Երասխում ապագան շարունակում է նույնը մնալ. մեղավորներն են փոխվել

Երասխում ապագան շարունակում է նույնը մնալ. մեղավորներն են փոխվել

Երեկ Երասխում նորից կրակոցներ էին հնչում։ Նախ՝ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Երասխի հարեւանությամբ գտնվող Արմաշի ձկնաբուծարաններում եւ կողքի Սուրենավան գյուղում են արդեն լսվում կրակոցներ։ Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, սակայն, մեզ վստահեցրեց, որ իրենց գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել, պարզապես, քանի որ գյուղը մոտ է սահմանին՝ եթե Արմաշի լճերի մոտ են կրակում, իրենց մոտ լսվում է։ Այցելեցինք Երասխ։

Նախ մտանք Արմաշի դաշտերը՝ զրուցելու դիրքերից քիչ հեռու, բաց դաշտում աշխատող արմաշցիների հետ։ Լոլիկի դաշտում Սուրիկ անունով մի տղամարդ մեզ ասաց, որ ամենաներքեւում գտնվող «Գազան» անունով դիրքի մոտ են կրակել՝ Երասխի տակ, որտեղ նաեւ Արմաշի լճերն են գտնվում։ Կրակոցներն իրենց մոտ պարզ լսվել են։ «Մոտ մի երկու ժամ կրակեցին, ավարտվեց։ Տարբեր զենքերով էին կրակում՝ ավտոմատ, պուլիմյոտ, մեկ էլ, երեւի, ДШК էր, ինչ էր։ Էս երկու օր է՝ կրակոց չկար, էսօր նորից սկսվեց»,- ասաց արմաշցի Սուրիկը։

Իսկ գյուղի բնակիչների մոտ խուճապ կա՞։ «Խուճապ էն օրն է եղել մենակ, էսօր խուճապ չկար։ Էսօր ես էստեղ էի (դաշտում), որ կրակեցին։ Եթե «Գրադ» չլինի, էդ ավտոմատներն էստեղ չեն հասնում։ Եթե նռնականետ, «Գրադ» եղավ, պիտի թողնենք, էստեղից գնանք, անիմաստ ա էստեղ կանգնելը»։

Ի դեպ, նա եւս, ինչպես իրենց գյուղի մեծ մասը, ընտրել է Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան։ «Ես Փաշինյանին եմ ընտրել, բայց ուզում էի Արամ Սարգսյանին ընտրել»,- մի փոքր ամաչելով՝ խոստովանեց մեր զրուցակից արմաշցին։ Ասաց, որ իրենք պայքարելու պատրաստ են, տարածքները հանձնելու՝ ոչ։ Հետո, երբ հարցրինք՝ Արցախում էլ դեմ էին, բայց տվեցին տարածքները, ի՞նչ արեցին այն ժամանակ, ասաց՝ շատ վատ են արել, բայց Արցախում այլ էր։

Գյուղացու կարծիքով՝ Արցախում հողերը ոչ թե Փաշինյանը կամ նախկիններն են հանձնել թուրքին, այլ՝ Պուտինը։ «Էստեղ ռուսի մատն ա խառը, Պուտինը ոնց ասում ա, էնձեւ անում են, էլի։ Առայժմ տենց ա»,- ասաց նա։ Փաստորեն, մեր կողմից չի Պուտինը։ «Չէ, մեր կողմից լիներ, չէին տա, էլի։ Էս էլ ա Պուտինի արած գործերը, էլի։ Էս տարածքն ուզում են տան թուրքերին։ Կիսել են, էլի, Ղարաբաղը՝ ռուսին, Նախիջեւանը՝ Թուրքիային»,- գեոպոլիտիկ վերլուծություն արեց հողագործ Սուրիկը, ապա՝ աշխարհաքաղաքական եզրակացություն․ «Ավելի լավ է՝ միանանք Ամերիկային»։
Շարունակեցինք ճանապարհը, հասանք Երասխ։ Այստեղ, ի դեպ, շարունակում է ծառայություն իրականացնել ռուսական զորքը։ Երասխի խաչմերուկին կից մի շենքում են տեղակայվել ռուս զինվորականները, գլխին խփել են ՌԴ դրոշն ու նստել։ Շենքի դիմաց էլ զրահամեքենա է կանգնած։

Եթե նախորդ անգամ, երբ թեժ կրակոցներ էին հնչում, ու վիրավորվել էր նաեւ Երասխի գյուղապետը, ռուսները համեմատաբար ակտիվ էին, այս անգամ հանգիստ նստած էին, որեւէ շարժ չնկատեցինք, մեզ էլ չկանգնեցրին՝ հարցուփորձ անեն, թե ով ենք, ուր ենք գնում, ինչ ենք նկարում։ Տպավորություն էր, որ ընդամենը իրենց ֆորմալ ներկայությունն ապահովելու համար են ռուս զինվորներն այստեղ, որեւէ բանի չեն խառնվում, դիրքերում էլ թշնամու դեմ կռիվ տալիս են հայ զինվորները։

Փորձեցինք գնալ լճերի ուղղությամբ։ Մի քանի մետր առաջանալով՝ հանդիպեցինք հայ զինվորների։ Նրանք մեզ թույլ չտվեցին մոտենալ լճերին, որոնք հենց դիրքերի տակ էին գտնվում՝ հորդորեցին հետ գնալ, քանզի գտնվում ենք թշնամու դիտարկման տակ։ Ասացին՝ վտանգավոր է, կրակում են։ Հենց այդ պահին կրակոցներ լսեցինք։ Հեռվում՝ դիրքերի մոտ, նաեւ ծուխ էր երեւում․ կրակոցների հետեւանքով դիրքերում ինչ-որ բան էր այրվում։ Տեղի բնակիչներն ասացին՝ արդեն սովորել են, ամեն օր էլ կրակում են, հիշեցին՝ նախորդ օրը մեր ՀՕՊ-ը թշնամու ԱԹՍ-ն է խոցել, որը հետախուզական բնույթի է եղել։ Գյուղացիների տներն այնքան մոտ են դիրքերին, որ մեր զինվորներն ու խաղաղ բնակչությունը կողք-կողքի են բնակվում՝ հարեւանությամբ։

Այստեղ էլ տեղի բնակիչ կանայք տարբեր քաղաքական պատկերացումներ ունեին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Էմմա անունով մի կին, որը պնդում էր, որ իրեն «հայուհի» ասենք, ասաց՝ ինքը Ռոբերտ Քոչարյանին է ձայն տվել, ինչի համար իրեն գյուղում թիրախավորել են, թարս են նայում, բայց ինքն իմաստնություն է մաղթում մեր ներկայիս ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, քանզի նա է մեր «թագավորը» հիմա։ Հարեւանությամբ բնակվող մի կին էլ ամբողջ մեղքը բարդեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա։ Երբ նկատեցինք՝ «բա մենք էլ գիտենք, թե սաղ Քոչարյանն ա մեղավոր», Երասխի բնակչուհին հակադարձեց․ «Ոչ, էդ քոռ Լեւոնը սաղ արեց, ինքը դեռ էն թվերին էր էդ հողերը փոխանակել»։ Թե ինչի հետ էր փոխանակել, ինչպես էր փոխանակել, տիկինը չկարողացավ պարզաբանել, ասաց՝ ո՛չ Փաշինյանն է մեղավոր, ումից ինքը շատ գոհ է, ո՛չ մյուսները, միայն՝ Լեւոնը։ Ընտրության, ի դեպ, նա չէր գնացել, բայց որ գնար՝ հաստատ Փաշինյանի ու նրա խոստացած ապագայի օգտին էր քվեարկելու։