Իլհամը կտրում է պորտալարը

Իլհամը կտրում է պորտալարը

Երեխա ծնվելիս կտրում են մոր հետ կապող նրա պորտալարը, որպեսզի ստանա ինքնուրույնություն: Հայաստանի հետ Արցախի պորտալարը կտրելը ոչ թե ինքնուրույնության, այլ կորստի սկիզբն է: Հատկապես քանի դեռ իշխանությունը գտնվում է Նիկոլի ձեռքում: Վերջինիս «կիրթ» գործընկեր Իլհամը բազմիցս ասել է, որ Ադրբեջանում առկա չէ վարչական շրջան Լեռնային Ղարաբաղ անվանումով: Լաչինի միջանցք կոչվածն էլ հենց այն պորտալարն է, որը Արցախը կապում է Հայաստանին: Եվ Իլհամը կտրում է այն՝ համաձայն Նիկոլի հետ կայացված գրավոր և բանավոր պայմանավորվածությունների: Եվ քանի որ Նիկոլը փորձում էր անընդհատ հետաձգել պայմանավորվածությունների կատարումը՝ Իլհամը որոշեց ոչ մեծ դաս տալ Նիկոլին՝ Լաչինի միջանցքի տարածքում դիմելով ագրեսիայի: Բայց քանի որ Նիկոլը վաղուց արդեն թքած ունի Արցախի ճակատագրի վրա՝ իրականում դասն ուղղված էր հայ ժողովրդի՝ հայրենիքի զգացողությամբ օժտված հատվածին:

Անդրադառնանք նաև ադրբեջանական հերթական ագրեսիայի վերաբերյալ քպկական կրկնվող տեսակետին: Այն հեղինակ ունի, բայց դա էական չէ, որովհետև այս կամ այն կերպ կրկնվում է բազմաթիվ քպկականների կողմից, այդ թվում՝ Փաշինյան Նիկոլի: «Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իր մանդատին համապատասխան»: Այս դատողությանն ավելացնենք հակառուս արևմտամետների կողմից ռուսատյացության դրսևորումների «հրավառությունը» ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի կապակցությամբ: Չինաստանը որքան էլ դժգոհեց, բայց այցը կանխել չկարողացավ: Թեև հայտարարվեց, որ այն անհետևանք չի մնալու: Եվ ահա, բարձրաստիճան տիկնոջ այցը ներկայացվեց որպես ընդդեմ Չինաստանի ԱՄՆ-ի աջակցություն Թայվանին: Եվ դա համեմատության մեջ դրվեց Արցախում ռուսական խաղաղապահ ջոկատի հրամանատարության անգործության հետ: Ուղղակի բոլոր այդ անձինք մոռանում են ռուս-ուկրաինական պատերազմի մասին, մոռանում են, որ Ռուսաստանը չի կարող կոնֆլիկտի մեջ մտնել նաև Հարավային Կովկասում՝ բացելով երկրորդ պատերազմական ճակատը:

Իսկ հիմա ներկայացնենք իրական համեմատական պատկեր. 2021 թվականի օգոստոսի կեսեր, Աֆղանստան: Ամերիկյան վերջին զինվորականների հետ միասին երկիրը փորձում են լքել նրանց հետ համագործակցած աֆղանները: Նրանք կախվում են ինքնաթիռների թևերից ու ինքնաթիռների՝ օդ բարձրանալուն պես ընկնում են գետին: Այդպես աերիկյան զորաբանակը հեռանում էր ասիական մի երկրից, որի «քաղաքակրթման» վրա ծախսվել էր 20 տարի և 2,3 տրիլիոն ԱՄՆ դոլար: Եվ տվել է ավելի քան 2400  զոհ զինվորական և քաղաքակացիական անձանց շրջանից: Համեմատության առումով նշանակություն չունի, որ Աֆղանստանում քաղաքացիական պատերազմ էր ընթանում, իսկ Արցախում թշնամին արտաքին է: Եվ որպես վերջաբան ներկայացնեմ ընդամենը մեկ նախադասություն՝ ասված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, որին շատերն են ծանոթ. «ԱՄՆ զորքերը չեն կարող և չպետք է կռվեն և մեռնեն մի պատերազմում, որն աֆղանները չեն ցանկանում վարել իրենց համար»: Իսկ արդեն մեր օրերում հստակ բացահայտվում է ամերիկյան օգնության «փիլիսոփայությունը»: Որպես հզոր և հարուստ երկիր՝ ԱՄՆ-ը մատակարարում է Ուկրաինային փող  և սպառազինություն՝ դրդելով երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին: 

Վերադառնալով մեր տարածաշրջան՝ արձանագրենք. հայաստանյան զորակոչիկների վերջին մասն, ըստ ընդդիմադիր լրատվական կայքերից մեկի, շտապ դուրս է բերվել Արցախից: Պաշտոնապես հայտարարվել էր,, որ մինչև օգոստոսի վերջը հայաստանցի զորակոչիկներ այլևս չեն լինի Արցախում: Իլհամի ճնշման և խորհրդային տարիների տրամաբանությամբ՝ պլանը կատարվել է ժամկետից շուտ: Ինչի համար կարող ենք «շնորհավորել» Նիկոլին: Իսկ եթե լուրջ, ապա դա նշանակում է, որ արցախցին միայնակ է մնացել ընդդեմ թուրքերի: Դրանից հետո մենք, չգիտես որ տրամաբանությամբ, սպասում ենք, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախը պաշտպանելու իր պարտականությունից՝ դա գցելով ռուսի գրպանը, ու ռուսն էլ ընդունի այն: Որպեսզի Նիկոլն ու իր «ուսապարկերը» մեղադրեն ռուսական խաղաղապահ զորակազմին, որ չի «ապահովում իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իր մանդատին համապատասխան»: Եթե դուք, որպես իշխանություն, չեք կատարում Արցախի անվտանգության երաշխավորման Հայաստանի Հանրապետության պարտականությունը, ինչ իրավունքով եք պահանջում դա ուրիշից: Եվ եթե ամերիկացին չպետք է մահանա հանուն ուրիշի, ապա ինչու եք սպասում, որ դա պետք է անի ռուսը: