Իշխանությունն իր անելիքները դրել է ռուս խաղաղապահների վրա

Իշխանությունն իր անելիքները դրել է ռուս խաղաղապահների վրա

«Արցախի իշխանությունները, գազատարի վերականգնման աշխատանքների հետ կապված, որեւէ նշանակալի քայլեր չեն ձեռնարկում։ Համենայնդեպս, այս պահին, բացի ձնամաքրման աշխատանքներից, որեւէ բան չենք տեսնում, որն ակնհայտ կլինի։ Դրա փոխարեն հեշտ, կարճ լուծումներ են գտնում։ Օրինակ, դասապրոցեսը սկզբում դադարեցված էր գազի պատճառով, հիմա, ելնելով եղանակային պայմաններից եւ կրկին գազի չլինելու պատճառով, հետաձգվեց մինչեւ հաջորդ երկուշաբթի։ Փոխարենը որեւէ լուծում գտնեն, գնացին հեշտ տարբերակի՝ դադարեցնել դասերը»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն»  խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մինչդեռ, ըստ Հակոբյանի, կային դպրոցներ, որոնք ի վիճակի էին ապահովել ջեռուցման խնդիրը, այսինքն՝ ունեին գեներատորներ։ Իսկ մյուս դպրոցները, որոնք միացված էին ընդհանուր համակարգին, կարող էին այլընտրանքային տարբերակներ գտնել, ոչ թե դադարեցնել դասերը։ «Եթե էլեկտրաէներգիայի խնայման մասին են խոսում, ապա հնարավորություն ստեղծեին, որպեսզի մարդիկ տներում պրոպան գազով կարողանային, ենթադրենք, ճաշ պատրաստել, ջուր տաքացնել եւ այլն։ Դրանք հեշտ կարգավորվող, կազմակերպվող աշխատանքներ էին, որոնք առանց մեծ գումարներ ծախսելու, հնարավոր էր իրականացնել եւ իրականում նաեւ ադրբեջանցուն ցույց տալ, որ մեզ չեն կարող ճգնաժամի մեջ գցել՝ նման կենցաղային խնդիրներ առաջացնելով, ինչը չի անում իշխանությունն այս պահին։ Ուղղակի ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում ենք, ո՛չ էլ  ձայները կա իշխանության։ Այս վերջերս էլ սովորել են՝ անունը դնելով «գլուխներս կախ աշխատում ենք, եւ պարտադիր չի խոսենք այդ մասին» արտահայտությունն են ասում։ Բայց առանց խոսելու գոնե պիտի տեսնեինք»,- ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն ընդգծում է, որ իշխանությունն ընդամենը ուղղորդում է դեպի ռուս խաղաղապահները՝  ներկայացնելով այնպես, որ այլեւս ինքն անելիք չունի, մնացածը ռուս խաղաղապահների գործն է։ Ռուս խաղաղապահները պիտի բանակցեն ադրբեջանցիների հետ, ապահովեն մեր անվտանգությունը  եւ այլն։

«Այսինքն, արդեն անհասկանալի է դառնում, թե ինչի համար է մեզ պետք մեր կառավարությունը։ Երեկ էլ իշխանության անդամներից մեկն ասում է՝ մենք առանց գազ էլ կարող ենք ապրել։ Այդ դեպքում ինչի՞ համար են իրենք նստած էլեկտրաէներգիայով սնվող տաք առանձնասենյակներում։ Իշխանությունն ամբողջ օրը լարված հետեւում է ընդդիմության քայլերին, թե ինչ արեց ընդդիմությունը, ինչ խոսեց, այլ անելիք կարծես չունեն։ Բայց, մյուս կողմից էլ, գոնե ընդդիմությունն այնքան սթափ է, որ չի մոռանում ոչ մի բանի մասին։ Մենք ունենք այնպիսի թշնամի, որի յուրաքանչյուր քայլը հաշվարկված է, յուրաքանչյուր գործողության հետեւում պետք է սպասել հաջորդ գործողությանը, եւ ցավալին այն է, որ ընդդիմությունը դա հասկանում է եւ պլանավորում է։ Մենք հասկանում ենք, թե թշնամու հաջորդ հնարավոր քայլը որը կլինի, բայց իշխանությունը միայն ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ կանի, կանցնի-կգնա»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Մեր այն հարցին, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը՝ տեսնելով ներկայիս իշխանությունների անգործությունը, Արցախի պատգամավորն ասաց, որ իրենք երեկ հնարավորություն են ունեցել սոցիալական հարցերի եւ առողջապահության մշտական հանձնաժողովների օրակարգային նիստին հրատապ սոցիալական խնդիրների կարգավորումներ մտցնել։ «Ունենք բավականին զանգեր բնակիչների կողմից, որ գազի դադարեցման պատճառով սպառվել է իրենց ձեռք բերած վառելափայտը, որը նախատեսել էին մինչեւ տաքերն ընկնելը օգտագործել։ Առաջարկել ենք, որ թիրախային ընտանիքներին գոնե ինչ-որ օգնություն ցուցաբերեն, ինչ հնարավոր միջոց որ կա՝ փայտ կամ գազի բալոնների տեսքով։ Խոստացել են, որ դեռ պիտի ուսումնասիրեն։ Մեր կառավարությանը շատ դժվար է գտնելը, նույնիսկ եթե գրավոր ես ուղարկում, իրենք բոլոր կանոնները պահում են, լավագույն դեպքում 14 օր հետո կպատասխանեն։ Դե, ժպտում են, խոստանում են, բայց․․․»։

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ սոցապնախարարը երեկվա նիստում հայտարարել է, որ մինչ գազատարի միացումը 100 գազի բալոն բաժանվել է բնակիչներին, ունեն եւս 100-ը՝ պահեստավորած, որոնք եւս բաժանելու են։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, դա էլ բավարար չի լինի։ Մեր այն հարցին, թե գազի բալոնների լիցքավորումն ինչպես է իրականացվում, եթե պրոպան գազի երկու լցակայանից ընդամենը մեկն է այս պահին աշխատում Արցախում, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ դա էլ է մեծ խնդիր, քանի որ դրա պաշարներն էլ են սպառվում։ «Անգամ այս հասարակ հարցերում կառավարությունն ինչ-որ մի ձեւով չի կարգավորում։ Ընդամենը սրանք կազմակերպչական հարցեր են՝ առանց մեծ ջանքեր պահանջելու»։

Խոսելով ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ Շուշի կատարած այցի մասին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախում այլեւս չեն զարմանում նման այցերից։ «Բարկանում ենք, մեկնաբանություններ անում, իհարկե, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, որեւէ կանոնի այլեւս չի ենթարկվում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցով Շուշի իրենք լեգիտիմացնում են, ընդունում են այն, ինչն արեց Ադրբեջանը։ Այսինքն՝ այստեղ ապրելու միջազգային իրավունքների ոտնահարում, ֆոսֆորային եւ արգելված զինատեսակների օգտագործումը հենց Շուշի քաղաքում։ Ամեն բան այսօր աշխարհն անում է իր շահից ելնելով, եւ իրենց շահի մեջ, փաստորեն, ո՛չ խաղաղությունն է, ո՛չ խաղաղասիրությունը, ո՛չ հումանիզմը, ո՛չ ընդհանրապես մարդը, դրանք այլեւս արժեքներ չեն։ Դա պետք է փաստել եւ պետական մակարդակով, արտգործնախարարներին, երկրների առաջին դեմքերին նաեւ լսելի դարձնել մեր կարծիքն իրենց մասին»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։