Վանաձորում իշխում է ոչ թե որևէ ուժ, այլ անորոշ վիճակ

Վանաձորում իշխում է ոչ թե որևէ ուժ, այլ անորոշ վիճակ

2021թ․ աշնանը կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձագանքները դեռ չեն մարել, դեռ մարզերում խաղաղ չէ, իսկ շատ համայնքներում դեռեւս չեն ձեւավորվել տեղական իշխանության մարմինները: Ավելին` մի շարք համայնքներում իշխում է ոչ թե որևէ քաղաքական ուժ եւ կա ընտրված համայնքապետ, այլ անորոշ իրավիճակ է տիրում։ Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից մեկ ամսից ավելի է անցել, սակայն մինչ օրս որևէ նիստ չի գումարվել, և դեռ անհայտ է, երբ կկարողանա ավագանին անցնել իր պարտականությունների կատարմանը, իսկ համայնքապետ երբ կընտրվի։

Հիշեցնենք, որ ամենից շատ ձայն ստացած ուժի` «Մամիկոնյան դաշինքի» առաջին համարը` Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեռ կալանքի տակ է եւ գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ նրա հաղթանակը խլի եւ հանրապետության երրորդ քաղաքում ինքը ձեւավորի իշխանություն:

«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանը մեզ հետ զրույցում ասաց․  «Դեռևս ավագանու նիստի օրը նշանակված չէ, քաղաքապետարանի աշխատակազմը նույնիսկ չգիտեմ էլ ինչ կազմով է դեռ գործում, որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել ավագանու հետ կապված, հիմա առաջին ատյանի  դատարանի սահմանափակումը հանվել է (ավագանու նիստ հրավիրելու հետ կապված), մնում է ժամկետները հանվեն, էդ դեպքում ավագանու 1/3րդ-ը իրավունք ունի նիստ գումարելու»:

Քանի որ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ աջակցելու է Մամիկոն Ասլանյանին, որպեսզի նա ընտրվի համայնքապետ, Վահե Դոխոյանից հետաքրքրվեցինք Ասլանյանի գործով` ի՞նչ փուլում է այն գտնվում, թույլատրվե՞լ են արդյոք նրա տեսակցությունները` քննիչն արգելք էր դրել տեսակցությունների վրա եւ բացի փաստաբաններից այլ անձ, անգամ ԱԺ պատգամավորները, զրկված են նրան այցելելու հնարավորությունից։

«Նախ կարծում եմ, որ Ասլանյանին մեղադրում են պետության կողմից սահմանված պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարվածի համար, իսկ տեսակցությունների արգելքի հետ կապված` քննիչի միջնորդությամբ արգելք է դրվել, իրավունք ունի միայն իրավաբանը, նույնիսկ ԱԺ-ի պատգամավորներին արգելված է տեսակցությունը»:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորեցին դեկտեմբերի 16-ին` 2021թ. սեպտեմբերի 14-ին հարուցված եւ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական գործի շրջանակներում, որով առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել «2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մ. Ա.-ի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու վերաբերյալ»։