Անկանխիկ շրջանառության ավելացումը կարող է ավելացնել հարկային ծանրաբեռնվածությունը

Անկանխիկ շրջանառության ավելացումը կարող է ավելացնել հարկային ծանրաբեռնվածությունը

Կառավարությունը փոփոխություններ է կատարում «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ մի շարք այլ օրենքներում՝ նվազեցնելով կանխիկ դրամաշրջանառությունը:
Սահմանվել է, որ ՀՀ տարածքում մինչեւ 2022 թ. հունվարի 1-ը ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, ծառայությունների մատուցման գործարքներում վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձեւով: 

Նախատեսվում է, որ խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային քարտ ընդունող սարքեր կտեղադրվեն, անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին այլեւս չի սահմանվի, ինչպես նախկինում էր, կներդրվեն նաեւ այլ վճարային միջոցներ՝ QR կոդեր, անհպում տեխնոլոգիաներ, ակնթարթային վճարումներ եւ այլն: 

«Անկանխիկ գործարք՝ նշանակում է հետագծելի գործարք: Եվ մենք այս առումով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր հետեւողականությունն ենք դրսեւորում եւ այս ճանապարհով շարունակելու ենք գնալ... Այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելն ավելի դժվար է դառնում, եւ վարչարարությունն ավելի հեշտ է դառնում»,- բացատրում է Նիկոլ Փաշինյանը նորամուծության տրամաբանությունը: 

Տնտեսագետ Աշոտ Թավադյանն անկանխիկ դրամաշրջանառության դաշտի ընդլայնումը, ընդհանուր առմամբ, դրական երեւույթ է համարում, սակայն զգուշացնում է, որ այդ քայլը կարող է լրացուցիչ հարկային ծանրաբեռնվածություն առաջացնել, ինչը վատ կանդրադառնա տնտեսության այս կամ այն ոլորտի վրա: 

«Անկանխիկի ընդլայնումը կարող է բերել հարկային ծանրաբեռնվածության մեծացման այս կամ այն ոլորտում՝ իհարկե, նաեւ կրճատելով այդ ոլորտում կոռուպցիոն երեւույթները: Բայց պետք է նախ գնահատել, թե որքանով այն բացասական կանդրադառնա, եւ ինչ մեխանիզմներ կան տնտեսությունն այս կամ այլ ոլորտների զարգացմանը չխոչընդոտելու, այդ մեխանիզմներն էլ պետք է կիրառել: Այդ թվում՝ պետք է հարկային դրույքաչափերի որոշակի նվազեցման գնալ»,-  ասում է նա՝ նկատելով, որ մեր հարկային դրույքաչափերը, օրինակ, ավելի բարձր են, քան Վրաստանում:

ԱԱՀ-ն մեզ մոտ 20 տոկոս է, այնտեղ՝ 18, շահութահարկը մեզ մոտ 18 տոկոս է, այնտեղ՝ 15, եկամտահարկը 22 տոկոս է, իրենց մոտ՝ 18 տոկոս: «Այսպիսի քայլերը պետք է կոմպլեքս ձեւով իրականացնել, դա անել միայն այն դեպքում, երբ հարկային դրույքաչափերի կորեկցիա է կատարվում, եւ դրա հետ մեկտեղ պետք է նաեւ ծախսերի արդյունավետության գնահատականներ կատարվեն»: Տնտեսագետը կարծում է, որ կառավարությունը պետք է գնա ծախսերի կրճատման, բայց ոչ թե, ասենք, գիտության ոլորտում, ինչը հիմա անում է, այլ ոչ հիմնավոր ձեւով պատգամավորների պարգեւավճարներն ու գրպանի ծախսերը մեծացնելով: «Ես դեմ չեմ պարգեւատրումներին, եթե տվյալ նախարարությունը ցույց է տվել, որ ՀՆԱ-ն բարձրացնելու առումով արդյունք է տվել, թեկուզ միայն իր ոլորտում»: