Գենետիկ կոդն այդպիսի հակում ունի՝ քնում է, բայց արթնանալիս շատ ծանր է արթնանում

Գենետիկ կոդն այդպիսի հակում ունի՝ քնում է, բայց արթնանալիս շատ ծանր է արթնանում

Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ, ՀՀ Ազգային Ժողովում, Ցեղասպանության ժխտումը քրեականցնող նախագիծ ներկայացնելու մասին խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հայտարարությունից հետո դահլիճում հրմշտոց սկսվեց, նախաձեռնողներից մեկը Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրն էր` Վահե Ղալումյանը: 

Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, դիվանագետ Վահագն Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով այս իշխանությունների ռեակցիային ու դրա խորքային պատճառներին, ասաց, որ այս պահվածքը հերթական անգամ բացում է իշխանությունների դեմքը:

«Շատ բաց քարտերով են խաղում, իրենք չեն թաքցնում իրենց նպատակները, թուրքերին կամ ադրբեջանցիներին հաճոյանալու ձգտումները, որոնք միշտ հանդիպում են կոշտ քննադատության, ինչպես հասարակության լայն շրջանակների, այնպես էլ դասական ընդդիմության կողմից: Եվ բնականաբար դա պիտի նման արձագանք ու ջղաձգումներ առաջացներ իշխանության մոտ: Մի իշխանության, որը պատրաստ է, իրենց իսկ խոսքով հակառակորդներին սիրաշահելու ճանապարհով ամեն ինչը կանգնեցնել, այն ինչը, որ ազգային է, այն, ինչը որ պետությունն է, այն, ինչը որ մեր ապրելակերպն է, ինչը մերն է և ազգայինն է՝ կանգնեցնել, ջախջախել, ջարդուփշուր անել, հիշողությունները ջնջել, դրանք իսպառ վերացնել: Մեկ պարզ պատճառով՝ դրանից փորձել քաղել որոշակի դիվիդենտներ և թշնամուն հաճոյանալու ճանապարհով պահպանել իրենց իշխանությունը»,-ասաց դիվանագետը:

Որևէ ուրիշ բան պետք չէ փնտրել, վերջիններս նույնիսկ Թուրքիա անունը չեն ուզում տալ, փորձում են միշտ Օսմանյան կայսրություն անվանել, որպեսզի հանկարծ որևէ ձևով չնեղացնեն իրենց հակառակորդներին՝ նկատում է Մելիքյանը: 

«Սա մեր ամենավատ երազում, իհարկե, դժվար էր պատկերացնել, բայց, ցավալիորեն ունենք այդ պատկերը այսօրվա դրությամբ: Ես ավելի քան համոզված եմ, որ ժողովուրդն իր զայրույթը, ցասումն ու ընդվզումը հայտնելու է: Չկա որևէ բանական հայ ամբողջ աշխարհի վրա, որը կընդունի այս ժխտումը, այս մերժողականությունը, ուրացման կամ ռեվիզայի ենթարկելու մոտեցումները, գործողությունները՝ չկա այդպիսի հայ: Այնպես որ, ինչքան էլ փորձեն օվերտոնային մոտեցումներով այս ամեն ինչն ի կատար ածել, միևնույն է, աշխարհում չի գտնվի գեթ մեկ բանական հայ, որը կընդունի դա, որն այսօրվա իշխանությունները փորձում են իրենց պատկերացրածով, իրենց փոխաբերական, ալեգորիկ մոտեցումներով առաջ տանել: Սա միանշանակ բախվելու է պատին, միանշանակ բախվելու է խոր դիմադրողականության ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս»,-ասաց Մելիքյանը:

Շատ դեպքերում ժողովրդի որոշ շերտեր իրենց ցասումը կամ անելանելիության վիճակն արտահայտում են արտագաղթով, սակայն դա չի կարելի տարածել ամբողջ ժողովրդի վրա՝ նշում է դիվանագետն ու հավելում, որ դա բնականաբար բխում է իշխանությունների շահերից, որովհետև բողոքող զանգվածի մի փոքրիկ մասն էլ կթողնի Հայաստանն ու կհեռանա:

«Ես ապավինում եմ մեր ժողովրդի գենետիկ կոդին, իսկ գենետիկ կոդը ունի այդպիսի հակում՝ քնում է, բայց արթնանալիս էլ շատ ծանր է արթնանում և այդ ծանրությունն էլ, եթե կանգնեց ոտքի՝ սրբելու է, տանի ամեն ինչ, ցունամիի նման: Այնպես որ այստեղ թող փորձ անգամ չանեն ժողովրդի հիշողությունը ջնջելու, որովհետև այդ հիշողությւոնը ուղղակիորեն կապված է մեր հավատքի, ինքնության, մեր գոյության հետ: Ինչքան էլ փորձեն ասել, որ այսքան բան կորցրեցինք, ժողովուրդը ոտքի չի կանգնում՝ ժողովուրդը միշտ է ոտքի կանգնում, ժողովուրդը միշտ է փնտրել առաջնորդներ, ժողովուրդը միշտ էլ ցանկացել է իր առջևից քայլող ունենալ, որպեսզի ինքը հետևի և նաև պատասխանատվություն ստանձնի, պարզապես այս իրավիճակում, այո, միգուցե մենք ունենք որոշակի փոքրիկ վակուում, որը շատ արագ կլցվի: Ըստ իս, մի քիչ համբերություն է հարկավոր, որովհետև արդեն զգացվում է այդ հոգեվարքային մոտեցումները իշխանությունների կողմից՝ դա դրսևորովում է և իրենց խոսույթի, և իրենց վարվելակերպի, և իրենց շարժելաձևի մեջ: Իրենք դա արդեն անում են շատ անթաքույց, այդ տաղանդն էլ չունեն, որ կարողանան թաքցնել, արդեն չի էլ ստացվում թաքցնել, ինչը տեսանելի է, ապացուցված է, այնպես որ, ես կարծում եմ, որ ժամանակն իրենը կանի և ժողովուրդն էլ ոտքի կկանգնի ու իր վերջնական խոսքը կասի»,-եզրափակեց Վահագն Մելիքյանը։