ԱՄՆ դաշնակիցներն անհանգստացած են. պատճառը Թրամփի պլանն է

ԱՄՆ դաշնակիցներն անհանգստացած են. պատճառը Թրամփի պլանն է

Միացյալ Նահանգների մի շարք դաշնակիցներ չափազանց անհանգստացած են այն պլանով, որը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջ է մղում՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։ Եվրոպացիներն էլ նախապատրաստվում են ԱՄՆ-Ռուսաստան հերթական բանակցությունների արդյունքներին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հրապարակման, անցյալ շաբաթ Փարիզում ներկայացված Սպիտակ տան վարչակազմի կոնցեպցիան Ուկրաինայի համար էական զիջումներ էր պարունակում։ Մասնավորապես, ըստ այդ պլանի, Ղրիմը պետք է ճանաչվեր որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաեւ մի շարք ընդարձակ շրջաններ՝ Ուկրաինայի տարածքից, պետք է զիջվեին Ռուսաստանին։  Այն տարածքները, որոնք ռուսական բանակը գրավել է:
ԱՄՆ դաշնակիցների անհանգստությունը հատկապես այն բանով է պայմանավորված, որ եթե Ռուսաստանին այդ զիջումներն արվեն, ապա դա կարող է դառնալ ազդակ առ այն, որ նման ռազմական եւ անօրինական նվաճումները կարող են ե՛ւ օրինական համարվել, ե՛ւ վատ նախադեպ դառնալ։ Դա կարող է ցանկացած միջազգային հիմնարար իրավունք եւ երաշխիք թուլացնել, ինչն աշխարհում կյանքն էականորեն կբարդացնի։ «Եթե Եվրոպայում որեւէ երկիր ստիպված է ճնշման ներքո զիջել իր տարածքի մի մասը, ապա այլեւս ոչ մի տեղ Եվրոպայում կամ այլ ռեգիոնում, որեւէ երկիր ապահովագրված չի լինի ու չի գտնվի անվտանգ վիճակում, անկախ այն հանգամանքից՝ ՆԱՏՕ-ի անդամ է, թե՝ ոչ»,- ասված է հրապարակման մեջ։

Եվրոպացիները հայտարարում են, որ չեն աջակցի Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու ԱՄՆ առաջարկին եւ ԱՄՆ-ին կթողնեն մեկուսացման մեջ։ Ասիայում եւս կա անհանգստություն, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի, ի վերջո՝ «Ռուսաստանի պարգեւատրմամբ»։ Ասիական ռեգիոնում եւս անհան­գստացած են, թե գլոբալ ինչ հետեւանքներ կարող է ունենալ «Ռուսաստանին պարգեւատրումը»։ Ու հիմա, ըստ CNN-ի, բոլորի ուշադրությունը սեւեռված է այն բանի վրա, թե ինչ արդյունքներ կունենա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ սկսված հանդիպումը։
Մեր կողմից հավելենք, որ ուժեղի կողմից տարածքներ գրավելու եւ պատմական արդարությունը ոտնահարելու լավագույն օրինակ էր Արցախի հայաթափումը, որն աշխարհը եւ այդ նույն Եվրոպան լռելյայն թույլատրեցին` ճանապարհ բացելով Ղրիմի եւ մյուս ուկրաինական տարածքների գրավումն օրինականացնելու համար: