Քաղաքական դաշտի առավոտը-1

Քաղաքական դաշտի առավոտը-1

Մենիշխանության ավարտը

2018 թ. գարնանը փլուզվեց ձեւականորեն բազմակուսակցական, իրականում ստվերային կապանքներ հաստատած միակուսակցական համակարգը: Փշրվեցին քաղաքական մենիշխանության ժանգոտ փշալարերը: Շարժման մի քանի շաբաթները մասսաների քաղաքական դաստիարակության գործում ավելի նշանակալից եղան, քան նախորդ 20 տարիներից շատերը։ Ժողովրդական զանգվածներին վերադարձվեց քաղաքական որոշումներում գործոն լինելու իրավունքը: Պատերազմ հայտարարվեց կոռուպցիային ու կաշառակերությանը: Ստեղծվեց քաղաքական դաշտի վերադասավորման հնարավորություն: «Վերեւինները» զրկվեցին ընտրակաշառքի եւ դրան զուգակցված ճնշիչ ու կոշտ գործողությունների միջոցով վերարտադրվելու հնարավորությունից: Առաջին պլան մղվեցին հասարակության շարքային անդամների շահերը, այդ թվում՝ սոցիալական արդարության եւ օրինականության վերահաստատման խնդիրները: Սրանք զարթոնքի անուրանալի նվաճումներն են: Իր բոլոր խորհրդավորություններով ու հարցականներով հանդերձ, դա հեղափոխություն էր: Այն մտավ շեներն ու օջախները եւ հրավառության զգացում ծնեց մարդկանց հոգիներում:

Հեղափոխության աստեղային ժամը

Բացախոսության ու հրապարակայնության ազատ դրսեւորումների հնարավորությունը ոգեւորված զանգվածներին թույլ տվեց առաջադրելու շերտավորված պահանջներ՝ իրատեսականից մինչեւ զգացմունքային: Հրապարակը վերածվեց հրաբորբոք կաթսայի: Ճառասացների ոգեղեն կոչերից բոցավառվում էին մարդկանց ըմբոստ հոգիները: «Եվ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»: Ճիշտ եւ ճիշտ այսպես՝ հրապարակում նոր իշխանությունն էր ձեւավորվում՝ իր առաջնորդով հանդերձ: «Ո՛վ ուզում է լինի, միայն ո՛չ հինը»,- այսպես էին մտածում վերափոխման համար ոտքի ելած մարդիկ: Նրանք պատրաստ էին պաշտպանելու ցանկացած որոշում, որն օր առաջ կազատեր նրանց հին բարքերից: Հենց այսպես՝ այդ «խելագարված ամբոխներն» իրենց բախտը վստահեցին մի մարդու, ում ունակությունները դեռեւս չէին դրսեւորվել կառավարման ասպարեզում: Մարդիկ չգիտեին, թե ինչպիսին կլիներ նա իշխանության ղեկին: Բայց դա այդ պահին էական չէր: Սա այն բացառություններից էր, որը բխել էր իրավիճակի յուրահատկությունից եւ առաջնորդից պահանջում էր ոչ այնքան կառավարման հմտությունների իմացություն, որքան հինը մերժելու տաղանդ ու հնարամտություն: Եվ դա ո՛չ առաջնորդի, ո՛չ էլ հեղափոխականների մեղքը չէր: Դա պայմանավորված էր հին իշխանության ձեւավորած չարյաց այն պատով, որը ճեղքելու համար անհրաժեշտ էին քանդելու, փլուզելու որակներ: Այդ պահին գործում էին տաք զգացմունքները: Մարդիկ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն ունեին քննարկելու առաջնորդի հատկանիշները: Ավելին, առաջնորդը զանգվածների աչքում մաքրվում էր առօրյա մեղքերից: Օր-օրի սրբաջրվում եւ օծվում էր լուսապսակով: Նա՛ էր խտացնում ու ականջահաճո կոչերի վերածում մարդկանց երազանքներն ու ցանկությունները: Էլ ո՞վ, եթե ոչ նա՛ պիտի իրականացներ գլխապտույտ առաջացնող երանավետ գաղափարները: Հեղափոխության ջահակիրը չուներ դասական կառավարչին բնորոշ ավանդական հատկանիշներ՝ ո՛չ լիակատար կրթություն ու կառավարման փորձ, ո՛չ մասնագիտապես պատրաստ թիմ ու համապարփակ ծրագիր, չէր անցել զինվորական ծառայություն, բայց այդ ամենի փոխարեն ուներ համարձակություն ու համառություն՝ բարձրաձայնելու հանրությանը հուզող խնդիրների մասին, ինչը նա արել էր «վաղնջական» ժամանակներից ու նաեւ այն օրերին, երբ ուրիշները հոգնել կամ արդեն ձեռնպահ էին մնացել: Նա պայքարի մարտիկ էր, կրակոտ տրիբուն: Հենց այդ շնորհով էլ նվաճեց մարդկանց սրտերն ու վստահությունը: Արդարության մասին խոսողներից ոչ մեկի խոսքերն ու ջանքերն այնքան հավատ չէին ներշնչում, որքան հեղափոխության սիրելիինը՝ Նիկոլ Փաշինյանինը: Ահա ինչու, տասնյակ հազարավոր հրացայտ աչքերի ու հուզավառ հոգիների ցասումից ալեկոծվող հրապարակը հենց նրա՛ն «երկնեց» որպես վարչապետ: Ու այստեղից էլ, կոռուպցիայի դեմ պայքարի ու թալանածը վերադարձնելու իր իսկ ձեւավորած օրակարգն իբրեւ խաչ ուսելով՝ նորընծա առաջնորդը շատերի հիացական, քչերի հառաչական ձայների ներքո, հաստատուն ու խոստումնալից քայլերով ուղղություն վերցրեց դեպի փառքի ու անմահության լեռը՝ «Գողգոթա»:

