Անճաշակ ու պրիմիտիվ

Անճաշակ ու պրիմիտիվ

Էմոցիոնալ ազգ ենք՝ այսրոպեական, ռոմանտիկ գաղափարներով ոգեւորվող, ճարպիկների գցած խայծերը կուլ տվող եւ կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող։ Օրինակնե՞ր։ Հազարավոր։ Երեկ, օրինակ, համազգային ոգեւորություն, անգամ ցնծություն էր տիրում համացանցում, որ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, թե «ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության հուշարձանը»։ Ոչ թե վանդալիզմի դեմ պայքարն էր նման խինդն ու զմայլանք առաջացրել, այլ հուշարձանի հետ կապված «հայոց ցեղասպանություն» վաղուց փափագած տերմինի կիրառումը։

Վերջ՝ է՛լ ամերիկյան իշխանությունների ու անձամբ՝ Սպիտակ տան խոսնակի գովք եւ փառաբանում, է՛լ համազգային տոն ու երախտագիտության շռայլ դրսեւորումներ։ Շատ բան պետք չէ մեր ազգին գոհացնելու եւ նրա ազգային ինքնությունը շոյելու համար։ Եվ դա գիտեն նաեւ օտարերկրացիներն ու հմտորեն օգտվում են դրանից։ Իսկ կեղծ օրակարգերի պակաս մեզանում ուղղակի չկա։ Ինչպե՞ս կարող է լուրջ հասարակությունը մի քանի օր շարունակ քննարկել երգչի, անգամ՝ ամենահայտնի երգչի, հարցազրույցը, որտեղ նա ոչ մի ցնցող եւ արտառոց բան չի ասել, ընդամենը իր կարծիքն է արտահայտել որոշ հարցերի մասին։

Ինչո՞ւ պետք է մի ամբողջ ազգ դիտի ու քննարկի, ասենք, Յոժի՝ Սերգեյ Դանիելյանի, մեղմ ասած, ոչ այնքան որակյալ վիդեոները։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ ինչ-որ պղտոր մարդիկ ձայնագրեն մարդկանց մասնավոր խոսակցությունները, դրանք նետեն համացանց, եւ մի ամբողջ հանրություն մի քանի օր զբաղվի դրանց քննարկմամբ։ Բայց եթե անգամ կարելի է հանրությանը ներել ցածր ճաշակի ու նսեմ կրքերի համար, ի վերջո, հանրային բարձր գիտակցություն շատ քիչ երկրներում կա, ապա ոչ մի ներում չունի այն իշխանությունը, որը հրահրում է նման պահվածքն ու խրախուսում անճաշակությունը։