Եվրոպաներում աքլորանալն ու շնորհակալությունն իրար հետ չեն բռնում

Եվրոպաներում աքլորանալն ու շնորհակալությունն իրար հետ չեն բռնում

Երեկ մամուլն արձանագրեց, որ Փաշինյանը հեռախոսազրույցով շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահը նրան տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել։ Սպասում էի, որ մեկը կարձագանքի՝ ինչի՞ համար է հայտնել շնորհակալությունը։ Տեսեք չեմ հարցնում՝ ինչու՞ համար է հայտնել, հարցնում եմ ՝ ինչի՞ համար։ Շնորհակալություն բառը նշանակում է գոհություն, գոհունակություն՝ մատուցած ծառայությունների համար։ Այն նաև քաղաքավարության ձև է, բայց դա խիստ կենցաղային է։ Ասենք ՝ հարցնում են ինչպե՞ս եք, որպես քաղաքավարության ձև պատասխանում եք՝ շնորհակալություն։

Կարծում եմ նման լուրջ գործընթացներում քաղաքավարության ձևը ժխտվում է, որովհետև պետության ճակատագիր է քննարկվում։ Մամուլում հարց բարձրացվեց, որ Ադրբեջանում առանց Հայաստան կողմի, եթե այդպիսին կա,  քննարկվում է Հայաստանի ճակատագիրը։ «Եթե այդպիսին կա» եմ ասում՝ փաստերից ելնելով։ 2024 թվականի մարտին  Պուտինը հարցազրույց է տվել լրագրող Դմիտրի Կիսելյովին Ռոսիա 1- ի և ՌԻԱ Նովոստիի համար, նրա մի հայտարարությունը մեջբերում եմ բառացի․ «Ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի, եթե մենք ինքներս մեզ չկարողանանք պաշտպանել: Մենք պետք է պաշտպանենք ինքներս մեզ»: Հայաստանը  հայտնվել է այդ վիճակում, որի հետ ոչ մեկը հաշվի չի նստում,  և կարծում եմ, չպետք է պատճառներ որոնել, թե ինչու՞ առանց ՀՀ -ի է քննարկվում նրա հարցը։ Բայց հարցը մի այլ երես էլ ունի։ Ինչի՞ համար է Փաշինյանը շնորհակալություն հայտնում Պուտինին։ Եվրոպաներում  աքլորանալն ու շնորհակալությունն իրար հետ չեն բռնում։ Դա էլ մի կողմ։ Հայ ժողովուրդը չիմանա՞, թե ի՜նչ լավ բան է արել Պուտինը, որ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի անունից շնորհակալություն է հայտնում Պուտինին։ Միջնորդությա՞ն համար, որն անընդհատ քարկոծում է։ Այդքան թուքումուր թափելով Ռուսաստանի վրա, չհասկանա՞նք, թե ինչու՞ Պուտինի ու Ալիևի հանդիպումից հետո Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Պուտինին՝ մատուցած ծառայության համար։ Գուցե եվրոպամետների՞ն դա բացատրի, որոնք «Ռուսաստան են գզզում»։