Հանրության դարդը մութ սենյակում քո բռնոցի խաղը չի․․․
Կառավարության այսօրվա նիստը մի բան է վկայում՝ Փաշինյանը վարկանիշի բարձրացման հետ կապված ահռելի խնդիր ունի։ Կարմիր թելի պես երևում է, որ նա ուզում է վարկանիշը բարձրացնել նախկին մեթոդներով՝ հակակոռուպցիոն հին մեքենան գործի դնելով։
Եվ որպեսզի ամեն ինչ նույնը չլինի, խոստովանում է, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում։ Որպեսզի պատկերացնենք, թե նա ինչ կարգի հակակոռուպցիոն պայքար է տարել, պիտի աչքի առաջ ունենալ հակակոռուպցիոն մի զինատեսակ, որը հինգ տարի փուչ կրակել է։
Օդում կրակել, վախեցրել է՝ իր բոլոր հետևանքներով ու նպատակներով, բայց արդյունք չի գրանցել։ Հակակոռուպցիոն պայքարի «առաջամարտիկ» Սասուն Խաչատրյանը պատանու պես հպարտացավ, որ երեկ «մի դաստա» մարդ է ձերբակալել, դա Նիկոլի մոտ դրական ռեակցիա իբր թե չառաջացրեց։ Ասաց, որ կա անմեղության կանխավարկած և այդ մարդիկ, ինչպես մինչև հիմա ձերբակալվածները, կարող են անմեղ լինել։ Խոսքը իբր բացահայտված գործերի մասին է։ Չբացահայտված գործերի մասին խոսելը հենց չբացահայտված կոռուպցիա է։
Հարց՝ ինչու՞ է այս կամ այն գործը կոծկվում, լռեցվում, և դա իրենք լավ գիտեն ու հիմա, հինգ տարի անց, երբ անդրադառնում են այս հարցին, որից իբր թե դժգոհ է ժողովուրդը, իմաստազուրկ է։ Եթե դրան ավելացնենք, որ նախկին կոռուպցիային ավելացել է ավելի կատաղի՝ ներկա կոռուպցիան։ Ընդունենք, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներ լինեն ու նրա թվարկած բարեփոխումները սկսվում և ավարտվում են հիմնականում աշխատավարձեր բարձրացնելով, պարգևավճարները չհաշված։
Փաշինյանը հիշեցնում է քննչական կոմիտեի աշխատավարձերի բարձրացումը, դատախազության համակարգում աշխատավարձերի բարձրացումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը․․․ Բայց արդյունք չկա։
Բայց ես խնդիր էի դրել խոսել ոչ թե հինգ տարի հանրության համար փուչ կոռուպցիոն կրակոցների մասին, այլ ուզում էի ասել, որ Փաշինյանը հինգ տարի հետո իզուր է խոսում «փըստ կրակած» փամփուշտների մասին և փորձում դրա հաշվին վարկանիշ բարձրացնել։
Թե վարկանիշն այս պահին բարձրացնելը ինչ նպատակ է հետապնդում, բոլորս լավ գիտենք, բայց ասեմ, որ դա նրան ոչնչով չի օգնի և անտեղի նոր կրակոցներ է արձակում։ Հանրությունը նրանից դժգոհ է ոչ թե կոռուպցիայի սկանդալները չբացահայտելու, այլ երկրի անվտանգության համար։ Եվ պետք չէ ջրերը խառնել։ Արցախը հանձնվել է ամբողջովին, հայաթափվել է։
Նման բան պատմությունը չի արձանագրել։ Հայաստանն ինչ որ խաչմերուկում պիտի հանձնի ամոթի վերջին պատառները, իսկ վարչապետ աշխատող մարդը հայտարարում է, որ հանրությունն իրենից դժգոհ է, որովհետև քրեական որևէ գործ չի բացահայտվում։ Եթե 1000 քրեական գործ էլ բացահայտվի, էլ հանրությանը չի հետաքրքրում։ Դրանով դատաիրավական և մյուս իրավական համակարգերիդ ես կերակրելու, նորից նրանց աշխատավարձերն ես բարձրացնելու, ինչպես մինչ հիմա։
Հանրության դարդը մութ սենյակում քո բռնոցի խաղը չի։ Կոռուպցիոներները թևիդ տակ են, մի ժամանակ նրանց էիր այդպիսին համարում։ Ով քեզ հետ չի, նա՞ է կոռուպցիոներ։ Երկիրը ջրի երեսին գնում, երկիրը քարտեզից ջնջվում, կոռուպցիայի՞ց ես խոսում։ Ուզում ես ջրե՞լ հիմնական վտանգը, երկրի գլխին կախված արհավիրքը․․․
Կարծիքներ