Արգենտինայում, Բրազիլայում եւ Իսպանիայում սուգ է հայտարարվել

Եվրամիության պաշտոնական մարմինները իջեցրել են դրոշներն ի նշան սգո՝ կապված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան հետ։ Հանգուցյալ Սրբազան Քահանայապետի հայրենի Արգենտինայում հայտարարվել է մեկշաբաթյա սուգ։ Իսպանիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ Բրազիլիայում՝ մեկշաբաթյա սուգ։ Էյֆելյան աշտարակի լույսերը հանգել են՝ ի հիշատակ Ֆրանցիսկոս Պապի։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը հայտարարել է, որ հիշելու է Ֆրանցիսկոս Պապին՝ նրա կարեկցանքի, Եկեղեցու միության համար ներդրած ջանքերի եւ բոլոր հավատացյալ մարդկանց համար կարեւորություն ունեցող գործերին նվիրվածության համար, այն բանի համար, որ նա իր հոժար կամքով տքնաջան աշխատել է հանուն այլոց բարիքի։
Սպիտակ տան պաշտոնական էջում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում պատկերված են նախագահ Թրամփը, փոխնախագահ Վենսը՝ Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած հանդիպումներում։ Նախագահ Թրամփն իր սոցկայքի էջում գրել է․ «Հանգչիր խաղաղությամբ Ֆրանցիսկոս Պապ։ Թող Աստված օրհնի նրան եւ բոլոր նրանց, որ սիրում էին նրան»։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ սգում է Ֆիանցիսկոսի մահը՝ որպես հարազատ բարեկամի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Իսրայելի նախագահ Իսխակ Հերգոցը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլք եւս ցավակցականներ են հղել Սրբազան Քահանայապետի մահվան կապակցությամբ։
Կարծիքներ