Ցեղասպանության մասին չխոսելուց մինչև այն մերժելը մեկ քայլ է 

Ցեղասպանության մասին չխոսելուց մինչև այն մերժելը մեկ քայլ է 

Ցեղասպանության մասին չխոսելուց մինչև այն մերժելը մեկ քայլ է, և ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն այն կատարեց: Իսկ չխոսելու «ճարտարապետը», հիշենք, ՀՀ առաջին նախագահն էր: Նա էր, որ հայտարարում էր, թե թուրքերն այլևս նախկինը չեն՝ նրանք քաղաքակրթված են: Եվ նրանց հետ երկխոսություն վարելու և նորմալ հարաբերություններ կառուցելու նպատակով անհրաժեշտ է դադարեցնել այլ պետությունների կողմից Ցեղասպանության փաստն ընդունելու քաղաքականությանն աջակցելը: Բայց դրան հետևում էր նրանց հաջորդ պահանջը՝ արխիվների բացումը և հայ ու թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը՝ դրա իրական կամ ոչ իրական լինելը քննարելու նպատակով:

Արցախյան առաջին պատերազմի սկզբնական շրջանում՝ երբ մեր վիճակը բանի նման չէր, այն պարտվողականության բնական դրսևորում էր: Ազատամարտի հաղթական ավարտից հետո այն որոշակի դրական գունավորում ստացավ. թուրքական պահանջին արդեն արձագանք էր տրվում հաղթական դիրքերից: Իհարկե, մեծ հարց էր, թե հանուն թուրքերի հետ երկխոսության արժե՞ր, արդյոք, մասնակցել նման քննարկմանը: Հատկապես հաշվի առնելով, որ Ցեղասպանության փաստն արձանագրված էր անկախության Հռչակագրում, ու այն քննարկման ենթակա չէր: ՀՀ առաջին նախագահի դիրքորոշումը որոշակիորեն ընդունող Սերժ Սարգսյանը փորձեց նախաձեռնել «ֆուտբոլային» դիվանագիտություն՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու նպատակով: Ինչն, ինչպես հիշում եք, ավարտվեց անհաջողությամբ:

Իսկ թուրքերին Ցեղասպանության փաստն ընդունել պարտադրելը ոչ միայն պատմական արդարության հարց է, այլև հայկական սփյուռքի պահպանման հիմնական գործոններից մեկը: Ինչպես նաև, եթե փաստի ընդունմանը հետևեր հանցագործության հեղինակներին կամ պետությանը պատասխանատվության ենթարկելը, հետագա փորձերը կանխելը. աշխարհի ոչ մի ծայրում այլևս չէին փորձի կրկնել նույնը: Բայց քանի որ պատասխանատվության պահը դեռևս չի հասունացել, երկրագնդի այս կամ այն տարածքում շարունակում են ցեղասպանել մարդկանց խմբերին: Ինչը տեղի է ունենում նաև մեր օրերում. օրինակ՝ արցախահայերի էթնիկ զտումը կամ պաղեստինյան արաբների ցեղասպանությունը:

Իսկ եթե նման ողբերգություն ապրած ժողովրդի ձևավորած պետական իշխանությունը հանուն հանցագործ պետության հետ երկխոսության՝ փորձում է մոռացության մատնել այն, դրանով նպաստում է պատմական արդարությունը թաղելուն: Ինչպես նաև դեմ գնալով միջազգային իրավունքին՝ նպաստում է դրա ոտնահարման հնարավորության գեներացմանը: Դրանով իրեն դնելով հանցագործություն կատարած պետության կամ իշխանության հետ նույն շարքում: Ենթադրում եմ, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը չունի հարցի նման գիտակցում: Ու այդ պատճառով էլ նրա նշանակած արտգործնախարարը կարող է ընդամենը «պատմական անցք» որակել այն: Այն անձը, ով նախկինների օրոք թեկնածուական է պաշտպանել հենց այդ թեմայով: Բայց դե մեզանում 2018-ից այս կողմ արեգակը ոչ թե արևելքից արևմուտք է գնում, կողմնացույցի սլաքն էլ ոչ թե անընդհատ ցույց է տալիս հյուսիսը, այլ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակ ուղղվածությամբ: