Վարչապետը ասուլիս է տալիս «սևերի» տարածքում

Վարչապետը ասուլիս է տալիս «սևերի» տարածքում

Ինչպես հայտնի է՝ այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը։ Այն տեղի է ունենում Կապանի S’UNIQE նորաբաց կինոթատրոնում։

Այն, մեր տեղեկությամբ, կառուցվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով և կոմբինատի նախկին ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ջանքերով։

Կինոթատրոնի փաստացի ղեկավարը, որքանով տեղեկացանք, Վազգեն Սաղաթելյանի կինն է։ Վ․ Սաղաթելյանն էլ, հիշեցնենք, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, իսկ դրանից առաջ էլ Սերժ Սարգսյանի օրոք նախագահականի հայտնի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Սաղաթելյանի եղբորորդին է։

Այսինքն՝ վարչապետը ասուլիս է տալիս մի տարածքում, որը պատկանում է նախկիններին կամ «սևերին», ինչպես սիրում են նախկինների հասցեին արտահայտվել նոր իշխանությունների ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ է աշխատել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, իսկ Վազգեն Սաղաթելանի հորեղբայր Արա Սաղաթելյանն էլ Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից է, երկար տարիներ համակարգել է նախագահականին առնչվող լրատվական հոսքերը, վերջերս էլ հայտնվել էր վարչապետին պատկանող թերթի հայտնի հոդվածի հերոսների շարքում՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի կողքին։