Տեղադրում ենք Նորատ Տեր-Գրիգորյանցի ձայնագրությունը

Տեղադրում ենք Նորատ Տեր-Գրիգորյանցի ձայնագրությունը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Քիչ առաջ խոսեցի Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։ Նա ասաց, որ այդպիսի հայտարարություն՝ «Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց», չի արել․ այն բացահայտ սուտ է և հերյուրանք»։

Նա «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանից պահանջել է հերքում, նաև հեռացնել նյութը, որը որակել էր որպես՝ իրականությանը չհամապատասխանող, զրպարտանք պարունակող։

Սեյրան Օհանյանի հայտարարությունից հետո կրկին լսեցինք ձայնագրությունը, համոզվելով, որ հարցին, թե իրեն հայտնի՞ է, թե տարածքային ու դիրքային ինչ ձեռքբերում ունենք այս օրերին, մասնավորապես, Ղարադաշ բարձունքը գրավելու մասին, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է․ «Գիտեք ինչ, ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես ստեղծում էի հայոց բանակը, էս դիրքերը մեր դիրքերն էին, երբ Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էս դիրքերը թուրքը վերցրեց։ Հիմա, երբ նրանք սկսեցին, մերոնք, մեր հերոսական զինվորներն ու սպաները վերադարձրեցին մեր դիրքերը։ Եվ պետք է պահել, որովհետև ամեն մի բարձունք ունի ռազմավարական նշանակություն»։

Ձայնագրությունը լսելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցինք կրկին զանգահարել պարոն Տեր-Գրիգորյանցին և հարցնել, թե ինչու է նա Սեյրան Օհանյանին ասել, որ «Հրապարակի» գրածը «բացահայտ սուտ է և հերյուրանք»։ Նորատ Տեր-Գրիգորյանցը նախ ասաց, որ ինքը խոսքում ասել է՝ «կարծես թե», սակայն մենք չենք թարգմանել։

«Հասկանո՞ւմ եք՝  ես ռուսերենով ասել եմ, որ ինձ ասել են, որ կարծես թե Սեյրանի օրոք են այդ բարձունքները հետ տրվել և հիմա վերադարձվել»։ Ի պատասխան դիտարկման, որ «կարծես թե»-ն չի ասել իր խոսքում՝ մենք բառացի ենք մեջբերել իր խոսքը, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց․ «Դե, լավ, ներողություն եմ խնդրում․․․ հիմա նման բան է եղել, կախվե՞մ, ինչ է։ Ի՞նչ անենք, ինձ այդպես էին ասել։ Չէ՞ որ ես այդտեղ չեմ ապրում, ես այդպես եմ իմացել»։

Շարունակելով՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ Սեյրան Մուշեղովիչը շատ լավ նախարար էր ու շատ լավ ղեկավարում էր բանակը․ «Ես սխալ եմ, Սեյրանը՝ ճիշտ»,-ամփոփեց Նորատ Տեր-Գրիգորյանցը։