Դեռ հոգուն չի հասել

Դեռ հոգուն չի հասել

Մեր ժողովուրդն անկտրել ձմերուկ է՝ երբեք չես իմանա, թե ներսում ինչ կա։ Թե ինչ է մտածում իրականում։ Մերոնք ոչ միայն գաղտնապահ են ու փակբերան՝ երբեք իրենց տեսակետը բարձրաձայն չեն արտահայտում, այլեւ զգուշավոր են ու խորամանկ՝ եթե վտանգ զգացին, որ տեսակետ արտահայտելը կարող է իր մեջ հիպոթետիկ վտանգներ պարունակել, երբեք չեն արտահայտի։ Այդպես սուսուփուս, լռակյաց կդիմանան, կհամբերեն, իսկ երբ գա պահը, կպատժեն։ Ինչպես պատժեցին Սերժ Սարգսյանին 2018-ին, չնայած մինչ այդ լռելյայն հարմարվել ու հանդուրժել էին նրան, անգամ 5-10 հազար դրամները վերցնելով՝ գնացել ու ընտրել էին Հանրապետականին։ Բայց հենց օդում զգացին, որ շանս կա նրանից ազատվելու, հորդացին փողոց, աջակցեցին մի անհայտ խմբակի, որ ճանապարհեն նրան, ով չարաշահել էր իրենց վստահությունը, ամեն ինչ արել, որ հավերժացնի իր իշխանությունը։ Հիմա եկել է ծածուկ, թաքնված դժգոհությունների գեներացման նոր փուլը։

Մեր ժողովուրդն արդեն իր ներսում հասկացել է, որ «մրից ելել, մրջուրն է ընկել», բայց բացահայտ հակադրվելն ու կարծիք հայտնելն էլ արդեն անհետեւանք չեն մնա, եւ նորից սկսվել է ծածուկ ատելու եւ հարմար պահի սպասելու ժամանակը։ Մի խաբվեք մարդկանց կեղծ խոսքերին՝ տարբեր լրատվամիջոցների տեսախցիկների առաջ, ոչ էլ հավատացեք, թե նա դեռ հույսեր է կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոչ, նա իր ներսում արդեն որոշումը կայացրել է, ուղղակի դեռ չկա «նոր Նիկոլը», որին աջակցի ինքը, եւ դեռ չի եկել փողոց հորդալու պահը։ Թեեւ չի բացառվում, որ հաջորդ անգամ ոչ թե փողոց հորդի, այլ ծածուկ ու լռելյայն գնա եւ ջնջի իր վստահությունը չարաշահած խմբակին։ Երեկ դրա մի ապացույցին ականատես եղա՝ վարորդները Փաշինյանի շարասյունը զայրույթի սուլոցներով ու ազդանշաններով էին ուղեկցում։