Ո՞վ առաջինն ուշքի կգա

Ո՞վ առաջինն ուշքի կգա

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանին ռազմական օգնությունը վերահսկելու մասին օրենսդրական փոփոխությունների քննարկման նախօրեին Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որ այդ երկրի ինստիտուցիոնալ ընդդիմությունն է, դիմել էր ամերիկյան օրենսդիրներին՝ խնդրելով չընդունել դրանք, որպեսզի «չվտանգվեն տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերը»: Հայտարարությունն, իհարկե, կոշտ ձեւակերպումներ էր թույլ տվել Իլհամ Ալիեւի հասցեին, բայց ենթատեքստն այն էր, որ «ռեժիմը ժամանակավոր է, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի քաղաքական շահը՝ մշտական»:

Ի՞նչ դերակատարություն են ունեցել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Արեւմուտքն առհասարակ, որպեսզի Ադրբեջանը ոտքի կանգնի 90-ականների ծանր պարտությունից հետո, կազմակերպվի որպես պետություն եւ տարածաշրջանային հավակնություններ դրսեւորի՝ այլ թեմա է: Պետք է միայն արձանագրել, որ անցած քառորդ դարում Արեւմուտքը մշտապես մենակ է թողել ադրբեջանական ընդդիմությանը, աչք փակել բռնապետության անմարդկային արարքների հանդեպ: Այսօր իրավիճակ չի փոխվել: Ադրբեջանի ժողովրդական ճակատի տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվել: Նախապես նրանք մեղադրվում էին «հասարակական կարգը խախտելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ»: Դա այն օրերին էր, երբ Տավուշում կրած պարտությունից հետո Ալիեւն ընդհատակ էր անցել: Այնուհետեւ, երբ նա սկսեց անհոդաբաշխ խոսել, մեղադրանքը վերաորակավորվեց «զանգվածային անկարգությունների հրահրման»: Երեկ Ալիեւը հայտարարել է, որ տեղի է ունեցել «պետական հեղաշրջման փորձ»:

Հայտնի է, որ մի խումբ ցուցարարներ ներխուժել են Միլլի մեջլիսի շենք, վնասել գույքը: Համացանցում նույն օրը լուսանկար էր տարածվել, որտեղ իրազեկ մարդիկ ճանաչել էին ՊԱԾ գեներալ, Ալիեւի հորաքրոջ որդի Ռաուֆ Խալափովին: Կա տեսագրություն, թե ինչպես է նա ուղղորդում ցուցարարներին: ՊԱԾ-ը ստիպված էր ընդունել, որ Խալափովն, իրոք, այդ գիշեր եղել է խորհրդարանի շենքում, բայց՝ «ի կատարումն ծառայողական պարտականությունների, որպեսզի իրավիճակի հետագա սրացում թույլ չտա»: Բաքվում հակահայկական ցույց կազմակերպվել է Ալիեւի հրահանգով: Պարզապես այն կարճ ժամանակ անց կարող էր վերածվել հակաիշխանական հուժկու հանրահավաքի: Զգալով այդ սպառնալիքը, հատուկ ծառայությունները սադրել են Միլլի մեջլիսը «գրավելու» գործողություն եւ դաժանորեն ցրել ցույցը: Ներկայումս Բաքվում իսկական վհուկորս է: Փողոցներից բերման են ենթարկում երիտասարդների եւ նրանց կտտանքների ենթարկելով՝ ստիպում ցուցմունք տալ ԱԺՃ առաջնորդ Քերիմլիի դեմ:

Վերջինս, ամենայն հավանականությամբ, կկալավորվի եւ նրան կմեղադրեն պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Ի՞նչ կեցվածք կընդունի ընդդիմությունը: Վերլուծաբանները համարում են, որ Ադրբեջանում ընդդիմությունը հիմնականում «գրպանային է»: Միակ քաղաքական ուժը, որ մերժել է իշխանության հետ համագործակցությունը՝ Ժողովրդական ճակատն է: Բայց դա ոչ թե սկզբունք, այլ ավելի թանկ վաճառվելու կեցվածք է: ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլին կոալիցիոն կառավարության գաղափարի կրողն է եւ իրեն տեսնում է առնվազն վարչապետի պաշտոնում: Ալիեւը նրան անվանել է «վախկոտ դավաճան»՝ մեղադրելով 90-ականների տարածքային կորուստների համար: Քերիմլիին պետական հեղաշրջման մեջ մեղադրելով՝ Ալիեւը պարզապես լռեցնում է նրան, որպեսզի Տավուշի պարտությունից հետո չարժանանա «վախկոտ դավաճան» որակման: Սա իրավիճակ է, որ վիշեցնում է Բրեժնեւի մասին անեկդոտը: Երբ պետական միջոցառման ժամանակ սխալմամբ այլ տեքստ է կարդում, նա հետո իր օգնականին ասում է. «Որ դու հիմար ես, գիտեի, բայց որ ես եմ հիմար՝ իմացավ ամբողջ երկիրը»: Քերիմլիին եւ մյուսներին հնարավոր է բռնությամբ, կաշառքով, կոչում շնորհելով կամ բնակարան նվիրելով լռեցնել, բայց հո ադրբեջանական ժողովուրդը գիտի՞, որ գերագույն գլխավոր հրամանատար չունի, եւ անպարտելի բանակի առասպելը եւս մեկ անգամ պսակազերծված է: Այնպես որ, ադրբեջանական ընդդիմությունն էլ ալիեւյան իշխանության «աճեցրած պտուղն է»: Նրա ժամանակը նույնպես սպառված է: Ադրբեջանում ամեն ինչ անցյալ է՝ իշխանությունը, տնտեսությունը, բանակը, քաղաքական համակարգը: Այդ երկիրն ապրում էր իռացիոնալ կյանքով: Վերջին իրադարձությունները սառը ցնցուղ էին: Առաջինն ով ուշքի գա՝ նա էլ կդառնա իրադրության տերը: