Իրենց վախկոտությունը թաքցնում են այդպիսի անորոշ, տափակ պատասխանների տակ
Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը վաղ առավոտյան հարձակվեց Հայաստանի վրա։ Արդյունքում ունեցանք մեծ թվով զոհեր, գերևարվածներ, անհետ կորածներ, որոնց թիվը, սակայն, իշխանություններն այդպես էլ հստակ չհրապարակեցին՝ անհայտ մնացին նաև զոհվածների անունները։ Պատերազմի արդյունքում ունեցանք տարածքային կարևորագույն կորուստներ։
Սեպտեմբերի 13-ի դեպքերի մասին զրուցեցինք Արցախյան պատերազմների ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի հետ։
-Մինչ այդժմ չի հրապարակվել նահատակների ոչ հստակ թիվը, ոչ անունները։ Արդյոք մենք չպե՞տք է իմանանք մեր հերոսների անունները։
-Այսօր հերոսների ժամանակը չի։ Այսօր գոնե մեր հայրենիքը կարողանանք պաշտպանել․ հասկանում եք, մարդիկ այնպես են արել, որ հերոս բառը, լավ զինվոր, քաջ բառը դարձել է վանելի, վանում է իրենց իրականությունից։ Զինվորն ասում է՝ մարդիկ չեն ցանկանում իրենց երկիրը պաշտպանեն, իրենց հայրենիքը պաշտպանեն՝ թողել են բախտի քմահաճույքին։ Դրա համար էլ ոչ մեկի անունը չեն տալիս, ոչ մեկին չեն ուզում գովել, բանակն էլ չեն ուզում կարգի բերել։ Իսկ իրականում մեր տղաներն արել են այն, ինչը որ մենք պարտավոր էինք այդ 44-օրյա պատերազմի ժամանակ անել։ Իրավիճակը ցույց տվեց, որ Ադրբեջանն առանց արտաքին ուժերի միջամտության, առանց արտաքին ուժերի աջակցության չի կարող ոչ մի վնաս տալ մեզ։ Նրանք ցանկանում էին սեպտեմբերի 12-ի ռևանշով կիսել Զանգեզուրը և կանգնեցնել մեզ փաստի առաջ, որ մենք ստիպված լինեինք այդ կապիտուլյացիան, որը հանձն են առել մեր պարտվողական իշխանությունները, ստորագրվեր։ Բայց այդ տղաների հերոսական կռիվը թույլ չտվեց, որ այդ ճանապարհը փակվի՝ դա մեկ, երկրորդն էլ, տղաները ապացուցեցին, որ Ադրբեջանը ընդունակ չի միայնակ մեզ հաղթել՝ դա հնարավոր բան չի։ Այս իրավիճակում անգամ Ադրբեջանը ընդունակ չի մեզ հաղթելու՝ այդ մարդիկ դա ապացուցեցին և անմահացան, այնպես որ անմահ մարդիկ կարող են մարդկանց անմահ անել։ Իսկ դրանք վաղը պատմության էջերից պետք է դուրս գան, նրանք չպետք է մարդ մեծարեն, մարդ մեծարելու համար դու պետք է մեծ լինես, տառականը, ճիճուն չի կարող մարդ մեծարել։
-Սեպտեմբերյան պատերազմից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարեց, թե իրենք կսպասեն մինչև ադրբեջանցիները սովածանան ու հեռանան։ Սովածացա՞ն, ի վերջո, ադրբեջանցիները, թե ոչ։
-Գիտեք, անպատասխանատու մարդիկ են, իրենք ոչինչ չեն որոշում, այդ հարցի պատասխանը չունեն։ ԳՇ պետը եթե իրավունք ունենար պատասխան տալու, կասեր՝ ժողովուրդ ջան, կշրջապատենք, կպարտադրենք, գերի կվերցնենք, կփոխանակենք և իրենք կգնան։ Բայց քանի որ ինքը հրահանգ չունի և ինչ իրեն ասում են՝ դա անում է, այդպիսի անորոշ, տափակ պատասխան է տալիս։ Մի զարմացեք, միայն ինքը չի, այսօր այնքան կան այդպիսի զինվորականներ, այդպիսի հիմար-հիմար պատասխաններ են տալիս, դա նշանակում է այն, որ կարող է մի օր գան, գրավեն մեր տունը, ասեն՝ կգնան էլի մի օր՝ ի՞նչ է եղել։ Մարդիկ կան, ասում էին՝ Վանը մերն է, Ղարսը մերն է, Մուշը մերն է, բայց ո՞ւր են դրանք, ուզում եմ ասել, մարդիկ կան այդ ամենի հետևում պախկվում են, իրենց վախկոտությունը թաքցնում են, իրենց շահը պարտակում են, նա շահ ունի դրանից ու այդպիսի անորոշ, տափակ պատասխան է տալիս՝ պատճառը միայն դա է։ Մենք չունենք, չունեցանք այն սպայական կազմը, չկարողացանք ստեղծել, որ լինի առաքինի և մարդ։ Մարդ որ հասկանա` խոսքի արժեքից վեր կարևոր բան գոյություն չունի։ Քանի որ խոսքն արժեք չունի, մարդիկ այդպիսի անորոշ պատասխաններ են տալիս, որպեսզի տվյալ պահին իրենց աթոռները հաստատուն լինեն: Տվյալ դեպքում իրենց աթոռների մասին է խոսքը, որ իրենց աթոռները հաստատուն լինեն, ուրիշ բան չկա դրա մեջ։
-Բայց եթե հայրենիք չլինի էլ ի՞նչ աթոռ։
-Իրենց համար դա կարևոր չի՝ հայրենիքի լինելը, դրանք հայրենիքը շուտ են մոռացել։ Ամեն մարդ ընդունակ չէ հայրենիք սիրել, հասկացեք։ Մարդիկ կան աթոռի համար են ծառայում, միայն որովայնները լցնեն, նրանց համար ի՞նչ հայրենիք։ Նրանք մտածում են՝ գաղթելով եկել են, էլի կգաղթեն, հասկանո՞ւմ եք։ Չեն հասկանում, որ իրենք իրենցից հետո ավերվածություններ են թողնում, ավերում են երկիրը, իրենց երեխաների, թոռների ճակատագիրը տալիս են ոտի տակ, պատիվը, նամուսը, իրենց համար հետաքրքիր չի։ Նրանց ստամոքսը գոռում է՝ հաց։
Կարծիքներ