Ոստիկանապետը ժողով է արել եւ հրահանգել ընտրել նախկին ՀՀԿ-ականին

Ոստիկանապետը ժողով է արել եւ հրահանգել ընտրել նախկին ՀՀԿ-ականին

Նոյեմբերյան խոշորացված համայնքի նախընտրական փուլն անցնում է խայտառակ ճնշումների եւ խախտումների ուղեկցությամբ։ Այստեղ միավորվելու են 19 գյուղ եւ 2 քաղաք։ Այսինքն, ըստ էության, վերականգնվում է Սովետական Նոյեմբերյանի շրջանը։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 ուժ՝ Քաղպայմանագիրը՝ նախկին ՀՀԿ-ական Կարեն Աբազյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիրը»՝ Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ եւ «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ Մհեր Աղամյանի գլխավորությամբ։ Վերջին երկու թեկնածուները, կարելի է ասել, միավորել են իրենց ուժերը՝ իշխանության խախտումների դեմն առնելու համար, սակայն ուժերն անհավասար են։ ՔՊ-ն գործի է դրել իր ողջ ծանր հրետանին, որպեսզի Նոյեմբերյանում ընտրվի նախկին ՀՀԿ-ականը։

Նոյեմբերի 28-29-ին Նոյեմբերյան է գործուղվել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը հավաքել է ոստիկանության բոլոր աշխատողներին, ժողով է արել եւ ուղիղ տեքստով սպառնացել, որ եթե չընտրեն իրենց թեկնածուին՝ աշխատանքից կզրկվեն։ Իսկ ոստիկանների մեջ մեծ թվով մարդիկ կան, որոնք մյուս թեկնածուների կողմնակից են եւ չեն պատրաստվում ընտրել Աբազյանին։ Ավելին՝ ժողովի մանրամասները ներկայացրել են ՔՊ թեկնածուի մրցակիցներին։

Բացի սպառնալիքներից, իշխանությունը նաեւ կաշառելու մեթոդն է կիրառում։ Նոյեմբերի 30-ին, օրինակ, Այրում համայնքի համայնքապետ Արայիկ Պարանյանը 26 հոգու դրամական օգնություն է տրամադրել՝ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ։ Այսինքն յուրաքանչյուրին ուղիղ այն չափով, ինչքան գնահատվում է մեր երկրում մեկ քվեն՝ 20-30 հազար դրամ։ 

Երեկ ՏԻՄ ցուցակները գլխավորող Արսեն Աղաբաբյանը եւ Մհեր Աղամյանը այս եւ այլ փաստերի առիթով դիմում են գրել Ընտրատեղամասային հանձնաժողովին՝ Այրումի համայնքապետի «բարեգործությունը» որակելով որպես ընտրակաշառք։ Ըստ օրենքի, ԸԸՀ-ն այսօր պետք է քննարկի նրանց դիմումը եւ որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրում են խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ իր համայնքի բնակիչներին դրամական աջակցություն տրամադրելու համար եւ նա արդեն մոտ 5 ամիս է կալանավորված է նույն արարքի համար, ինչն այսօր իրականացվում է ՔՊ-ի կողմից, օրինակ, Նոյեմբերյանում։