Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ հեղափոխության մասին…

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ հեղափոխության մասին…

Նորություն չէ, որ ով ինչից խոսում է, լավ, թե վատ իրավիճակներում, վարչապետ Փաշինյանը խոսում է 2018թ․ «հեղափոխությունից» եւ դա ներկայացնում է որպես դարակազմիկ, «աշխարհաստեղծ» իրադարձություն: Երեկ ԱԺ-ում քննարկվում էր կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն մտցնելու հարցը: Մեր երկրում, փաստորեն, կորոնավիրուսի տարածումը, ըստ Փաշինյանի, նույնպես «հեղափոխության» եւ դրա հետեւանքով իշխանության եկած կառավարության լավ աշխատանքի «շնորհիվ» է. վերջապես մարդամեջ ենք դուրս եկել, հզոր պետությունների հետ ենք ոտք մեկնում, քանի որ վիրուսը տարածված է հիմնականում զարգացած երկրներում: Նշելով, որ վիրուսը տարածված է 158 երկրում, վարչապետը թվարկեց զարգացած երկրները՝ Նորվեգիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա, Իսրայել, Իռլանդիա: Թվարկեց նաեւ, թե որտեղ որքան հիվանդ ու մահ է արձանագրվել: 

«Մենք մեղավո՞ր ենք, որ ավիացիոն ցանցն ընդլայնել ենք, Հայաստանում զբոսաշրջային գրավչությունն ընդլայնել ենք: Պատկերացրեք, Հայաստանում կորոնավիրուսը զրո է արձանագրվել, զբոսաշրջությունը նույն վիճակում է, արտաքին տնտեսական միջավայրը նույն վիճակում է, եւ պահում ենք զրո կորոնավիրուս, եւ տնտեսական ահավոր միջավայր, ոչ մի զբոսաշրջիկ չկա… Մենք այդ պարագայում տուժում ենք երկու անգամ: Մեր խնդիրն այն է, որ մահվան դեպքեր չարձանագրվեն»։

Փաշինյանի համար ողբերգություն չէ վարակակիրների ավելացող ցուցանիշը. «15 դեպք էսօր ա արձանագրվել, վաղն էլ կարող ա 15 դեպք արձանագրվի, ոչ մի ողբերգություն դրանից պետք չէ սարքել»: Հետո տողատակով հիշեց ու հիշեցրեց, թե բա լա՞վ էր, որ Սերժի ժամանակ այդքան H1N1 վիրուսից մարդ էր մահանում: Ու թվարկեց, թե որ թվականին որքան մարդ է մահացել այդ վիրուսից: Սրանով Փաշինյանը հակասեց ինքն իրեն. Փաստորեն, Սերժի ժամանակ էլ էինք զարգացած երկիր: Վարչապետը լավատես է եւ հույս ունի, որ այս իրավիճակից մենք դուրս ենք գալու տնտեսապես հզորացած. «Մեր ռազմավարական մոտեցումը հետեւյալն է. մենք այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ հանրային, ե՛ւ առողջապահական իմաստներով։ Ես կառավարության նիստում էլ ասացի՝ հաշվարկները ցույց են տալիս, որ 2020 թվականի ընթացքում կամ ճգնաժամի հետեւանքով աշխարհի համախառն արդյունքը կրճատվելու է շուրջ 2 տրիլիոն դոլարով։ Սա նշանակում է, որ տնտեսական դաշտում այդքան տարածք նաեւ ազատվելու է։ Իհարկե, մենք էլ ենք վնասվելու, բայց նաեւ որոշակի տարածքներ են ազատվելու, եւ մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու այդ տարածքներում Հայաստանի տնտեսական ներկայությունն ավելացնելուն եւ Հայաստանում տնտեսական գործունեությունն առավելագույնս խթանել»։

Իր եզրափակիչ ելույթը Փաշինյանն ավարտեց հեղափոխական տրամադրությամբ. «Եկեք արձանագրենք, որ մենք թեակոխեցինք նոր դարաշրջան, նոր կանոններով, եւ սա փորձենք տեղավորել մեր հեղափոխության տրամաբանության մեջ, որտեղ պարզ է, որ հին հարաբերություններն աշխարհում քանդվելու են, եւ եկեք այնպես անենք, որ այդ փլատակների տակ չմնանք»: