Անհետ կորած զինվորի մորը խեղդում են՝ որդու վարկերն են ուզում

Անհետ կորած զինվորի մորը խեղդում են՝ որդու վարկերն են ուզում

«Անդրանիկն էնքան լավն էր, թուրքի գյուլլեն իրան չէր կպնում»,- Զորավար Անդրանիկի մասին ասված խոսքն անհետ կորած Անդրանիկ Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Պողոսյանը, լսել է իր սկեսուրից: Անդրանիկ զորավարի պես հայրենասեր էր նաեւ իր որդին: Ապացույց՝ որ Սպիտակի քանդակի դպրոցում հայրենասիրական թեմաներով քանդակներ էր սարքում, գոբելեն ունի՝ Անդրանիկին նվիրված: Այս հուշերն այսօր Մարինեի համար ճակատագրական նշաններ են: Վերին ուժերն էին այդպես որոշել, որ իր Անդոն գնա հայրենիքը պաշտպանելու: Հիշում է, որ Անդրանիկը շատ էր ուրախացել, երբ զորակոչվել էր բանակ: 

Անդրանիկ Հովհաննիսյանի ծառայությունը հարթ չի անցել: 6-7 ամիս հետո Անդրանիկն ընկել է Կանազի հոգեբուժարան, այնտեղից էլ վերադարձել տուն: Մարինեն պատմում է, որ որդին տեսել է, թե ինչպես են զորամասում նեղացնում ընկերոջը, չի դիմացել, կատաղության նոպայի մեջ իրեր է ջարդել: Ագրեսիվ պահվածքի, հոգեկան խնդիրների պատճառով զորացրվել է, հաշմանդամության երրորդ կարգ ստացել, եւ սեպտեմբերին, երբ սկսվել է պատերազմը, Անդրանիկին միանգամից թույլ չեն տվել մեկնել ռազմաճակատ: Վանաձորում ասել են, որ իրեն «հիմա» չեն տանի, պետք է սպասի՝ հետո կտանեն: Ստիպված՝ գնացել է Ստեփանակերտ, այնտեղ գրանցվել, կամավորագրվել: Անդոյի հետ մեկնած տղաները վերադարձել են վիրավոր: Մորը պատմել են, որ վերջին անգամ Անդոյին տեսել են հոկտեմբերի 4-ին, Ջեբրայիլում: Արդեն 6 ամիս է՝ Մարինեն որդուց լուր չունի: 

Անդոն գնացել է պատերազմ՝ մորը թողնելով պարտքերն ու տուգանքները: «Որդիս սրտացավ տղա էր, նա դեռ պատերազմից առաջ տարբեր մարդկանց համար երաշխավոր էր կանգնել բանկերում: Բայց ընկերները գումարները չէին փակվել, ու ամբողջը մնաց Անդոյիս վրա»,- պատմում է Մարինեն: Չի հասկանում՝ եթե պատերազմի մասնակիցների վարկերն ու պարտքերը «ջնջվում» են, իր որդունն ինչո՞ւ չեն «ջնջել»: Ճշտեցինք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը պարտավորություններ ունի որոշ բանկերի և  ֆինանսական կառույցներից մեկի նկատմամբ, որտեղ ոչ թե երաշխավոր է, այլ վարկառու: Վերջինս բազմիցս ընդառաջել է Անդրանիկին, սակայն նա երկու թանկարժեք հեռախոս է վերցրել «Մոբայլ ցենտր»-ից և ոչ մի վճարում չի  կատարել: 

Բանկը, որը «օնլայն» վարկ է տրամադրել հաշմանդամության նպաստ ստացող գործազուրկին, մեծահոգաբար համաձայնել է Անդրանիկի մեկ միլիոնից ավելի վարկը նվազեցնել մինչեւ 700 հազար, միայն թե Մարինեն բերի փակվի: Բայց Մարինեի համար, որը չի աշխատում, ու որի ապրուստի միակ միջոցը որդու հաշմանդամության նպաստն է եղել՝ 26 հազար դրամի չափով, 1 մլն ու 700 հազար դրամը նույնն են: Ո՛չ մեկը կարող է վճարել, ո՛չ էլ մյուսը: Նա խնդրում է, որ գոնե որդու անհետանալուց հետո այդ պարտքերը զրոյացնեն: Նա ոչինչ չունի, բացի Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցում գտնվող մեկ սենյականոցից, որը եթե բանկը խլի, մնալու է փողոցում:  

2019 թվականին որդին փայտ էր գնել: Տուն տանելիս բռնվել էր: Սպիտակի ոստիկանները պահանջել էին, որ ասի, թե ով է իրեն ապօրինի հատված փայտանյութ վաճառել, բայց Անդոն իր վրա էր մեղքը վերցրել: «Ո՞նց կլինի, որ գնար ոստիկանություն, գործ տար, ասեր՝ էսինչ մարդուց եմ առել: Ասեց՝ մամա, մի խառնվի, ես ոչ մեկի անունը չեմ տալու»,- պատմում է Մարինե Պողոսյանն ու կրկնում այս նույնը մի քանի անգամ, խնդրում, որ իրեն անպայման հավատամ:  

Լոռու մարզի դատարանը Անդրանիկին մեղադրել էր Վանաձորի անտառտնտեսությունից մեկական բոխի, թխկի ու լորենի սղոցելու մեջ ու տուգանել 500 հազար դրամի չափով: Այս 500 հազարն էլ Մարինեն պետք է մուծի, երբ անգամ որդու հաշմանդամության նպաստը՝ 26 հազար դրամն էլ չի ստանում: Ինչո՞ւ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ պատասխանեցին, որ Անդրանիկ Հովհաննիսյանի՝ հաշմանդամության նպաստ ստանալու ժամկետն ավարտվել է դեկտեմբերին: «Նա կրկին պետք է բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվեր, բայց նա, փաստորեն, չկա: Դա է պատճառը, որ նպաստ չի ստացել»,- տեղեկացրեց նախարարության մամուլի պատասխանատուն: Բանկերի պարզաբանումները եւս կփորձենք ստանալ:

Հ.Գ. Բանկերից մեկը, որտեղ անհետ կորած Անդրանիկ Հովհաննիսյանը վարկառու է հանդիսանում, հենց այսօր զրոյացնելու է Անդրանիկ Հովհաննիսյանի պարտքը: Մեզ պատասխանեցին, որ Անդրանիկ Հովհաննիսյանը զիջման ենթակա վարկառուների ցուցակում էր, ուստի սույն հրապարակման մեջ բանկի անունը չենք նշել: «Ակբաբանկից» պարզաբանեցին, որ Անդրանիկ Հովհաննիսյանին որպես երաշխավոր վճարում կատարելու պարտավորության վերաբերյալ դատարանի վճիռը եղել է օգոստոսին, որ Բանկը տեղյակ չի եղել, որ Հովհաննիսյանը անհետ կորած է: Բանկից խորհուրդ տվեցին Անդրանիկի մորը պաշտպանության նախարարության կողմից տրամադրած տեղեկանքն առ այն, որ իր որդին անհետ կորած է ներկայացնել բանկի Լոռու մարզի մասնաճյուղ: «Իր անձնագրով, տղայի փաստաթղթերով թող մասնաճյուղին դիմում ներկայացնի: Կարող է նաև դիմել առցանց»: