Վտանգավոր է
Նյու Յորքում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարելի է համարել ձախողված: Կողմերը տարածել են իրարամերժ հայտարարություններ: Այսպես, եթե Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ խոսք կար արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպման պայմանավորվածության մասին, ապա Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ մասին ոչինչ չի ասում: Սա վկայում է հանդիպումից Ադրբեջանի դժգոհության մասին, հանգամանք, որ փորձագետները չեն էլ թաքցնում: Ի մասնավորի, նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը խորհուրդ է տալիս սառեցնել բանակցություններն այնքան ժամանակ, մինչեւ համանախագահները վերաբերմունք չեն արտահայտի վարչապետ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»հայտարարության շուրջ:
Իսկ մինչ այդ նա առաջարկում է, որ բանակցային գործընթացում իրավիճակի մասին արտգործնախարար Մամեդյարովը հաշվետվություն ներկայացնի Միլլի մեջլիսում: Իրավիճակն, իրոք, վտանգավոր է: Բաքվում աշխատանքային քննարկում են սկսվել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջեւ: Խոսքը ռուսական սպառազինությունների նոր խմբաքանակ Ադրբեջանին վաճառելու մասին է: Ադրբեջանցի փորձագետները դա համարում են «դրական ազդանշան»: Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան սառեցրել էր Բաքվի հետ այդ թեմայով երկխոսությունը: Այսօր այն վերսկսվել է, եւ ադրբեջանցի մեկնաբանները համարում են, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում «վերանայում է մոտեցումը,»:
Ենթատեքստը հասկանալի է, Բաքվում հույս ունեն Ռուսաստանից ստանալ երաշխիքներ, որ պատերազմի վերսկսման դեպքում Մոսկվան չի կատարի դաշնակցային պարտավորությունները, եւ Հայաստանը կմնա մենակ: Այս համատեքստում ադրբեջանական մամուլն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Երեւան այցից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահին Սոչի հրավիրելու՝ Վլադիմիր Պուտինի որոշմանը: «Դա հնարավորություն է, որպեսզի երկու երկրների առաջնորդները ժամացույցները ճշտեն»- գրում է ադրբեջանական լրատվամիջոցը:
Իր հերթին ռուսական մամուլը քարոզչական «կրակահերթեր է արձակում,» Հայաստանի իշխանությունների ուղղությամբ: «Նեզավիսիմայա գազետան» գրել է, որ ԱՄՆ ուղեւորության ժամանակ արտգործնախարար Մնացականյանը պետական դեպարտամենտից ստացել է ԼՂ շուրջ հինգ շրջանները հինգ միլիարդ դոլարի դիմաց վերադարձնելու առաջարկություն: Ռուսաստանյան վերլուծաբանական հանրության ճնշող մեծամասնությունն այն տեսակետն է առաջ մղում, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար ԱՄՆ-ը կայացրել է ԼՂ հակամարտությունն ապասառեցնելու որոշում, որից հետո, ըստ կանխածրագրվածի, Հայաստանը «կընդունի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության որոշում»:
Իր հերթին Regnum-ը խիստ կարեւորում է Ռուսաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպման փաստը՝ ակնարկելով, որ Վրաստանի ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տեղի է ունենում սեւծովյան-կասպյան տարածաշրջան Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերադարձի համատեքստում, եւ «Հայաստանը պետք է սկզբունքային որոշում կայացնի»:
Լեռնային Ղարաբաղի հարցում նոր իշխանություններն առաջին օրերից ի վեր ենթարկվում են խստագույն ճնշման: Նախորդ իշխանությունն ուներ փորձագիտական շատ հստակ աջակցություն: Փաշինյանի կառավարությունը նման հենարան չունի, իսկ ովքեր փորձում են ինչ-որ կերպ օժանդակել նրան, ավելի են վատթարացնում իրավիճակը՝ առաջ բերելով իրականության հետ հեռավոր իսկ աղերս չունեցող տեսլականներ: Հայաստանը շարունակու՞մ է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունների հանձնառությունը: Հարաբերական կայունությունը, որ առկա է շփման գծում, երաշխիք չէ, որ իրավիճակը վաղը չի պայթի: Իշխանությունը պետք է առերեսվի իրականությանը եւ հստակ ձեւակերպի ԼՂ կարգավորման իր հայեցակարգը: Ընդ որում, դա պետք է լինի Հայաստան-Արցախ փոխհամաձայնեցված մոտեցումների արդյունք: Տարածաշրջանում կարող են տեղի ունենալ ամենաանսպասելի զարգացումներ:
Կարծիքներ