Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին

Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«

Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին

Ինչպես արդեն տեղյակ եք, երեք կուսակցություն համատեղ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ ներկայացնելով փաստական տվյալներ այն մասին, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց կողմից յուրացվել է իշխանությունը, տապալվել սահմանադրական կարգն ու թույլ տրվել լիազորությունների անցում։

Այս ընթացքում իմքայլական բազմաթիվ պատգամավորներ իրենց հարցազրույցներում պնդել են, թե երկու տարվա ընթացքում իրենք օրենքներ չեն խախտել։

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ այդ պնդումները միայն ծիծաղ են առաջացնում։ Այդուհանդերձ, ունեմ հստակ առաջարկ իմքայլական բոլոր պատգամավորներին, որոնք սահմանադրության փոփոխություններին կողմ են քվեարկել երկու ընթերցումներում եւ պնդում են, թե իրենք օրենք չեն խախտել։

Առաջարկում եմ տալ հրապարակային խոստում-հայտարարություն հետեւյալ բովանդակությամբ.

Ես՝ պատգամավոր (օրինակ՝ Լիլիթ Մակունցս) հրապարակային խոստանում եմ, որ՝

1. այն դեպքում, երբ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը կամ Հրանտ Նազարյանը միջազգային որեւէ դատարանի միջոցով հաղթեն Հայաստանի Հանրապետությանը եւ դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնի նրանց վճարել որեւէ փոխհատուցում կամ վնասների հատուցում, ապա պարտավորվում եմ ինքս վճարել այդ փոխհատուցումներն ու վնասները։ Եթե փոխհատուցման ու վնասների հատուցման գումարի չափը գերազանցի իմ ամբողջ ունեցվածքի չափը, ապա պարտավորվում եմ հատուցել իմ ունեցած ողջ գույքի չափով։

2. Այն դեպքում, երբ միջազգային որեւէ դատարան կկայացնի 1-ին կետում նշված որոշումը, եւ ես այդ պահին զբաղեցնելիս կլինեմ որեւէ հանրային պաշտոն (հանրային, համայնքային պաշտոն կամ ծառայող), ապա անմիջապես կներկայացնեմ հրաժարական։

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հնարավոր բոլոր առիթներով իմքայլական պատգամավորներին հարցնել՝ արդյո՞ք պատրաստ են հրապարակավ տալ նման խոստում։ Եթե այո, ապա թող հրապարակային հնչեցնեն։

Հիմա պարզ կդառնա, թե այդ պատգամավորներից որոնք են հավատում, որ օրենք չեն խախտել։

Որպես կատարված հակասահմանադրական գործողությունների լիազոր ներկայացուցիչ առաջին հասցեատեր նշում եմ Վահագն Հովակիմյանին եւ սպասում նրա հրապարակային խոստում-հայտարարությանը։

Հ.Գ. Գեթ մեկ անգամ ազնիվ եղեք ժողովրդի ու պետության հետ։

։