«Հրապարակ». Որոշ մարդիկ «Ժառանգությունն» օգտագործեցին որպես ցատկահարթակ՝ իրենց քաղաքական կարիերայի համար

«Հրապարակ». Որոշ մարդիկ «Ժառանգությունն» օգտագործեցին որպես ցատկահարթակ՝ իրենց քաղաքական կարիերայի համար

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր իր իսկ հիմնած կուսակցության սոսկ շարքային անդամ է, ոչ թե նախագահ, վերջին շրջանում նորից ակտիվացել է` հայտարարություններ է անում, կառավարության կազմի սեփական ցուցակն է հրապարակում, ասուլիսներ է տալիս եւ երկրի «փրկության» առաջարկներով է հանդես գալիս։ 

Իսկ ի՞նչ է անում նրա հիմնած քաղաքական ուժը` ժամանակին մեծ ընտրազանգված ունեցած խորհրդարանական ուժը` «Ժառանգությունը», արդյոք պահպանե՞լ է իր անդամների կազմը, տարածքային կառույցները գործո՞ւմ են, թե՞ կուսակցությունից միայն հնչեղ անունն է մնացել` «Ժառանգություն»։ Մենք զրուցել ենք պարոն Հովհաննիսյանի հետ:

««Ժառանգությունն» ունի նվազ ռեսուրսներ, ինքը հիմնադիրն է այդ կարգախոսի, որ պետք է ճակատագրական ազգային ժամանակահատվածում վայր դնել կուսակցական դրոշները, եւ, ինչպես ասացի, մենք չմասնակցեցինք վերջին ընտրություններին՝ համարելով, որ դրանք ընտրահանդես էին։ Այնպես որ, մենք, չմասնակցելով այդ ընտրություններին, զիջեցինք ակտիվության տեսակետից, պահում ենք մեր մարզային եւ քաղաքային կառույցները, ունենք հավատարիմ կորիզ, ունենք 4 հազար անդամ, որոնք չեն դավաճանել։ Որոշ անդամներ լքեցին այս վերջին ընտրությունների ժամանակ, բայց 4 հազար տակավին ունենք։ Վստահ եմ, որ երբ դուրս գանք այս վիճակից եւ նորից մտնենք քաղաքական նորմալ վիճակ, եթե «Ժառանգությունում» ցանկանան, կակտիվանանք եւ, ցանկության դեպքում, կմտնենք խորհրդարան՝ դա մեզ համար խնդիր չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

- Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունե՞ք։

- Կդիտարկենք դա։ Դա հիմա մեզ համար առաջնահերթ չէ։

- Շատ կուսակցություններ այսօր փորձում են եթե ոչ համապետական, ապա գոնե ՏԻՄ ընտրություններին մասնակցել, որպեսզի ջրի երեսին մնան, չմոռացվեն։ Դուք ինչո՞ւ եք այդպես ընդհատակ անցել, հայտնվել լուսանցքում, եթե կարելի է այդպես ասել, չեք մասնակցում ՏԻՄ ընտրություններին:

- Չէ, լուսանցքը, ընդհատակը, կարծում եմ, ոչ ճշգրիտ է։ Մեզ հուզում է համազգային գոյավիճակը՝ առաջին հերթին, եւ եթե համազգային գոյավիճակը շարունակվի, եւ չհաղթահարենք, երեւանյան ընտրությունը, մեր կարծիքով, երրորդական խնդիր է լինելու, եւ մեզ պետք չէ 5-6 կամ 8 տեղ ավագանիում, եթե մեր երկիրը պիտի կործանման գնա։ Իսկ եթե հասնենք այդ ընտրություններին եւ ունենանք նվազագույն շեմն ապահոված Հայաստանի Հանրապետություն, այդ ժամանակ կդիտարկենք առանձին ցուցակով կամ կոալիցիայով գնալը։

- «Ժառանգության» անդամներ էին այնպիսի մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում հեշտությամբ դավաճանեցին թե՛ Ձեզ, թե՛ կուսակցությանը. Ստյոպա Սաֆարյան, Դավիթ Սանասարյան, Հովսեփ Խուրշուդյան, Ռուբեն Հակոբյան եւ այլք։ Դուք չե՞ք փոշմանել այդ մարդկանց հետ ճանապարհ անցնելու, նրանց Ձեր թիմում ընդգրկելու համար։

