Անտերության եւ թշնամու արանքում

Անտերության եւ թշնամու արանքում

ՀՀ քաղաքացին բոլոր իրավունքներն ունի հարցնելու, նաեւ պահանջելու, թե ինչ իրավունքով է Ադրբեջանը GPS համակարգով վերագծում Հայաստանի սահմանները: Քանի որ այդ նոր սահմանազատումն իրականացվում է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ` զինվորականների ու պաշտոնյաների ներգրավմամբ, իսկ հայկական կողմից որեւէ ներկայացուցիչ չկա: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, ոչ թե Վրաստան-Ադրբեջան կամ Իրան-Ադրբեջան սահմանների մասին, որոնց տեղաշարժման դեպքում Հայաստանի կառավարության ներկայացուցչի ներկա չգտնվելն արդարացի կլիներ: Եվ այսպես, Ադրբեջանի բանակն ու իշխանությունը ներկայացնողների դիմաց միայնակ կանգնած է հայ գյուղացին, որին ասում են, թե քո տունն այլեւս քո տունը չէ, արագ հեռացիր, կամ` այս արոտավայրերն այլեւս քոնը չեն, անասուններիդ արածելու այլ տեղ գտիր: Լավագույն դեպքում ադրբեջանական GPS-ով կիսվող հերթական գյուղի գյուղապետն է կանգնում նրանց բանակի ու կառավարության դիմաց: Իսկ մեր պաշտպանության նախարարությունը միայն այն դեպքում է միջամտում, երբ դիրքերը լքել չցանկացող տղաներին հրամայում է թողնել եւ նահանջել, հակառակ դեպքում կհայտնվեն ադրբեջանցիների ծուղակում որպես գերի կամ կմնան կրակի տակ:  

Այնպիսի տպավորություն է, որ մենք ադրբեջանցիներին Աստծու հետ ենք շփոթել, ասում ենք` գծեք մեր սահմանները ձեր անքննելի եւ երկնային արդարությամբ, մենք վստահում ենք ձեզ: Իսկ մեր գյուղացին վիզը ծուռ տրտնջում է, որ մեր կողմից գոնե մեկը ձեւի համար լիներ, որպեսզի մեզ անտեր չզգայինք, որ իմանայինք՝ մենք էլ պետություն ունենք, մեզ պաշտպանող իշխանություն ունենք: Տեսախցիկի առաջ մեր սահմանամերձ գյուղի բնակիչը, անզորությունից ձեռքերը երկինք պարզած, հարցնում է` բա մենք հայկական ոչ մի բան չունե՞նք: Այդպես հարցնում էր հարյուրավոր տարիներ առաջ, երբ պետություն ու պետականություն չուներ, այդպես հարցնում է այսօր, երբ պետություն ու պետականություն ունի: Իսկ ո՞ւր է մեր կառավարությունը. սա էլ է հարցնում: Իսկ երեք երկրների հայտնի հայտարարության մեջ Հայաստանի սահմանների մասին ոչինչ չի ասվում: Ըստ այդ ստորագրված թղթի, հայկական ուժերը պետք է մնան այն բնագծերում, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին: Այդ նույն տրամաբանությամբ է, որ Շուշին ու Հադրութի շրջանը եւ Մարտունու շրջանի մի հատվածը, Թալիշն ու Մատաղիսը մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ: Մենք GPS-ը ձեռքներիս չենք գնում եւ ադրբեջանցիներին ասում` սա բուն ԼՂՀ տարածք է, արագ հեռացեք այստեղից: Իսկ երբ հարցնում են մեր վարչապետին, թե ինչ հիմքով է Վարդենիսում եւ Սյունիքում հայկական դիրքեր ու բնակավայրեր հանձնում թշնամուն, պատասխանում է, որ բանավոր պայմանավորվածությամբ: Հայտարարությունում նույնպես բանավոր պայմանավորվածության մասին կետ կամ հղում չկա:  

Ալիեւի GPS-ը հասավ Ներքին Խնձորեսկ, համայնքը հանձնեց պաշտպանական դիրքերը եւ արոտավայրերը: Վարդենիս, Սյունիք... այդպես GPS-ը հասնելու է Տավուշ` մերկացնելով Հայաստանի սահմանները պաշտպանական դիրքերից եւ դարձնելով բոլորովին խոցելի ու բաց թիրախ թշնամու հրազենի համար: Այս հայրենատվության երկու տարբերակ կա: Առաջին. Հայաստանում չկա իշխանություն, երկրի համար պատասխանատվություն կրողներ: Երկրորդ. Հայաստանի իշխանությունը գործում է Ադրբեջանի իշխանության հրահանգով: Երրորդ տարբերակ էլ կա. փորձաճագարի վերածված հայ ժողովուրդը դեռ որքա՞ն է իր տունը, արատավայրը, ճանապարհն ու պաշտպանական դիրքերը տալու թշնամուն եւ արտագաղթելու: Եթե երկիրն անտեր է, ժողովուրդը մինչեւ վերջ է տալու եւ հեռանալու:

Հուսիկ Արա