Ո՞ւր մտնի ՀՀ գլխավոր դատախազը

Ո՞ւր մտնի ՀՀ գլխավոր դատախազը

Ամեն օր լսում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը, հեսա-հեսա՝ մտնելու է ԱԺ, որ առանձին պատգամավորների զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի: 

Այ ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք միանգամից այդպիսի բեռ դնում էդ նուրբ էակի վրա: Դեռ նոր է, դեռ սովորում է աշխատել, ի՞նչ եք կպել՝ մտիր, հա մտիր ԱԺ, զրկիր, կալանավորիր: Շատ էլ թե դա Նիկոլի ցանկությունն է, ուրեմն պետք է փաթաթեք Աննա Վարդապետյանի պարանոցի՞ն:
Աննա ջան, դուխդ չգցես, ես քո կողքին եմ: Անցյալում, քանի դեռ Փաշինյանի կողքի սենյակում էիր նստում, ինչ եղել՝ եղել է, պետք է մոռանաս: Գլխավոր դատախազի պաշտոնը շատ լուրջ պաշտոն է, վարչապետի պաշտոնից էլ լուրջ, մանավանդ՝ եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Սա ականջիդ օղ արա եւ լսիր, թե այդ պաշտոնում լավ իրավաբանի կարիերա անելու համար ինչ քայլեր պետք է ձեռնարկես նախեւառաջ: Պետք է սկսել ավելի թեթեւ գործերից: Բոլոր բարձունքները հենց այդպես են նվաճվում՝ աստիճանաբար: Հիմա ես քեզ մի քյոհնա կոռուպցիայի տեղ ասեմ՝ տեղակալներիդ ուղարկիր՝ թող բռնեն…

Ինչպես գիտենք, ՀՀ քաղաքացին մեր Սահմանադրությամբ հռչակված է որպես բարձրագույն արժեք: Սա նշանակում է, որ մեր պետության մեջ ոչ ոք՝ ո՛չ վարչապետը, ո՛չ Երեւանի քաղաքապետը եւ ո՛չ էլ նույնիսկ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը, իրավունք չունի ՀՀ քաղաքացուն բան ասել, էլ ուր մնաց, առանց այդ քաղաքացու իմացության, մտնել նրա գրպանը:

Բայց արի ու տես, սիրելի Աննա, որ ՀՀ վարչապետը, Երեւանի քաղաքապետը եւ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը, գալով հանցավոր համաձայնության, օրերս մտել են ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրեասյանի (ծնվ. 1961թ. հունիսի 11-ին, բնակվող Երեւան քաղաքում, հեռ.՝ 095-48-39-30) գրպանը եւ այնտեղից հափշտակել 7 հազար 700 դրամ գումար: Գումարը, իհարկե, առանձնապես մեծ չէ, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ նրանք դա արել են առանց Էդիկ Անդրեասյանի իմացության, ու, կներես, Աննա ջան, նրանց տանձին էլ չէ, որ Էդիկ Անդրեասյանը ՀՀ քաղաքացի է, այսինքն՝ բարձրագույն արժեք: Եվ ապա՝ քանի որ Էդիկ Անդրեասյանն այդ հափշտակությունը նկատել է միայն այն բանից հետո, երբ փոստատարը նրա տան դուռը «կոտրելով» ներս է մտել ու հանձնել ԴԱՀԿ-ի նամակը, վերոնշյալների կատարած հանցագործությունը կարելի է որակել ոչ թե հափշտակություն, այլ՝ գողություն ջեբկիրություն եղանակով՝ պետական լծակների գործադրմամբ: Հայերեն ասած՝ կոռուպցիա:

Այնպես է ստացվել, տիկին գլխավոր դատախազ, որ ես բավականին մոտիկից եմ ճանաչում ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրեասյանին եւ կարող եմ խիստ մանրամասն պատմել նրան թալանելու այս գործի մասին, ինչը Ձեզ կօգնի հանցավոր խմբակին ճաղերի հետեւն ուղարկելու հարցում: Եթե հարմար նկատեք, ես կարող եմ նաեւ մամուլով ներկայացնել կատարվածը, իսկ եթե ոչ՝ զանգահարեք կամ գրեք անձնականով՝ edik andreasian-ին:

