Ավետիս Կարագուլյանն իշխանական ֆոնդերի նվիրատուների թվում է. քրեական հետապնդումը հնարավոր է կարճվի

Ավետիս Կարագուլյանն իշխանական ֆոնդերի նվիրատուների թվում է. քրեական հետապնդումը հնարավոր է կարճվի

Սիրիահայ Ավետիս Կարագուլյանի առաջ նախորդ իշխանությունը կանաչ լույս էր վառել: Բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող նրա ՍՊԸ-ին՝ «Ավո ՖՄՀ» կազմակերպությանը, Հայաստանի կառավարությունը փոխանցել էր Աբովյան-Արամի փողոցներին հարող եւ դրանցով պարփակված ամբողջ տարածքը: Հողի նախկին տերերին Կարագուլյանը, ըստ նրանց, 1 քմ-ի համար ընդամենը 1000 դոլար էր առաջարկում, մինչդեռ Աբովյան փողոցում բիզնես տարածքների քառակուսին մի քանի անգամ ավելի թանկ արժե: 

Սեփականատերերից ոմանք հարմարվում՝ փողը վերցնում ու հեռանում էին, մյուսները դիմում էին դատարան, համալրելով հանրային շահից տուժածների շարքերը: Նրանց թվում էր «Միլանո» եւ «Լիլիթ» խանութների սեփականատեր Աշոտ Թադեւոսյանը: Վերջինս արդեն 14 տարի է՝ դատարաններում վիճարկում է իր տարածքի վերաբերյալ գերակա հանրային շահ ճանաչելու որոշումները: Այսօր արդեն հասել է վճռաբեկ դատարան: Նա նաեւ դիմել էր դատախազություն, ԱԱԾ, Նիկոլ Փաշինյանին եւ հասել նրան, որ Ավետիս Կարագուլյանի դեմ գործեր հարուցվեցին: Մեր տեղեկություններով, դրանք շուտով կարճվելու են որոշակի համաձայնության արդյունքում, սակայն ամեն ինչի մասին՝ հերթով:  

Նախկին իշխանությունների լիարժեք վստահությունը սիրիահայ գործարարի հանդեպ, նրան բազում արտոնություններ տալը բացատրվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ նրա մտերիմ ընկերական հարաբերություններով: Ըստ տարածված եւ չհերքված տվյալների, Լեւոն Սարգսյանն էր Կարագուլյանին կանչել-բերել Հայաստան՝ այն ժամանակ, երբ Սիրիայում դեսպան էր աշխատում: Կարագուլյանը չէր կարողանում սահմանված ժամկետներում իրացնել տարածքը, այնտեղ հյուրանոց կառուցել, քանի որ թաղված էր նախկին սեփականատերերի հետ դատական քաշքշուկներում, եւ կառավարությունը նրա օգտին նորանոր որոշումներ էր ընդունում, բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելով քաղաքի այդ եկամտաբեր հատվածի նկատմամբ, երբեմն նույնիսկ առանց նոր հիմքի, ինչն օրինական չէ: Նաեւ երկարաձգվում էին շինթույլտվության ժամկետները, որ Կարագուլյանը Երեւանի կենտրոնը կոնսերվացված պահի ու կառուցապատի այն ժամանակ, երբ իրեն հարմար լինի։

Այսօր ե՛ւ Կարագուլյանը, ե՛ւ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակում են: Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման ու հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու մեջ, իսկ Ավետիս Կարագուլյանին մեղադրանք էր առաջադրվել երկու քրեական հոդվածներով՝ 178-րդի երրորդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, եւ 325-րդի երկրորդ մասով՝ մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը: Կարագուլյանի նկատմամբ խափանման միջոց են կիրառել չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը: Նրա գույքն ու հաշիվները կալանված են: 
14 հոգի գործով տուժող է ճանաչվել: Նրանք հիմնականում հողի նախկին տերերն են, գործարարներ, որոնք այստեղ խանութներ ունեին: Նրանցից թերեւս ամենաակտիվը Աբովյան 4 հասցեում գտնվող «Լիլիթ» հագուստի խանութի սեփականատեր Աշոտ Թադեւոսյանն է, որի համառ բողոքների հիման վրա հարուցվել էին գործերը: Սակայն վերջերս, ըստ մեզ հասած լուրերի, Ավետիս Կարագուլյանին հաջողվել է լեզու գտնել նոր իշխանությունների հետ: Այս հարցում նրա համար միջնորդել է վերեւներին մոտ գործարարներից մեկը: Ավետիս Կարագուլյանին խոստացվել է «ներում»՝ մեղադրանքը կարճելու տեսքով, որի դիմաց նա պետք է կլորիկ գումար նվիրաբերի վարչապետի կնոջ հետ փոխկապակցված հիմնադրամներին: Ըստ լուրերի, Ավոն նաեւ խոստացել է գումարային այնպիսի փոխհատուցում տալ Աշոտ Թադեւոսյանին, որը կբավարարի վերջինիս:  
«Լիլիթ» խանութի սեփականատեր Աշոտ Թադեւոսյանին հարցրինք, թե ուր է հասել իր գործը, արդյոք իր հետ հաշտվելու, համաձայնության գալու, իրեն գումար տալու փորձ եղե՞լ է: «Ոչ, ոչ մի կոպեկ չի վերադարձրել: Ինձ հետ որեւէ նման խոսակցություն չի եղել»,- հերքեց Աշոտ Թադեւոսյանը:

Նաեւ նշեց, որ իր խանութը նորմալ աշխատում է, իսկ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ի դեմ նրա դատական հայցը վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: «Գիտեմ, որ քրեական գործի շրջանակներում ընդհանուր վերագնահատումներ են գնում: Հարցաքննվում են տուժողները, նրանք մանրամասն ցուցմունքներ են տալիս՝ ում ոնց է քցել Կարագուլյանը: Այն բոլոր տարածքների համար, որոնք նա խլել է մարդկանցից, 1000 դոլարով քմ-ի համար վերցրել է, պետք է փոխհատուցում տա 1 քմ-ի համար 6 հազար 300 դոլարի չափով: Ես մի երեք ամիս առաջ գնացել եմ այս հարցով կառավարություն՝ հանդիպման, ինձ միայն հետաքրքրում է, որ գերակա շահն իմ տարածքի նկատմամբ չեղյալ համարեն, ես հաշտության ճանապարհ չեմ տեսնում, գնալու եմ մինչեւ վերջ»,- ասաց գործարարը: 

Ավետիս Կարագուլյանն էլ վստահեցնում է, որ ոչինչ ոչ մեկից չի խլել: Նրան էլ ուղղեցինք մեր հարցերը:  

- Արդյոք Ձեր քրեական գործը կարճե՞լ են կամ պատրաստվո՞ւմ են կարճել: 

- Սպասում ենք պատասխանի:

- Կարո՞ղ է կարճեն:

- Ես կարծում եմ, որ՝ այո, քանի որ իմ պաշտպանը բոլոր փաստերը ներկայացրել է: Ես կարծում եմ, որ մենք մեկ հատ սխալ չունինք, պետք է որ կարճեն: 

- Ասում են, որ հիմա վերագնահատումներ են կատարվում, պետք է փոխհատուցեք մարդկանց:

- Այդ բոլոր ասվածները սուտ են: Մենք բոլոր դատարաններով անցել ենք, վճռաբեկ դատարանի որոշում էլ ունենք, եղածը կեղծ բաներ են: Այսքանը:  

 - Իսկ որ ասում են՝ 1 քմ-ի համար 6 հազար 300 դոլարի չափով են վերահաշվարկելու, ճի՞շտ է: 

- Մենք ունենք, ներկայացրել ենք դատարան համապատասխան գնահատումները: Ես անձամբ գնահատման գործընթացի հետ կապ չունեմ: Ես գնահատող չեմ, ես ինվեստոր եմ, եկել եմ Սուրիայեն, գնահատել են, ես ալ վճարել եմ: Ես ոչ մի կապ չունեմ: 

- Դուք «Սիթի օֆ սմայլ» եւ «Իմ քայլը» հիմնադրամների նվիրատուն եք, չէ՞: 

- Այո, եւ ոչ միայն դրանց, այլեւ 20 տարբեր տեղերում նվիրատու եմ: Իմ անձնական միջոցներով, քանի որ ես «Ռոտարի» ակումբի նախագահ եմ, տարբեր ծրագրերի ենք օգնում: Սպիտակում չեխական դպրոցը մենք ենք նորոգում, Գեղարքունիքի մարզում ջրերի համակարգը մենք ենք նորոգում, այսինքն, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինն է դա մեր նվիրատվություններից: 

-  Մեծ գումա՞ր եք նվիրաբերել Աննայի հիմնադրամներին: 

-  Այո, անշուշտ, ու շարունակական պետք է նվիրաբերեմ, կլինի մեկ կամ երկու մլն, երեք մլն դոլար, հարց չի դա: 

- Խոսակցություններ են պտտվում, թե գործարարներից մեկը Ձեզ համար միջնորդել է կառավարությունում, ու ասել են՝ եթե վճարեք ֆոնդերին, կկարճենք Ձեր գործը: 

- Ոչ, նման բան չի եղել, ոչ մեկը մինչեւ այսօր ինձ համար որեւէ միջնորդություն չի արել: Ես Աննա Հակոբյանին մոտ չեմ, ուղղակի խրախճանքի ժամանակ մի «բարեւ, ոնց եք» եմ ասել՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս: 

Մենք դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե, հարցով, թե ինչ փուլում է Ավետիս Կարագուլյանի վերաբերյալ քրեական վարույթը, եւ արդյոք քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կա՞: Սպասում ենք պատասխանի: