Ընտրությունների ենք գնում գործող ԸՕ-ով՝ թերի կարգավորումներով

Ընտրությունների ենք գնում գործող ԸՕ-ով՝ թերի կարգավորումներով

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթական նիստում հաստատեց հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը: Նաեւ ընդունեց մի շարք որոշումներ, որոնք բխում են Ազգային ժողովի ընդունած փոփոխություններից։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է քվեարկության կարգին: 

«Տարածքային ցուցակները հանվեցին, ինչը նշանակում է, որ քվեաթերթիկը դարձերեսին չի ունենալու տարածքային ցուցակ։ Քաղաքացին գալով ընտրատեղամաս՝ ստանալու է քվեաթերթիկներ, որոնք կպարունակեն մասնակից կուսակցության/ կուսակցության դաշինքների անվանումը: Այնուհետեւ, այցելելով քվեարկության խցիկ, քվեաթերթիկներից կընտրի այն քվեաթերթիկը, ում օգտին ինքը ցանկանում է քվեարկել, որեւէ նշում, գրառում այդ քվեաթերթիկի վրա չի կատարվելու, եւ այդ տեսքով քվեաթերթիկը դրվելու է ծրարի մեջ։ Մնացած ավելորդ քվեաթերթիկները գցվելու են առանձնացված արկղի մեջ»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ դրանով կբացառվի անվավերի տարբերակը, Մուկուչյանն ասաց․ «Ամեն դեպքում, օրենքը նախատեսել է, որ բոլոր այն քվեաթերթիկները, որոնք կպարունակեն ավելորդ նշումներ, գրառումներ կամ ցանկացած որեւէ այլ նշագրում, այդ քվեաթերթիկները ճանաչվելու են անվավեր։ Գրիչ քվեախցերում չի տեղադրվելու»։

ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաեւ այս օրերին որոշ կուսակցությունների կողմից արդեն փաստացի նախընտրական քարոզչապաստառներ փակցնելու դեպքերին՝ նշելով, որ գործող կարգավորումներով, դրանք օրենքի խախտում չեն համարվում։ Հիշեցնենք, որ այս օրերին հիմնականում կարելի է հանդիպել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների փակցրած պաստառներին, որոնք, ասում են՝ քարոզչական չեն, բայց ակնհայտ է, որ այդ նպատակներով են փակցվել։
Մուկուչյանն ասաց, որ խախտումների մասին կարելի է խոսել, երբ մեկնարկի ընտրական գործընթացը, մինչդեռ այս պահին նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, գրանցված թեկնածուներ էլ չկան։ 

Իսկ գուցե Ընտրական օրենսգրքո՞ւմ կա խնդիր, որից օգտվում են քաղաքական ուժերը։ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողով ուղարկված ԸՕ նախագծում, կարծես թե, այս մասով փոփոխություններ կային։

Մուկուչյանը հաստատեց, որ նոր ԸՕ նախագծում, որը դեռ չի ընդունվել, նման փոփոխություն, այո, նախատեսվում է, բայց մենք այսօր ընտրությունների գնալու ենք գործող օրենսգրքով, որում նման օրենք չկա, որ մինչեւ քարոզչության մեկնարկը չի կարելի պաստառներ փակցնել։ Փաստացի մենք այսօր ընտրությունների ենք գնում գործող Ընտրական օրենսգրքով, որը լի է թերի կարգավորումներով ու բազմաթիվ սողանցքներով։