Իզուր է Փաշինյանին թվում, որ «Իմ քայլից» տպավորված են Ադրբեջանում գնում արտահերթ ընտրությունների

Իզուր է Փաշինյանին թվում, որ «Իմ քայլից» տպավորված են Ադրբեջանում գնում արտահերթ ընտրությունների

Փետրվարի 9-ին Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանում այս արտահերթ ընտրական միջոցառման անցկացումը վերագրեց իրեն ու թիմին՝ ասելով․ «Հայաստանի գործող ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, ով լուծարել է իր երկրի խորհրդարանը, ըստ էության, ընդունելով, որ իրենց երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին»։

Դատելով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի տված պատասխանից՝ Հայաստանի վարչապետն իր հաշվով խորը մոլորության մեջ է, քանի որ նա ասաց․ «Կապել մեր խորհրդարանի հետ, չեմ պատկերացնում՝ ինչպես և ինչու։ Քանի որ այն պրոցեսին, որին հիմա ականատես ենք լինում, սկսվել է 2013-2014թթ., և կապված է Մեհրիբան Ալիևայի ու իր թևի  քաղաքական կշիռը բարձրացնելու հետ։ Այս պրոցեսը չի սկսվել մեր հեղափոխության հետ միասին, չի սկսվել երեկ, և առաջին փորձը 2018-ին էր, կամաց-կամաց սկսել են աշխատել էդ ուղղությամբ, հիմա այսբերգի երևացող մասն ենք տեսնում։ Եվ այնտեղ հիմա իշխանության այլ թև ուժեղացնում է իր դիրքերը, բերում է երիտասարդ, կոմպետենտ, տարիներ շարունակ այդ պետական ֆոնդերի միջոցով դրսում սովորած լավ կադրերի, տեխնոկրատների, և դա Մեհրիբան Ալիևայի թիմն է»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորից, ընտրակարգը միայն մեծամասնական է: 125 ընտրատարածքից 123-ում իշխանությունն առաջադրել է իր թեկնածուներին: Արմատական ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները: Պատգամավորի 81 թեկնածու առաջադրել է «Մուսավաթը» եւ  31-ը՝ ReAl շարժումը, և, փաստորեն, Միլի Մեջլիսում Ալիեւը կունենա որակյալ մեծամասնություն` ձևավորված կառուցողական ընդդիմության հետ մեկտեղ՝ շուրջ 20-25 պատգամավորական մանդատի շրջանակներում։

Ադրբեջանական խորհրդարանական քարոզարշավին ու ներադրբեջանական դիսկուրսին հետևած Էլիբեգովան նկատում է՝ բնականաբար, Արցախի թեման առաջնային է։ Մի բան, որ մշտապես թե ՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար շահարկվող թեմա է: Ադրբեջանագետը, սակայն, ավելացնում է․ «Բայց, իհարկե, իշխանություններն այստեղ ունեն պրիորիտետ, և իրենց հիմնական քարոզչական թեզն այն է, որ ներկա իշխանությունները ադրբեջանական հանրության համար միակ գարանտիան են՝ հայկական «արյունարբու մարդասպաններից» փրկելու ու պաշտպանելու առումով։ Այ, եթե չլինեն, հայերը կգան և ձեզ կոչնչացնեն։ Ընդդիմությունն իր հերթին այլ թեզով է առաջնորդվում, ինչը որ հետաքրքիր է, երբ մենք խոսում ենք ադրբեջանական ընդդիմության մասին, ես կարող եմ ասել, որ արցախյան հարցում իրենք հաճախ էլ ավելի ռադիկալ են իրենց արտահայտություններում, քան ադրբեջանական իշխանությունները՝ իրենց գործողությունների մեջ։ Ավելին՝ այն մարդիկ, ովքեր իրենց համարում են առաջադեմ, ժողովրդավար են, իրենք իրենց հայատյացության դրսևորումներում ու արտահայտություններում չափազանց ոչ կոռեկտ են»։

Այդ դեպքում ու՞ր մնացին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և վերջին շրջանում շրջանառվող թեզերը՝ երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ։ Սրա շրջանակներում անգամ լրագրողական փոխայցելություններ եղան Ադրբեջան, Արցախ ու Հայաստան։ Աննա Հակոբյանն էլ Մեհրիբան Ալիևային հրավիրեց Արցախ՝ մուղամ լսելու։ Ադրբեջանական հարցերի փորձագետն ի պատասխան նկատեց, որ Ադրբեջանից, պաշտոնական մակարդակով պատրաստ են խոսել այդ մասին այն պահից, երբ զորքերը դուրս բերվեն Արցախից։ Մինչ այդ, փորձագետի ընդգծմամբ, խաղաղության մասին ադրբեջանական պատկերացումներով՝ որևէ դիսկուրս չի կարող լինել։ 

Ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարբեր մակարդակներում հիպոթետիկ մակարդակով քննարկվում է նաև հարցը, որ Ադրբեջանն ինչ-որ մի փուլում կգնա՞ ինչ-ինչ գործողությունների՝ ընտրություններից առաջ կամ հետո։

«Առաջ»-ը Էլիբեգովան անհավանական՝ անտրամաբանական է համարում, բայց ոչ «հետո»-ն։ «Իրենք իրենց ներքաղաքական պրոցեսների վրա են կենտրոնացած ու խառը»,-ասում է Էլիբեգովան և ավելացնում․ «Այ, հռետորաբանությունը կուժեղացնեն, քանի որ էլեկտորատին պետք է ընտրություններից առաջ սնել հայատյացությամբ ու միլիտարիստական տրամադրություններով»։
Փոխարենը, ադրբեջանագետը չի բացառում ընտրություններից հետո  Արցախի առաջնագծում ինչ-ինչ զարգացումները՝ նշելով, որ Ադրբեջանը համենայնդեպս պատերազմին պատրաստվում է հանգամանալից։ Նկատենք, որ այս տարի բանակին հատկացումների, ինչպես նաև զորավարժությունների քանակն ու որակը բավականաչափ տպավորիչ են։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ի պատասխան ասում է, որ նման որոշումները չեն ընդունվում միայն Բաքվում։ «Բաքվում նման որոշումներն ընդունում են` հաշվի առնելով հիմնականում British Petrolium ընկերության շահերը, որովհետև պատերազմը վտանգում է նավթահորերը, կոմունիկացիաները։ Ռուսաստանն էլ, հարցնում եք, իհարկե, ունի իր ազդեցության լծակները»։ 

Ռազմական փորձագետի ամփոփմամբ` այս հարցում Ադրբեջանը երկու գնահատում պետք  է անի․ 1-ին հերթին՝ թե որքան է հավանականությունը, որ կհաղթի, և երկրորդ՝ աշխարհաքաղաքական համապատասխան վիճակը։ Այսինքն՝ կա՞ կոնսենսուս այդ հարցում, թե՞ ոչ։