջանում ստեղծվել է ճիշտ նույնանման պատկեր, ինչ առկա էր 100 տարի առաջ: Ռուսաստանը, նախ, գտնվում է խառն իրավիճակում, Հայաստանի ղեկավարությունն էլ, իրական օգնություն չստանալով հյուսիսից, դեմքը շրջել է դեպի Արևմուտք: Սակայն բացի բարոյական աջակցությունից, Արևմուտքը ռեալ ոչինչ չի անում Հայաստանին օգնելու առումով: Դրան գումարած՝ մեր թշնամի հարևանները ևս մնացել են նույնը: Այս դասավորվածության պայմաններում, արդյունքը ևս պետք է լիներ նույնը, ինչը և տեղի ունեցավ՝ մենք կորցրինք Արցախը: Եվ իրական սպառնալիք կա, որ կկորցնենք Սյունիքը, իսկ հետո նաև ողջ Հայաստանը:  

Այն, որ վերը նշվածը մեզ սպասվելիք իրական ապագան է, ապացուցվում է Նիկոլի կողմից ներկա դաժան իրականությունը չգիտակցելը: Ընթերցենք դա հիմնավորող այս մեջբերումը (երեկվա նրա խոսքերն են). «Ես այսպիսի մի թեզ եմ լսել, որ 44-օրյա պատերազմով Ռուսաստանի Դաշնությունը պատժեց Հայաստանի իշխանություններին` մեր կատարած ինչ-որ քայլերի համար։ Ենթադրենք այդ թեզը ճիշտ է, այդ դեպքում 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, երբ իշխանություն էր Սերժ Սարգսյանը, ով ում ինչի համար պատժեց»: 

Նախ, 44-օրյա պատերազմից երկու-երեք ամիս առաջ ՌԴ ԶՈՒ ԳՇ-ն մեր հասարակությանը ներկայացրեց ադրբեջանական հնարավոր ագրեսիայի և դրան մեր պատասխանի սցենարը: Մոտ 10 էջանոց այդ փաստաթուղթը, քանի որ ներկայացված էր, բնականաբար, ռուսերենով, անտարբերության մատնվեց հասարակության և Նիկոլի կողմից: Երկրորդ, «գունավոր հեղափոխությունների» նկատմամբ ալերգիա ունեցող ՌԴ իշխանություններն, այնուամենայնիվ, սպառազինություն մատակարարեցին Հայաստանին: Բայց քանի որ խնդիր էր դրվել բազմահազար զոհերի գնով ազատվել «արցախյան բեռից», ապա պատերազմն այլ արդյունք չէր կարող ունենալ: Եվ երրորդ, ո՞վ է ասել, որ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը ինչ-որ այլ անձի պատժել է: Քառօրյան ավարտվել է «ռազմական ոչ-ոքիով»՝ ինչպես գբնահատել է ռուս ռազմական փորձագետներից մեկը: Իհարկե, մեր հաղթանակը կարող էր լինել ավելի լիակատար, սակայն դրան խանգարել է թշնամու հետ լեզու գտնելու մտայնությունը, որ ՀՀ առաջին նախագահից հետո տիրապետող դարձավ ՀՀ ղեկավարության շրջանում հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների վերաբերյալ:

Ինչպես տեսնում ենք, այդ հարցում ևս Նիկոլը մանիպուլյացնում է իրեն լսողներին՝ աղաղավաղելով պատմությունը: Այնպես որ, եթե առկա են նույն պայմանները, ինչ առկա էին 100 տարի առաջ, ապա նույնն է լինելու նաև հետևանքը: Իսկ որպեսզի խուսափենք այդ հետևանքից, ապա պետք է վարչապետի աթոռից հեռացնենք Նիկոլին: Եվ միայն այդ դեպքում մենք կունենանք պայմաններից մեկի (ընդ որում՝ բավական լուրջ պայմանի) փոփոխություն, որ չի կարող չհանգեցնել հետևանքի փոփոխությանը: