Ծիծաղի համաճարակ

Ծիծաղի համաճարակ

Մարդկության պատմության մեջ հայտնի են տարբեր համաճարակներ, որոնցից ամենաուշագրավը, թերեւս, ծիծաղի համաճարակն է` Տանգանիկայում: Այն բնորոշվում է նաեւ, որպես զանգվածային հիստերիայի կամ հոգեկան համաճարակի դեպք, որը տեղի է ունեցել 1962 թվականին`ներկայիս Տանզանիայի տարածքում:

Համաճարակը սկսվել է 1962 թվականի հունվարի 30-ին Կաշաշա գյուղի կանանց գիշերօթիկ դպրոցում, որը բացել էր քրիստոնեական միսիոներությունը։ Երեք աշակերտուհի սկսել են անզուսպ ծիծաղել և լացել, և նրանց ծիծաղը վարակել է 12-18 տարեկան 159 աշակերտուհիներից 95-ին։ Ծիծաղը տևել է մի քանի ժամից մինչև 16 օր։ Ուսուցիչները ծիծաղով չեն «վարակվել», բայց աշակերտուհիների՝ ուսման վրա չկենտրոնանալու հետևանքով 1962 թվականի մարտի 18-ին դպրոցը ժամանակավորապես փակվել է։ Մայիսի 21-ին փորձ է եղել պարապմունքները վերսկսել, սակայն չի հաջողվել (համաճարակն այդ ժամանակ արդեն դուրս էր եկել գյուղի սահմաններից)։

Դպրոցը փակելուց հետո սովորողներին ուղարկել են իրենց տները, և համաճարակը տարածվել է հարևան Նշամբա գյուղը։ Ապրիլ և մայիս ամիսներին 217 մարդ զգացել է ծիծաղի նոպա, նրանց մեծամասնությունը երեխաներ և երիտասարդներ էին։ Հուլիսին ծիծաղով է վարակվել Բուկոբա քաղաքի մոտակայքում գտնվող աղջիկների համար նախատեսված «Ռամաշենե» (Ramashenye) միջնակարգ դպրոցի 48 աշակերտ։

Դպրոցի դեմ, որտեղ սկսվել էր համաճարակը, հայց է ներկայացվել դատարան։ Անկառավարելի ծիծաղը ընդգրկել է Կաշաշայի և հարևան գյուղերի գրեթե բոլոր դպրոցները։ Համաճարակը մարել է 18 ամիս հետո։ Ծիծաղից բացի հաղորդվել է նաև ուղեցկող ախտանիշների մասին՝ ցավեր, ուշաթափություններ, փորափքանք, շնչառական խնդիրներ, ցան, լացի և ճիչի նոպաներ։ Ընդհանուր փակվել է 14 դպրոց, ավելի քան 1000 մարդ ընկել է համաճարակի ազդեցության տակ։

Ծիծաղի համաճարակի առաջացման հնարավոր պատճառներից մեկը աշակերտուհիների ուսումնառության վատ պայմաններն էին և ծիծաղը, որպես իրականության դեմ բողոքի անմեղ միջոցներից մեկը: