Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման միջնորդության քննությունը մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, 39-ամյա Արտակ Կարապետյանին, որը դատավոր է նշանակվել 2024-ի նոյեմբերին։ Նա նախկին քննիչ է եւ նախկին դատախազ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել՝ ի պաշտպանություն Հայաստանյայց առաքելական եկեղեցու արած հայտարարության պատճառով: Նրա հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը դիտարկել է որպես իշխանության զավթման կոչ։
Երեկ բազմաթիվ իրավաբաններ հանդես եկան` այդ հետապնդումը համարելով ապօրինի, քաղաքական հետապնդման անթաքույց փորձ: Եվ ինքը` Փաշինյանն էլ խորհրդարանում խոսելիս չթաքցրեց այն, որ իր անմիջական հրահանգով են գործում իրավապահները: Իսկ ԱԱԾ տնօրենին հանկարծակի աշխատանքից ազատելը, վստահաբար, կապ ուներ այդ գործի հետ: Թերեւս Աբազյանը ողջախոհության վերջին նշույլները չի կորցրել եւ փորձել է կանգնեցնել այդ պրոցեսը: Այն, որ սա Կարապետյանների դեմ կազմակերպված հետապնդում է, հաստատվեց նաեւ նրանով, որ անմիջապես սկսեցին խոսել ՀԷՑ-ը պետականացնելու մասին, ՍԱՏՄ-ն սկսեց «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը փակել: Հայտնի դարձավ, որ Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը տուգանվել է 10 միլիոն դրամով: Ինքը` չափի զգացումն իսպառ կորցրած Նիկոլ Փաշինյանը, բացահայտ սպառնալիքներ տեղաց` ուղղված Սամվել Կարապետյանին, ասելով, թե վերջինս կզգա «պետության համն իր բերանում»: Հերթական ապուշ արտահայտությունը, որը երեւի նշանակում է` ատամներդ կջարդեմ, պատերին կծեփեմ, կիմանաս, թե պետությունը, այսինքն` ես ով եմ:
Իրավապահ համակարգում տիրող իրավիճակի եւ Փաշինյանի վերջին սրացումների մասին «Հրապարակը» զրուցել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ: Անդրադառնալով երկրում, մասնավորապես` իրավապահ համակարգում տիրող իրավիճակին՝ Համբարձումյանը նկատեց. «Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, եւ բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Այս հոգեկան հիվանդը, այս ճիվաղը, այս թշնամին նման քայլի գնաց ընդամենը Կարապետյանի մի հայտարարության հիման վրա: Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին նա տալիս է հրահանգներ, իսկ նրանք հլու-հնազանդ կատարում են այդ հրամանները: Չես հասկանում` որտեղ սկսես ծիծաղել եւ որտեղ լաց լինել, երկիրը վերածվել է աբսուրդի թատրոնի: Հետեւելով այդ երեւույթի ֆեյսբուքյան գրառումներին՝ ամեն բան դառնում է առավել պարզ, բայց խնդիրն այն է, որ մեզանում այսօր իրավապահ համակարգ գոյություն չունի, չորս կողմը պատվեր կատարողներ են, իսկ այդ Աբազյան կոչեցյալին օգտագործված տրյապկի նման դեն նետեցին, տրյապկեն չէր կարող չհնազանդվել իր տիրոջը, նա լավ էլ հնազանդվում էր Նիկոլին, ուղղակի, հավանաբար, մի այնպիսի այլանդակ հանձնարարական է ստացել, որ պարզապես Աբազյանը չի կարողացել տիրոջ ուզածով կատարել այն, դրա համար էլ աշխատանքից վռնդվել է։ Այդքան բան: Մեծագույն խայտառակություն է ողջ աշխարհի առաջ, որ Հայաստանում չկա իրավական համակարգ»:
Գագիկ Համբարձումյանը նաեւ անդրադարձավ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է, օրինակ` ինչո՞ւ է երկիրը կործանում ամեն հնարավոր ձեւով, ի՞նչն է նրան դրդում այդ քայլին, նույն տրամաբանությամբ նաեւ քանդում է Եկեղեցին, նա խնդիր է դրել, որ երկրում ցանկացած նորմալ ինստիտուտ, կառույց, երեւույթ պետք է կործանի: Խոսում է կուսակրոնության ուխտի մասին: Երբ այդ մասին խոսում է այլասերվածը` բառի բուն իմաստով, ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել ու մեկնաբանել այդ ամենը: Հայտնի այլասերվածները չեն կարող խոսել բարոյականության մասին, բայց ամեն բան հնարավոր է այս սրիկաներից: Նրանք կարող են բախումների գնալ»: