«Հրապարակ»․ Չենք կարող մեղադրել ամերիկացիներին, ռուսներին, մեղավորը գործող իշխանությունն է

Հարցազրույց Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ
- Սրբազան, Ձեր առաջնորդությամբ Մեծ Բրիտանիայում ստեղծել է Արցախի հարցով աշխատանքային խումբ` Independent International working group on Nagorno Karabakh։ Ի՞նչ գործունեություն է ծավալում այս խումբը։
- Քառօրյա եւ 44-օրյա պատերազմներից հետո մեր ուժերն ամբողջությամբ ուղղեցինք պատերազմի ժամանակ մեր ժողովրդին աջակցելուն, պատերազմից հետո՝ վիրավոր Արցախի պաշտպանությանը։ Ցավոք, մենք դուրս եկանք որպես պարտվող կողմ՝ կորցնելով տարածքներ։ Պատմության մեջ նման բան չի եղել, որ արցախցիները լքեն իրենց բնօրրանը։ Խմբի գործունեությանն աջակցում է նաեւ Քերոլայն Քոքսը, անհատներ, տարբեր կազմակերպություններ, հոգեւորականներ։ Այսօր մեր գործունեությունը 3 ուղղություն ունի։ Առաջին հերթին փորձում ենք պատերազմի հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատել, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Մենք ունենք կորսված Արցախ, 120 հազար տեղահանված արցախցիներ, հազարավոր զոհեր, վիրավոր, հաշմանդամ հայորդիներ, գերության մեջ գտնվող եղբայրներ։ Մեր Արցախը, մեր մշակութային ժառանգությունը գտնվում են վտանգի տակ։ Ադրբեջանցիները ոչ միայն ոչնչացնում են մեր հուշարձանները, այլեւ պատմության զեղծարարությամբ են զբաղված։ Նոր գրքեր են հրատարակում, գիտնականների են կաշառում, ներկայացնում են դրանք որպես ալբանական։ Նրանք այս ամենը շատ վաղուց են սկսել, մենք նոր ենք սկսել հակազդել։ Ադրբեջանը գիրք է հրատարակել, որտեղ ամբողջ Հայաստանի տարածքի եկեղեցիներն ադրբեջանական կամ ալբանական են կոչում, Էջմիածինն էլ` Ուչքիլիսե։
- Ովքե՞ր են մեղավոր ստեղծված վիճակի համար, արդյո՞ք Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողությունների հետեւանքով է, որ այսօր Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ է, Հայաստանն էլ՝ վտանգի առաջ։
- Անշուշտ։ Եթե մենք նման իրավիճակի առաջ ենք կանգնած, չենք կարող մեղադրել ամերիկացիներին, ռուսներին, մեղավորը գործող իշխանությունն է։ Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն են կրում այդ պահի իշխանությունները։
- Նշեցիք, որ 3 ուղղությամբ եք աշխատում՝ ի՞նչ հարցերի շրջանակում։
- Փորձում ենք գերիների հարցին միջազգային հնչեղություն տալ, զբաղվել Արցախի մշակութային ժառանգության պահպանությամբ, փորձել հումանիտար աջակցություն ցուցաբերել այստեղ գտնվող արցախահայությանը։ Այս ամենը մենք իրագործում ենք Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռի հետ համագործակցաբար։ Բազմաթիվ կազմակերպություններ են զբաղվում այս հարցով, եւ այստեղ ես խնդիր եմ տեսնում։ Պետք է մի հարթակ, պլատֆորմ ստեղծվի, որ բոլորը ներկայացնեն իրենց անելիքներն ու ցանկությունները, աշխատանքի բաժանում կատարվի, եւ արդյունավետությունը երեւա, չփոշիացվեն ունեցած ռեսուրսները։ Լոնդոնում նման նախաձեռնությամբ հանդես եկա անցած տարի, մեր ռեսուրսները սակավ են՝ համեմատած մյուս թեմերի, բայց կարողացանք ստեղծել մի քանի ամիսը մեկ հավաքվելու մի ձեւաչափ։ Իրազեկում ենք մեր անելիքների մասին եւ փորձում ենք գործակցության ձեւեր գտնել։
