«Հրապարակ». Այսինքն, ուզում ես ասել՝ խաղաղությունն անում եմ, որ ցեղասպանություն չլինի՞

«Հրապարակ». Այսինքն, ուզում ես ասել՝ խաղաղությունն անում եմ, որ ցեղասպանություն չլինի՞

Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Ադրբեջանի նախագահի խոսնակի գործառույթները՝ մեկ անգամ էլ կրկնելով Ալիեւի՝ վերջերս արած հայտարարությունը, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ «Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է՝ այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին»,- հավելեց Փաշինյանը՝ նկատի ունենալով Պրահայում եւ Սոչիում անցած տարեվերջյան պայմանավորվածությունները, այդուհանդերձ պնդելով, որ «խաղաղության պայմանագիր լինելու է եւ լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»։

Ադրբեջանի նախագահը, հիշեցնենք, մարտի 18-ին ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս։ Նաեւ հավելել է, թե միայն այս դեպքում հայերը կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես ցանկանում են։
Զրուցեցինք ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։

- Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ է խոսում էսկալացիայի վտանգի, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, իսկ կառավարության նիստում հայտարարեց, որ փաստացի Ադրբեջանը համաձայն է միայն իր պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրելուն, եւ վստահեցրեց, որ կնքվելու է այդ պայմանագիրը։ Արեւմուտքը կարո՞ղ է պարտադրել Ադրբեջանին՝ վերադառնալ կառուցողական դաշտ, քանի որ վերջերս նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, թե Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերել։

- Պարտադրանք ասվածի վերաբերյալ մենք սխալ  պատկերացումներ ունենք, այնպես չէ, որ հեռախոսը վերցնում եւ պարտադրում են։ Եթե Ադրբեջանն իսկապես տրվեր պարտադրանքներին, ապա նախ Հաագայի դատարանի որոշումը պիտի անհապաղ կյանքի կոչեր, բայց չի անում եւ լկտիաբար ցույց է տալիս, որ չի էլ անելու, եւ երկրորդ՝ դուք նայեք Թալիշում Նովրուզի շեմին Ալիեւի հայտարարությունները։ Եթե այս ամենը սառը դատենք, ապա պարզ կդառնա, որ պարտադրանքը չի ազդում։ Բլինքենը խոսում է Ալիեւի հետ, ասում է, որ հորդորել է բացել Լաչինի միջանցքը, բայց դրանից հետո Արցախի գազամատակարարումը դադարեցվում է։ Ալիեւն այնքան է լկտիացել, պարզ է՝ ինչի շնորհիվ․ ինչ ուզում, ստանում է, ինչ էլ չի ստանում, փորձում է սպառնալիքի լեզվով խոսել։ Ես բազմիցս եմ պնդել, որ պետք է ոչ թե հայտարարություններով, այլ ստորագրված, երաշխիքներով փաստաթղթով բացառել ուժի սպառնալիքը կամ ուժի կիրառումը։ Սա պետք է լիներ ֆունդամենտալ նախապայման՝ ցանկացած գործընթաց սկսելու, բանակցություն վարելու համար։ Փաշինյանն ասում է, թե պայմանավորվածություններն այս կամ այն հանդիպմանը ֆիքսվել են, որ ուժի կիրառումը պետք է բացառել, բայց չէ՞ որ դրանք ստորագրված տեքստեր չեն, ընդամենը հայտարարություններ են։ Եվրոպան էլ է հայտարարություն անում, Եվրապառլամենտը կոչեր է անում, բայց դրանք մերժվում են, եւ Ալիեւի պահվածքը հենց դրա մասին է վկայում։ Հիմա թե Ալիեւի այդ ծանր հռետորաբանությունից հետո խաղաղությունը որն է, ինչի մասին է խոսվում, ես չեմ էլ պատկերացնում։

- Այսինքն, խաղաղության պայմանագիրը՝ Փաշինյանի վկայակոչած տարբերակով, ռեալ չե՞ք համարում։

- Եթե ինչ-որ բան էլ պետք է ստորագրվի, երաշխիքը չեմ տեսնում, ինչո՞վ է երաշխավորված, որ հաջորդ օրը նույն հայտարարությունները չեն հնչի։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, բայց դրանից՝ էլ շեղումներ, զեղումներ, ինչ ասես՝ չկա, մանավանդ Ադրբեջանի կողմից բազում չկատարված պարտավորություններ, դա էլ է, չէ՞, հայտարարություն, որը ստորագրվել է։ Հերիք չէ՝ դա չի կատարվում, նոր խոսույթ է օրակարգ բերվում՝ «Զանգեզուրի միջանցք», Արեւմտյան Ադրբեջանի գաղափարը, տեղահանվածները պիտի գնան իրենց հողերում ապրեն, նման հիմարություններ է բարձրաձայնում, որոնց մասին խոսք անգամ չկա, ոչ մի տեղ գրված չէ։ Ենթադրենք՝ խաղաղություն կոչված պայմանագիրը ստորագրվի, ո՞վ կարող է երաշխավորել, որ Ալիեւը նոր հայտարարություններ չի հնչեցնելու, նոր նարատիվներ առաջ չի բերելու, ավելի սրելով հռետորաբանությունը՝ այս կամ այն բանը կորզելու, պոկելու հերթական մոլուցքով։ Այս իրավիճակը նվեր է իրեն, ինքն էլ փորձում է առավելագույնս օգտվել, հասարակական այս պառակտված, թուլացած վիճակն իրենք էլ են, ի վերջո, տեսնում։ Հայաստանը, հայտնի պատճառներով, ամենաթույլ իրավիճակում է հայտնվել, եւ գնալով ավելի ենք մեզ թուլացնում։ Հիմա, օրինակ, այսօր կառավարության նիստում հայտարարություններ է արել, ինչ-որ տեքստ էր ընթերցում, որ ցեղասպանություն, էսկալացիա, բայց մենք, այնուամենայնիվ, պիտի խաղաղության օրակարգն առաջ տանենք։ Ո՞նց կարող ես դու խաղաղության օրակարգ տանես, երբ վերեւի հատվածում ասում ես, որ ցեղասպանության վտանգն է կախված։ Այսինքն, ուզում ես ասել՝ խաղաղությունն անում եմ, որ ցեղասպանությունը չլինի՞։ Բայց էլ ի՞նչ լեզվով ասեն, որ լինելու է, մարդիկ բերում են Արցախի՝ Ադրբեջանի հետ ռեինտեգրացիայի եւ հազար ու մի խոսույթներ, այստեղ էլ վստահեցնում են, թե ձեւախեղել են, նման խոսակցություն չի եղել։ Իհարկե, պիտի ձեւախեղեն ու պիտի նոր խոսույթ բերեն։ Իրենք հարցին ինստիտուցիոնալ են մոտենում․ ամենաաբսուրդ գաղափարն են դնում շրջանառության մեջ ու սկսում են իրենց հետագա անելիքները կառուցել դրա վրա։

- Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀ իշխանությունները հենց այնպես չեն սկսել խոսել էսկալացիայի, ցեղասպանության վտանգի մասին, գուցե տողատակերում հասկացնում են՝ եթե Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագիրը չստորագրենք, ցեղասպանություն է մեզ սպասվում։

- Ես կարծում եմ, որ հող է պատրաստում վաղն այդպես ասելու, որ, այ, տեսեք` եթե մենք բոլոր պահանջները կատարեինք, այսպես չէր լինի, տառապանքը փորձ ունի։ Բայց միեւնույն ժամանակ էլ ասում է՝ որ խաղաղության պայմանագիրը ստորագրեմ, դա չի նշանակելու, որ հաջորդ օրվանից խաղաղ ապրելու ենք։

- Իրավիճակից ելքն ինչպե՞ս եք պատկերացնում։

- Ես, իհարկե, պատկերացնում եմ, բայց շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում, որոնք ուղեղումս չեն տեղավորվում։ Ասենք, Բլինքենն ինչո՞ւ է ասել, որ շատ մոտ են խաղաղության պայմանագրին, Փաշինյանն էլ այսօր ասել է, որ լինելու է պայմանագիր՝ այն դեպքում, երբ Ալիեւն օրեր առաջ ասել է, որ չի լինելու, կլինի միայն իմ պայմաններով, հիմա ո՞վ է ճիշտ, ես դժվարանում եմ ասել։

- Դրա համար էի հարցնում՝ գուցե կա՞ աշխարհաքաղաքական զարգացումների այնպիսի կոնտեքստ, որ Ալիեւին հնարավոր լինի սանձել։

- Չեմ կարծում, ես դա չեմ տեսնում։