Նոր մանրամասներ Արգամ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատան վաճառքից․ դատարանը արգելքներ է սահմանել

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին 2022-ին հաջողվեց վաճառել Մոնումենտի շքեղ առանձնատունը, թեև դատախազությունը դեռ երկու տարի առաջ արգելել էր Կադաստրի կոմիտեին դրա հետ կապված որևէ գործարք կատարել։ 2020-ին Նիկոլ Փաշինյանն այս առանձնատան վերաբերյալ ասել էր. «Որովհետև դա ուղղակի արհամարհանք ա հանրության, հանրային կարծիքի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի»։
Հայտարարությունից հետո դատախազությունը արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Ի դեպ, այդ առանձնատունը Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի շենքի նմանությամբ էր կառուցել։
Չորս ամիս անց առաջին ատյանի դատարանը, անհասկանալի հանգամանքներում, բավարարել էր դիմումը։ Ապա՝ չսպասելով բողոքարկման արդյունքներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը շտապել էր Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա։ Կադաստրի պետական կոմիտեից հապճեպ ստացված տեղեկանքի համաձայն` Աբրահամյաններն իրենց հսկայական տան գնորդ էին գտել՝ ընդամենը երկու շաբաթում, որը չէր վախեցել պետության կողմից արգելանքի տակ դրված թանկարժեք գույքը գնել։ Մարտի սկզբին արդեն այդ շենքը վաճառվել էր ոմն Լիլիթ Պետրոսյանի, որ նորահայ օլիգարխ Նարեկ Նալբանդյանի կինն է։ Վերջինս հայ հանրությանը հայտնի դարձավ այն պահին, երբ ձեռք բերեց մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող եւ բազմաթիվ աճուրդների ընթացքում չվաճառվող "Գոլդեն փելես" հյուրանոցը։
«Հրապարակ»-ը Գլխավոր դատախազությունից ստացել է գրավոր հարցման պատասխանը՝ այս շքեղ առանձնատան ճակատագրի վերաբերյալ։
Դատախազությունից մեզ պատասխանել են․ «ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Հովիկ Աբրահամյանի, Ջուլիետա Աբրահամյանի, Արգամ Աբրահամյանի, Աննա Աբրահամյանի և մյուսների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել 2023թ. մարտի 6-ին: Իրավասու մարմնի դիտարկմամբ, ի թիվս այլնի, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա ք.Երևան Արաբկիր, Ազատության պողոտա, 1/6 բնակելի տան օտարման արժեքը ստանալու Հովիկ Աբրահամյանի պահանջի իրավունքը: Նշված պահանջի բավարարման նպատակով Դատարանը նաև բավարարել է հայցվոր կողմի միջնորդությունը և արգելել է Արգամ Աբրահամյանին Լիլիթ Պետրոսյանին օտարված ք.Երևան, Ազատության պողոտա 1/6 բնակելի տան վաճառքից ստացվելիք գումարը միանվագ կամ մաս-մաս բանկային հաշվեհամարներին մուտքագրելուց հետո դրա տնօրինաման հետ կապված որևէ գործողություն կատարելը, միևնույն ժամանակ Լիլիթ Պետրոսյանին արգելվել է բնակելի տան գնման դիմաց վճարում կատարելը:Ներկա պահին տեղի են ունենում նախնական դատական նիստեր, հետևաբար որևէ գույք դեռևս չի բռնագանձվել»:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 հասցեում գտնվող բնակելի տնով ծանրաբեռնված հողամասը, ինչպես նաև նշված անշարժ գույքն օտարելու դիմաց համապատասխան հաշվեհամարներին փոխանցված և փոխանցվելիք գումարներն իրեղեն ապացույցներ ճանաչելու մասին, իսկ հողամասը հանձնվել է տան սեփականատիրոջ պատասխանատու պահպանությանը, ով պարտավորվել է պահպանել վերոհիշյալ անշարժ գույքը և այն չօտարել մինչև քրեական վարույթի քննության ավարտը․ «Դեռեւս 2022 թվականի մարտի 31-ին վարույթն իրականացնող մարմինը գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին, որով խնդրել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վերաբերյալ գործարքներ կատարելու մասին դիմում ստանալու դեպքում, մինչև գործարք կատարելը դրա մասին անհապաղ հայտնել վարույթն իրականացնող մարմնին»:
Ըստ գլխավոր դատախազության՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում: Ներկայումս քրեական վարույթով որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի:
Կարծիքներ