Այսպիսի թեթեւ գործեր, ի դեպ, շատ կան, տիկին գլխավոր դատախազ, եւ կարելի է դրանց արագ բացահայտմամբ մի կարճ ժամանակահատվածում ահագին աղբ մաքրել մեր երկրից: Պատկերացնո՞ւմ եք, թերթերն ամեն օր կգրեն՝ Աննա Վարդապետյանն այս արեց, այն արեց, սրան բռնեց, նրան կալանավորեց… Մարդիկ էլ մի քիչ կհանգստանան Արցախի խնդրից էլ, նոր զոհերի ու վիրավորների մասին այս անվերջանալի պատմություններից էլ: Այլապես միանգամից քշել ԱԺ-ի վրա, քաղաքական աստառ ու պաստառ հաղորդել դատախազության գործունեությանը՝ այնքան էլ խելացի որոշում չէ: Հասկանում եմ, կողքից բզողներ շատ կան, բայց մի՞թե ՀՀ գլխավոր դատախազին կարելի է կողքից բզել: Ձեր նախորդն էլ էր օրումեջ մտնում ԱԺ… Ի՞նչ տարավ իր հետ կամ ի՞նչ բացահայտեց: Նրան էլ էին բզբզում՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկիր, գործ հարուցիր, բռնիր… Բռնե՞ց: Ոչ, որովհետեւ «բզովի» գործերը միշտ հակառակ արդյունք են արձանագրում:

Ավարտելով՝ կուզենայի մի երկու խոսք էլ դարի կոռուպցիոն գործարքի մասին ասել, որ ճակատագրի բերումով դարձյալ երեք հոգու հանցավոր համաձայնությամբ է կատարվել: Կարող եք ասել՝ դե, էն ա, դու էլ ես գլխավոր դատախազին «բզում», բայց՝ ոչ, իմ ասելն ուրիշ է, վերեւից ասելը՝ ուրիշ: Ես ընդամենը «բզբզում» եմ: Խոսքը կորոնավիրուսի դեմ պայքարին ու այդ պայքարի առաջնորդների մասին է, որոնք այդպես էլ ոչ մի հաշվետվություն չներկայացրին ՀՀ պարետատան գործունեության վերաբերյալ: Աննպատակ ծախսված գումարների մասին Վերահսկիչ պալատի մեկ փոքրիկ բարձրաձայնումն ԱԺ-ում ՔՊ-շնիկ Արսեն Թորոսյանի կողմից (ոչ բարով՝ առողջապահության նախարար) սվիններով ընդունվեց: Ո՞ւր է հիմա Արսեն Թորոսյանը, ինչ-որ չի երեւում: Նիկո՞լն է ասել՝ ձենդ կտրի, թե՞ մի ուրիշ բան է պատահել՝ զբաղված է հետքերը թաքցնելով: Երրորդն էլ Տիգրան Ավինյանն է՝ նախկին պարետը, նախկին փոխվարչապետը: Չի էլ ամաչում, երիտասարդ տարիքում այդքան «նախկին» է կուտակել: Ինչո՞ւ է Նիկոլը հենց նրան ընտրություններից մեկ տարի շուտ դարձրել Երեւանի քաղաքապետի ՔՊ-շնիկ թեկնածու եւ գցել ժողովրդի բերանը, թե՝ գզեք: Ենթադրում եմ՝ զուտ այն պատճառով, որ Արսեն Թորոսյանի նման բերանն այստեղ-այնտեղ չբացի ու պարետատան կեղտոտ լվացքը փողոցում չփռի:
Մի խոսքով, սիրելի Աննա, լիքը գործ կա անելու, եւ ես քո կողքին եմ: Իսկ եթե որոշել ես, այնուամենայնիվ, գնալ քաղաքական պատվերների հետեւից, զորօրինակ, Գեղամ Մանուկյանի դեմ գործ հարուցել՝ թուրքերին բան ասելու համար, կներես, ես քեզ եւ քո կարիերային ոչնչով օգնել չեմ կարող:

Հարգանքներով՝ Էդիկ Անդրեասյան