Մեր առջեւ դնում են մի նախագիծ, որի համաձայն՝ Ակադեմիան դառնում է հիմնադրամ

Մեր առջեւ դնում են մի նախագիծ, որի համաձայն՝ Ակադեմիան դառնում է հիմնադրամ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որն այս պահին լրամշակման փուլում է, ենթադրում է մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ԳԱԱ-ի կարգավիճակի հետ կապված։ Մասնավորապես, առաջարկվող նոր կարգավորումներով՝ Գիտությունների ազգային ակադեմիան հանդիսանալու է «ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ»: Մինչդեռ ներկայիս կարգավիճակով ԳԱԱ-ն բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է։

Նախօրեին գրել էինք, որ Ակադեմիայում ոչ միայն տեղյակ չեն նախանշվող փոփոխություններից, այլեւ հարկ չեն համարել գիտական համայնքին տեղեկացնել, թե ինչու են ուզում ԳԱԱ-ն դարձնել հիմնադրամ։ Այլ կերպ ասած, Ակադեմիային առնչվող քննարկումներից դուրս է թողնվել հենց այն կառույցը, որին վերաբերում են այդ փոփոխությունները։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը մեզ հետ զրույցում ցավով նկատեց, որ ո՛չ ինքը, ո՛չ Ակադեմիայի նախագահությունը տեղեկություն չունեն նախատեսվող փոփոխությունների մասին, քանի որ չեն մասնակցել օրենքի նախագծի մշակմանը, հետեւաբար՝ չեն կարող ասել, թե ինչ է նկատի առնված «ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ» ձեւակերպմամբ։ Ակադեմիայի լիազորություններն ու կարգավիճակը դրանից ընդլայնվելո՞ւ են, թե՞, ընդհակառակը` ստորադասվելու:

Ավելին՝ ԳԱԱ-ի կողմից Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե գրավոր հարցում է արվել, մասնավորապես հետաքրքրվել են, թե ինչու նման կարեւոր նշանակություն ունեցող փաստաթղթի քննարկումներում, ինչպիսին է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, Ակադեմիային ու գիտության ոլորտին առնչվող հարցերում չեն ներառել ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատուին, այն է՝ Գիտությունների ազգային ակադեմիային։ 
Հարցմանը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից մոտավորապես այսպիսի պատասխան են տվել․ ներքին կարգով ընթանում են քննարկումներ, առաջիկայում նախագիծը կդրվի շրջանառության մեջ, այդ ժամանակ էլ կտեղեկացվեն։ 

Նախօրեին արդեն ԳԱԱ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր․ «Կարծում ենք, որ ՀՀ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառի հետագա զարգացման հարցերն  ունեն սկզբունքային նշանակություն ինչպես գիտության ընդհանուր ոլորտի զարգացման, այնպես էլ ՀՀ-ում գիտելիքահեն տնտեսության եւ հասարակության ձեւավորման տեսակետից: Տարակուսելի է, որ գիտության ոլորտի համար առաջարկվող մեխանիզմները չեն քննարկվել գիտական հանրույթի եւ ՀՀ ԳԱԱ-ի հետ: Բովանդակային քննարկումները հնարավորություն կտային մշակել գիտական հանրության կողմից ընդունելի մոտեցումներ եւ գտնել այնպիսի լուծումներ (կարգավորումներ), որոնք ուղղված կլինեին տասնամյակների ընթացքում ՀՀ գիտության ոլորտում ձեւավորված ավանդույթների, ինչպես նաեւ համաշխարհային գիտական տարածքում մեր ունեցած դիրքի պահպանմանն ու հետագա զարգացմանը: Խորհրդակցության ընթացքում քննարկված ձեւակերպումը հարուցում է մի շարք բովանդակային եւ կազմակերպաիրավական բնույթի հարցեր, ինչն անորոշության միջավայր է ստեղծում գիտական կազմակերպությունների եւ գիտնականների համար: Համոզված ենք, որ գիտական կազմակերպություններին եւ ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես անցնեին բովանդակային քննարկումներ բնագավառի ներկայացուցիչների հետ, իսկ պետական կառավարման մարմինների քննարկումներին պետք է ներկա լիներ ՀՀ ԳԱԱ-ն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահի: Սույն մոտեցումն առավել կառուցողական է, հնարավորություն է տալիս ոլորտի համար սկզբունքային նշանակություն եւ հետեւանքներ ունեցող լուծումները (որոշումները) ընդունել հարցի ամբողջական եւ համակողմանի քննարկման արդյունքում»:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով, այս քայլով իշխանությունը հերթական անգամ հաշվի չի նստում գիտական հանրույթի հետ։ «Ընդհանրապես, հանրային կյանքին վերաբերող, պետական կառավարման խնդիրներին վերաբերող հարցերում հանրության կարծիքը բացարձակապես հաշվի չի առնվում: Ու քանի որ տվյալ դեպքում խոսքն Ակադեմիայի մասին է, բազմաթիվ անգամներ մեր կարծիքը գրել ենք Ակադեմիայի կարգավիճակի վերաբերյալ, ուղարկել ենք ԿԳՄՍ նախարարություն, բայց իրականության մեջ որեւէ լուրջ քննարկում չի եղել, եւ մեր դիտողություններն էլ հաշվի չեն առնվել: Հերթական անգամ որոշումը կայացվել է, ու մեր առջեւ դնում են մի նախագիծ, որի համաձայն՝ ակադեմիան դառնում է հիմնադրամ»,- ասում է Ա. Մելքոնյանն ու նկատում, որ շատ անորոշ են կարգավիճակի փոփոխության նպատակն ու էությունը։

«Շատ անորոշ վիճակ է, եւ պարզ չէ, թե ակադեմիական ինստիտուտների հետ ինչ է լինելու, ամենայն հավանականությամբ, նրանք կմիանան, այսպես կոչված, կլաստերներին: Հումանիտար բլոկի ինստիտուտները նախատեսվում է միացնել, այսպես կոչված, ավանդական կլաստերին, այսինքն՝ միացնել բուհական համակարգին, որը, իմ խորին համոզմամբ, աղետալի հետեւանքներ կունենա հայաստանյան գիտության համար: Իսկ Ակադեմիայի նախագահության հայտարարությունը նրա մասին էր, որ մենք անտեղյակ ենք եղել Ակադեմիայի նոր կարգավիճակի վերաբերյալ կառավարության մոտեցումներին, ըստ որի՝ Ակադեմիան դառնալու է հիմնադրամ»: