Կհայտնաբերվե՞ն մեղավորները

Կհայտնաբերվե՞ն մեղավորները

Երբ գործում են պետական ինստիտուտները, հասարակությունն ավելի պաշտպանված է լինում, եւ կյանքը՝ ավելի ապահով։ Չէ որ պետական տարբեր մարմիններն են պետության կայացածության ցուցիչը, եւ այդ մարմինների ամբողջությունն է պետությունը։

Հասարակությունն այդ պետական մարմինները ձեւավորում, դրանք պահում եւ հանդուրժում է միայն այդ պատճառով, որ հանրային հոգսը հոգան, եւ ապրելը տվյալ երկրում հեշտ ու հաճելի լինի։ Յուրօրինակ քաղաքացիական պայմանագիր է կնքում հասարակության եւ պետական ինստիտուտների միջեւ՝ ես քեզ հարկեր կվճարեմ, աշխատավարձ կտամ, իսկ դու պարտավոր ես ծառայել ինձ։ Եվ դա չի վերաբերում միայն գլոբալ խնդիրներին, այլեւ՝ կենցաղին ու առօրյա կյանքին։ Ասենք, եթե պետության մեջ կան, գործում են ոստիկանություն, հարկային մարմիններ, էկոնոմիկայի, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարություն, սննդի անվտանգության տեսչություն, համայնքապետարան ու մարզպետարան, չի կարող մարդն անարգել տարիներ շարունակ իր բակում օղի թորել ու վաճառել՝ առանց համապատասխան գրանցման ու լիցենզիայի, առանց օղու որակի ստուգման եւ վաճառքից ստացված եկամուտներից հարկեր վճարելու։ Նման երեւույթն առնվազն խոսում է այն մասին, որ ոչ մի մարմին պատշաճ չի գործել, չի վերահսկել եւ չի կանխել ապօրինությունը։ Մենք սթափվել ենք ու փորձում ենք քայլեր ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ ողբերգությունն արդեն տեղի է ունեցել, եւ 14 մարդ թունավորվել է ու զոհվել։ Բայց այստեղ մեղավորը միայն օղին թորող դժբախտը չէ, այլ այդ բոլոր մարմիններում աշխատող բազում պատասխանատուներ, որոնք թերացել են իրենց աշխատանքում, եւ արդյունքում շարքային մարդիկ անպաշտպան են մնացել ու զոհվել։ Կհայտնաբերվե՞ն բոլոր մեղավորները, կպատժվե՞ն նրանք։