Հեղափոխության գերխնդիրը

Համաժողովրդական պոռթկումը, ըստ էության, ազդարարեց Հայաստանում շուրջ 30-ամյա բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ու կապիտալի նախասկզբնական կուտակման ավարտը: Խորհրդային պետության փլուզումից հետո դա անխուսափելի գործընթաց էր: Ուրվագծվեց հասարակության շերտավորումը. մի կողմում՝ փոքրաթիվ հարուստներ, մյուս կողմում՝ չքավոր զանգվածներ: Հարյուր հազարավոր մանր սեփականատերեր, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններ, չէին կարողացել վեր բարձրանալ աղքատության եզրագծից: Նյութական անկայուն վիճակում էին հայտնվել աշխատավոր մյուս խավերը, այդ թվում եւ՝ մտավորականությունը: Պարզ դարձավ, որ Հայաստանում ձախողվել է իշխանությունների նպատակադրած միջին խավի ձեւավորման երկարամյա գործընթացը: Սոցիալական բեւեռացումը հասել էր վտանգավոր չափերի: Արցախյան խնդրի լուծման առաջնահերթության գիտակցումը տարիներ շարունակ կաղապարել էր մարդկանց ու, որոշ բացառություններով, հեռու պահել զանգվածային խմորումներից: Դրան հակառակ, զսպումներից զերծ քաղաքական դաշտն ականապատվել էր օլիգարխիկ երեւույթներով: Օլիգարխիան` փոքրամասնության իշխանությունը, ձեւավորվել էր պետական իշխանության թեւերի մեջ ֆինանսական ու տնտեսական ուժերի ներթափանցմամբ: Հայաստանում տեւական ժամանակ նրա ազդեցության տակ էին օրենսդիր, գործադիր, դատական ու անգամ չորրորդ իշխանության մարմինները: Հասարակական զարգացումներում տիպականը մնում էին պետական բյուջեից «փայաբաժին» պոկելու, օրենքի խախտումներով սեփականություն ձեռք բերելու կամ այլոց ձեռքից խլելու երեւույթները: Երբեմնի հասարակական հսկայական հարստության «յուղալի» պատառները փոքրամասնության ձեռքն անցնելու փաստի հետ հանրային համաձայնություն ձեւավորելու ուղին կարող էր լինել միայն ակնհայտ թալանածն ու անօրինական ճանապարհով ձեռքբերվածը պետությանը վերադարձնելու գործընթացի իրականացումը: Սա՛ է թավշյա հեղափոխության ոչ այնքան դյուրին գերխնդիրը, որի վերջնաքայլը լինելու է բոլոր խավերի միջեւ համերաշխության կայացումը: Բայց քաղաքացիական համաձայնության ձեւավորումը, առանց որի ժողովրդավարական ոչ մի երկիր լուրջ հաջողության չի հասել, ենթադրում է ատելության ու պառակտվածության մթնոլորտի վերացում, բոլոր օղակներում հասարակական զսպվածության դրսեւորում եւ ամենակարեւորը՝ մարդկային կեցության տարրական պայմանների երաշխավորում հասարակության բոլոր խավերի համար:

Դեպի ո՞ւր

Մեծերից մեկն ասել է՝ չի կարելի ճանապարհ գնալ, առանց իմանալու այդ ճանապարհը: Պատմության մեջ միշտ ավելի հեշտ է եղել հեղափոխություն կատարելը, քան նրա հռչակած իդեաներին հասնելը: Տարիների չպարպված լիցքերը հայ քաղաքական միտքն ու էներգիան ուղղել էին ոչ այնքան հեռահար ծրագրերի մշակմանը, որքան հենց բուն իշխանափոխության իրականացմանը: Այդ է պատճառը, որ հեղափոխությունը չունեցավ գաղափարների իրականացման ճանապարհային հստակ քարտեզ: Այլապես դրա կարեւորության ընկալումն օրախնդիր կդարձներ երկրի բոլոր կարող ուժերի համախմբումը: Իրականում, համաժողովրդական միասնություն ձեւավորելու հնարավորություն ունեցող շարժումը կաղապարվեց ՔՊ շրջանակում: Հեղափոխության դափնիները միայնակ վայելելու ձգտումը կաստայական բնույթ հաղորդեց իշխող ուժին: Ակնկալած արագ փոփոխությունները մնացին կեսճանապարհին: 2 տարի անց, թեեւ հեղափոխության հմայքը չի խամրել, նույնը չի կարելի ասել դրոշակակիրների մասին: Ակնհայտ է զանգվածների տրամադրության փոփոխությունը: Հեղափոխական կրակը, որը վերափոխումների կայուն ու շարունակական խթանը պիտի հանդիսանար, աստիճանաբար նվազում է: Խորանում է հրապարակում հավաքվածների ու իշխանական հարթակում գտնվողների միջեւ անջրպետը: Քաղաքական դաշտը վերածվել է մեղվի փեթակի: Խոսքաշատ են դարձել ոչ միայն քաղաքական գործիչները: Գաղափարների ու կանխատեսումների պակաս չկա: Շատերին թվում է, թե իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ զարմանալիորեն հեշտ ու արագ: Նրանք կարծում են՝ ինչ հաջողվել է Նիկոլին, կհաջողվի նաեւ իրենց: Դա աշխուժացրել է իշխանությունը գրավելու կամ վերագրավելու անթաքույց ցանկություն ունեցողներին: Ուստի իշխանության ամեն մի սխալ ու վրիպում մեկնաբանվում է որպես նրա մոտալուտ վախճանի նշան:

Շարունակելի
Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