- Նախ՝ ես չէի ասի, որ նրանք բոլորը դավաճանեցին, կարծում եմ՝ որոշ մարդիկ որոշեցին իրենց կարիերան զարգացնել այլ եղանակով։ Գիտե՞ք ինչ, մարդիկ քաղաքականություն են մտնում տարբեր նպատակներով, եւ որոշ մարդիկ «Ժառանգությունն» օգտագործեցին որպես ցատկահարթակ՝ իրենց քաղաքական կարիերայի համար, ուրիշները նորմալ ծառայեցին եւ անցան իրենց գործին, իսկ դավաճանությունն իրենց որոշելիքն է։ Ոմանք ներդրեցին՝ որքան ցանկացան, եւ վերցրին՝ որքան կարողացան։

- Իսկ կարո՞ղ է այդ անձինք ներդրված էին «Ժառանգության» մեջ, որպեսզի քանդեն կուսակցությունը, եւ այդպես էլ արեցին։

- Չէ, ես չեմ կարող Ձեր թվարկած անուններից որեւէ բան պնդել, կարող եմ որպես ընդհանուր տեսություն՝ չբացառել դա․․․ Ուղղակի մարդ են, ամեն մեկը կողմնորոշվեց, ինչպես կողմնորոշվեց, իհարկե, դա ցավալի է, բայց ավելի լավ է, որ այդ ինքնամաքրումը գնա, քան թե արհեստականորեն մնան կուսակցությունում։

- Տեսեք, իմ թվարկած անձանցից որեւէ մեկն այսօր առանձնապես մի հեղինակություն չունի, շատերն այսօր հանրային պարսավանքի են արժանանում իրենց քաղաքական դիրքորոշման, ֆեյսբուքյան գործունեության, մարդկային որակների, ծառայամտության համար, Դուք այն ժամանակ նրանց ա՞յլ կերպ էիք ճանաչում, եւ արդյոք հիմա փոխվե՞լ է Ձեր վերաբերմունքն այդ անձանց նկատմամբ։

 - Ես բոլորին ճանաչել եմ որպես նվիրյալ, հեռանկար ունեցող քաղաքացիներ, «Ժառանգությունն» էլ մեծ ներդրում կատարել է իրենց կյանքում, իրենք էլ ժամանակին մեծ ներդրում կատարել են «Ժառանգության» գործերում, եւ կարող եմ ասել, որ նրանցից ոչ բոլորը, իմ կարծիքով, շեղվել են ճշմարիտ ճանապարհից։ Էնտեղ կան մարդիկ, ովքեր էլի նվիրյալներ են, բայց․․․

- Ովքե՞ր, անուններ կտա՞ք։

- Պետք չի անուններ տալ, բայց, ցավոք սրտի, կան նաեւ անհատներ, որոնք փոխել են իրենց դիրքորոշումները, գնացել են մեկ ուրիշ ուղղությամբ։

- Այստեղ կարող են Ձեզ էլ մեղադրել, որ սխալ ընտրություն եք կատարել ժամանակին, չեք կարողացել ճիշտ թիմ հավաքել, գաղափարական մարդկանց չեք տարբերել պնակալեզներից։ 

- Իհարկե, բուն մեղավորն ամեն ինչում ես եմ, եւ դա է «Ժառանգության» հրաշքը, որ ես եմ մեղավորը, եւ իրենք են ճիշտ։ Բայց ամեն մեկն իրավունք ունի նայել, ճշգրտել եւ փոխել թռիչքի կեսից իրենց մոտեցումը՝ իրենց ամբիցիաներից կամ իրենց քաղաքական նպատակներից ելնելով, կամ տվյալ շրջանի քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։ 

- Մեծահոգաբար եք վերաբերվում նրանց։

- Չէ, քաղաքական օրինաչափություն է, իսկ «Ժառանգությունն» ինքը ստանդարտ քաղաքական կուսակցություն չէ, ինքն ավելի քաղաքացիական դարբնոց է։ Եվ մարդիկ կան, որոնք քաղաքացիական դարբնոցին հարազատ են մնում, մարդիկ էլ կան՝ արդեն անցնում են քաղաքական կոնյունկտուրային․ դա է տարբերությունը։