- Գերիների հարցով ի՞նչ գործընթաց է գնում։
- 23 հայորդիներ գտնվում են գերության մեջ, Արցախի ղեկավարությունը, մեծ բարերար, մեկենաս Ռուբեն Վարդանյանը, որն իր կյանքը նվիրաբերել է հանուն մեր ժողովրդի, գտնվում է գերության մեջ։ Ադրբեջանն օգտագործում է այս հանգամանքը բանակցությունների ժամանակ։ Ադրբեջանը բռնատիրական պետություն է, կոմունիզմի մնացորդ։ Բանտերում մարդկանց ճնշումների են ենթարկում, քաղաքացիներին են ճնշում, խեղդում ազատ խոսքի իրավունքը։ Այդ երկրում ընդդիմություն, բազմակարծություն չկա, ինչպե՞ս կարող է գերիների հարցով արդար դատավարություն լինել։ COP-29-ին ընդառաջ Ալիեւը հանտարարել է, թե խաղաղության օր է լինելու։ Այս մարդը դեմագոգ է, մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ Հայաստանին սպառնում է պատերազմով, հայերին պահում գերության մեջ։ Ամերիկայում գտնվող փաստաբանների նախաձեռնող խումբը, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, COP-29-ից առաջ հանդես են գալու շատ կարեւոր նախաձեռնությամբ։ Այդ օրն ամեն ինչ արվելու է, որ գերիների հարցը հասարակական լայն հնչեղություն ստանա, տարբեր երկրների ղեկավարներից պահանջվելու է՝ հայ գերիների ազատության համար քայլեր ձեռնարկել։
- Աշխարհը կարծես հետաքրքրված չէ Հայաստանով, հայ ռազմագերիների հարցով, ինչպե՞ս եք պատկերացնում այդ աջակցությունը, եթե անգամ գործող իշխանությունն է հրաժարվել գերիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրում ներառել։
- Եթե աշխարհը ոչինչ չանի, կնշանակի՝ Ադրբեջանը մարսել ու մարսում է այն էթնիկ զտումը, այն ցեղասպանությունը, որ իրականացրեց Արցախում, իր հարեւանների նկատմամբ։ Դրա համար պետք է զորաշարժի ենթարկել մեր բոլոր ուժերին։ Ես կոչ եմ անում մեր երիտասարդներին՝ սոցիալական ցանցերում փնտրեն Օկամպոյի էջը եւ տարածեն գերիների հարցով նրա գրառումները։ Այս ակցիային միանալու են նաեւ բնապահպանական կազմակերպություններ, իրավապաշտպաններ։ Ցանցը մեծանում է, բայց պետք է ամբողջ հայ ազգը միանա այդ գործընթացին, եւ ճնշում գործադրվի։ Ադրբեջանը պիտի հասկանա, որ չի մարսելու, որքան էլ փորձի իր միլիարդներով կաշառել աշխարհին։ Մեր ժողովուրդը կարծես թմբիրի մեջ է, մեր եղբայրները գտնվում են գերության մեջ։ Գնացեք, խոսեք իրենց ընտանիքի անդամների հետ, որոնք գուցե ձեր հարեւաններն են, ընկերների ընկերները, եղբայրը, քույրը։ Խոսեք ու մտեք այդ ընտանիքների վիճակի մեջ։ Այդ մարդիկ քանի դեռ գերության մեջ են, մենք իրավունք չունենք հանգիստ նստել, այն հացը, որն ուտում ենք, կուլ չի գնա՝ այն մտքից, որ մեր եղբայրները ցավի ու դժվարության մեջ են։ Պետք է աշխատել ու չհուսալքվել։
Կարծիքներ