Նայեք տողատակերը․ Արփինե Հովհաննիսյան

Նայեք տողատակերը․ Արփինե Հովհաննիսյան

Տեղեկացրել էինք, որ ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգի հայտարարությունում որևէ կերպ արտացոլված չէ այն օրակարգը, որը մանրամասն ներկայացվել է եվրոպացիներին խորհրդարանական ընդդիմության կողմից ։Իսկ մամուլի սահմանափակումների նկատմամբ ԵԽԽՎ-ի զեկուցողները զարմանալի մեղմ դիրքորոշում են որդեգրել։ Մի խոսքով, եվրոպացիները եկան և Հայաստանից գնացին հայտնի ֆիլմի վերնագրի նման՝ «Լայն փակված աչքերով»։

«Հրապարակը» զեկույցի զարմանալի մեղմության մասին խոսել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիարկության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ։ 

- Տիկին Հովհաննիսյան, ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգի հայտարարությունից ունե՞ք տպավորություն, որ ԵԽ պատգամավորները արդարացնում են մամուլի դեմ սահմանափակումները՝ լրագրողների ազատ տեղաշարժը, «ուժեղ վիրավորանքի» քրեականացումը, նաև անուղղակի արդարացվում է դատարանների նկատմամբ իշխանությունների ճնշումները, հենց Նիկոլ Փաշինյանի հրահրած՝ դատարանների շրջափակումը, ՍԴ-ի նկատմամբ հայտնի ոտնձգությունները։

- Անկեղծ ասած, այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել, եթե ուշադրություն չենք դարձնում տողատակերին, որոնք առկա են այդ հայտարարության մեջ։ Ես այն առավելապես կորակեի՝ ոչ թե, որ արդարացնում են այս կամ այն սահմանափակումը, այլ փորձում են կրկին անգամ շանս տալ իշխանություններին և ընդունել նրանց բացատրությունները։ Այսինքն, օրինակ, թե ինչու են նրանք նախաձեռնել մամուլի նկատմամբ խստացումները, բայց միևնույն է՝ տեքստից ակնհայտ է դառնում, որ նրանք չեն ընդունել այդ բացատրությունների հիմնավոր լինելը։ Նրանք մեղմ բառապաշարով են խոսել և դա է պատճառը, որ լրատվամիջոցների մոտ նման տպավորություն է ստեղծվում։ Բոլոր դեպքերում նրանք կոչ են անում գնալ առավել այլընտրանքային, քան բացառիկ մեթոդների ճանապարհով։ Իսկ իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերը նրանք որակել են որպես բացառիկ և խորհուրդ են տվել գնալ առավել երկարաժամկետ, համակարգային և ամբողջական լուծումների։ Սա նշանակում է,որ համազեկուցողներին, այդուհանդերձ, այդ բացատրությունները բավարար չափով հիմնավոր չեն թվացել։ Ինչը տրամաբանական է։ Նույնը վերաբերում է նաև դատական իշխանության հատվածին։

Այստեղ հետաքրքիր նյուանս կա․ սովորաբար, դատարանների նկատմամբ անվստահության մասին զեկուցողների տարբեր հայտարարություններում խոսքը եղել է քաղաքացիների կողմից դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին։ Այս անգամ խոսվում է իշխանությունների կողմից ևս ցածր վստահության մասին։ Այսինքն՝ սա ընդգծված նորամուծություն է հայտարարությունների տեքստում, որը բնութագրական է այս 3․5 տարվա ընթացքում իշխանությունների կողմից պարբերաբար դատական համակարգի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԽԽՎ զեկուցողներին, իրենց անձնական պատերացումները հասցեագրելուն։ Այդուհանդերձ, կրկին, այստեղ ևս պետք է կարդալ տողատակերը և եվրոպացիների լեզուն, որտեղ նրանք ասում են, որ, այդուհանդերձ, եթե կձեռնարկվի որևէ բարեփոխում, այն պետք է իրականացվի եվրոպական ստանդարտներին համահունչ՝ պահպանելով դատավորների արժանապատվությունը, պաշտոնավարաման ժամկետի անձեռնմխելիությունը և այլն։ Սա նշանակում է, որ ամեն տեսակի բարեփոխման համար կանաչ լույս վառված չէ։ Հենց այդ չափանիշների տեսանկյունից, օրինակ, ՍԴ դատավորների հետ կապված իրավիճակը չի համապատասխանում դրանց ու ՄԻեԴ-ի կողմից էլ արձանագրումներ կլինեն:

- Ընդդիմությունն ասում է, որ բոլոր այդ օրակարգերի մասին ամեն ինչ հանգամանորեն ներկայացրել են, սակայն համազեկուցողների հայտարարության մեջ ոչ մի բան ասված չէ։

- Կարծում եմ՝ ընդդիմությունը դեռևս բավարար աշխատանքային, անձնական կապեր հաստատելու ժամանակ չի ունեցել, որպեսզի կարողանա առավել համոզիչ կերպով ներկայացնել իր փաստարկները։ Եվ այն հանգամանքը, որ զեկուցողները դիտարկում են բևեռացված քաղաքական դաշտ, իր ազդեցությունը չէր կարող չթողնել հայտարարության տեքստի բառապաշարի կոշտության կամ մեղմության վրա։ Այլ կերպ ասած, ընդդիմությունը դեռ պետք է աշխատի, հիմնավորի, ապացուցի, ցույց տա և միայն այդժամ կարող է բաներ փոխել։ Այդպես եղել է միշտ։ Եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել այդ կառույցներում չի կարելի անսալ լոկ նրան, որ ինչ-որ մի հանդիպման շրջանակներում ամեն ինչ լուծվելու է։ Բոլորն էլ ինչ-որ բան ասում են, այլ հարց է, թե որքանով է դա ընկալվում անաչառ և այստեղ, իհարկե, նշանակություն կարող է ունենալ նաև անկախ համարվող փորձագետների կամ ՀԿ կողմից փոխանցվող տեղեկատվոթյունը։ Սրա մասին հաջորդիվ կխոսենք։ Այնպես որ, հայտարարության մեջ վերապահումները, օրինակ՝ մամուլի կամ դատականի մասով, ապա իշխանություններին անվերապահ աջակցության մասին չէ, որ խոսում են։ Ես, իհարկե, կարծում եմ առավել կոշտ պետք է լիներ։

- Համազեկուցողներն ատելության խոսքի աննախադեպ ծավալ են արձանագրել իշխանությունների նկատմամբ։ Մինչդեռ Դուք, այլ փորձագետներ, հակառակ ուղղությամբ ատելության խոսքի դրսևորումների դրվագներ են ներկայացրել։ Բանն ինչո՞ւմն է։

- Եթե նկատել եք՝ համազեկուցողներն այս հայտարարության մեջ առհասարակ ատելության խոսքի մասին չեն խոսել, այլ դրվագային՝ պատերազմից հետո իրավիճակի մասին, իսկ դրա ժամանակ ակնհայտ է, որ իշխանությունների նկատմամբ օբհեկտիվորեն պետք է լիներ ատելության խոսքի և կոշտ հռետորաբանության աճ։ Եվ շատ հաճախ խուճապային տրամադրությունները, որոնք կարող էին օբյեկտիվորեն առաջանալ և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ լրատվամիջոցների մոտ, իշխանություններն օգտագործել են հօգուտ իրենց։ Եվ այդ տխրահռչակ նախաձեռնությանը որպես հիմնավորում բերվել է դա։ Եվ խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ ատելության խոսք իրենց հանդեպ կա, իսկ իրենց կողմից չկա։ Իրենց կողմից ատելության խոսքի դրսևորումների մասին և դրա վերաբերյալ քայլեր ձեռնարկելու տեսանկյունից շատ է խոսվել թե՛ համազեկուցողերի, թե՛ այլ փաստաթղթերում։ Իհարկե մեղմություն կա և այն ակնհայտ է։ Զիջողականությունը կամ առավել ըմբռնումով մոտենալն իշխանություններին ակնհայտ է։ Բայց, նորից եմ կրկնում, այստեղ խոսքը կոնկրետ սահմանային իրավիճակների և պատերազմի հետևանքով իշխանությունների հանդեպ հռետորաբանության աճի մասին է։ Ինչը տրամաբանական է, քանի որ այն, ինչ կատարվեց, չէր կարող չհանգեցնել հռետորաբանության կոշտության և ատելության խոսքի մեծ ծավալի։ Ինչն էլ իշխանություններն օգտագործում են մամուլի դեմ՝ իրենց վաղեմի ցանկություններն ի կատար ածելու համար։ 

- Ձեզ համար հասկանալի՞ է, որ վիրավորանքը ապաքրեականացնելու ուղիղ դիրեկտիվով ԵԽ ընդունված Հայաստանի իշխանությունների՝ այս ոտնձգությունների նկատմամբ, ԵԽ պատգամավորներն ըմբռնումով են մոտենում։

- Ես հասկացել եմ, որ ըմբռնումով են մոտեցել իշխանության մոտիվացիային, որտեղ նրանք հուզիչ նկարագրել են, թե ինչ ծանր իրավիճակում են եղել այն ամենից հետո, ինչ կատարվել է երկրում։ Եվ ես կարծում եմ, որ համազեկուզողները փորձել են այդ բացառությունը տեսնել, որպես բացառիկ միջոց՝ ԵԽ ստանդարտներով նախատեսված այլ բացառությունների համատեքստում։ Ինչն իմ խորին համոզմամբ՝ ճիշտ չէ։ Այսինքն՝ այստեղ ակնհայտ է, որ նրանց նկատմամբ կա որոշակի համակրանք և դա պահպանված և արտացոլված է։ 

- Կարծում ե՞ք, որ այս մոլորության մեջ իրենց դերն ունեն նաև ՀԿ-ները, որոնք անհասկանալի սկզբունքով ընտրվել են և պրոիշխանամետ դիրքերից ներկայացրել են այլընտրանքային կարծիքներ։ 

- Սովորաբար համազեկուցողները, միջազգային կառույցները համագործակցում են իշխանության հետ։ Սա կանոն է։ Իրենց գործընկերը երկրում իշխանությունն է, սա օֆիցիալ է, անկախ նրանից, թե որ իշխանության մասին ենք խոսում։ Եվ այս իմաստով, իրենք փորձում են լսել, իշխանությունների փաստարկները հիմք ընդունել։ Այլ հարց է, թե որքան արդյունավետ է հակառակ կողմը՝ ընդդիմությունը կամ ՀԿ-ները աշխատում և որքանով է կարողանում օբյեկտիվ և անաչառ ներկայացնել այն տեղեկատվությունը, որը ԵԽԽՎ զեկուցողին՝ որպես երկրի իրավիճակին ներսից անծանոթ մարդու, անհրաժեշտ է եզրակացություն անելու համար։ Տարբեր ժամանակներում ընդդիմությունն ու իշխանությունը միշտ էլ գոհ կամ դժգոհ են եղել զեկուցողների ձևակերպումներից։ Բայց այն, որ վերջին 3․5 տարվա ընթացքում ԵԽԽՎ-ը, մյուս միջազգային կառույցները առավել մեղմ են մոտենում իշխանություններին, դա անզեն աչքով տեսանելի է։ Բայց այնպես չէ, որ բացարձակապես ոչինչ չեն ասում։ Եվ կարծում եմ, որ համազեկուցողները ոչ թե բարեխիղճ մոլորության մեջ են, այլ որոշակի առումով ունեն տեղեկատվության պակաս։ 

Քանզի  երբ իրենք ասում են, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, իրենք հարցը չեն դիտարկում ներհայաստանյան հայացքով, իրենք հարցը դիտարկում են միջազգային իրավական և այլ երկրների հետ համեմատության տիրույթում և, օրինակ, երբ տեսնում են, որ պառլամենտում կա թեև բևեռացված իշխանություն և ընդդիմություն, իրենք եզրակացնում են, որ այդ ճգնաժամը հաղթահարված է։ Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ընդդիմությունը մինչ օրս մանդատ չի վերցրել և պառլամենտում չի գտնվում։ Այս տարբերությունների տեսանկյունից է իրենց հայացքը։

Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, ապա անկասկած, այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ տարիներ շարունակ հանդիպել են և շարունակում են հանդիպել այսօր և որոնց հետ հանդիպումները կազմակերպում է ԵԽԽՎ-ում հայաստանյան գրասենյակը, որպես գործընկերներ, ապա զեկուցողները հաշվի չեն առնում կամ պակաս չափով են հաշվի առնում այն հանգամանքը, որ այդ հասարակական կազմակերպություններից շատերը իշխանության հետ համագործակցում են և շատ հաճախ իշխանության դիրքերից են ներկայացնում այս կամ այն հարցի էությունը։ Եվ հետևաբար, այսպես կոչված՝ «անկախ փորձագիտական հանրույթի» կողմից ստանալով գրեթե նույնպիսի պատկեր, մեկնաբանություն կամ գնահատական, ինչ իշխանությունից, բնականաբար, իրենք գալիս են հենց այդպիսի եզրակացության։ Առավել արմատական տրամադրված փորձագիտական հանրույթը, կարծում եմ, հնարավորություն չի ունեցել հանդիպելու ԵԽԽՎ զեկուցողներին։