Պիտի գոռանք ի լուր աշխարհի՝ մենք էլ Հերոս ունենք

Պիտի գոռանք ի լուր աշխարհի՝ մենք էլ Հերոս ունենք

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի ընկերներից Լուսինե Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ես ուզում եմ ձեզ պատմել Ալեն անունով Հերոսի մասին, քանի մի քիչ չորացել են աչքերս, չգիտեմ երբ նորից կլցվեն, քանի վայրկյան հետո։ Որոշեցի գրել, թե ինչպես են լինում Հերոսները՝ իրական կյանքում, ինչպես ենք մենք նրանց հետ կողք կողքի ապրում, սովորում, հաց կիսում, չարություններ անում, վիճում, նեղացնում՝ թերևս այդ պահին չգիտակցելով… ա՜խ երանի գիտակցեինք, և ինչու՞ է որ նրանք հերոսանում են։ Իմ ուսանողական առաջին օրը սկսվեց Ալենով, շարունակվեց և ավարտվեց Ալենով, ա՜խ երանի չավարտվեր… Ալենը միշտ նստում էր անկյունում, միշտ նույն տեղում, նույն կարմիր աթոռին՝ պատուհանի տակ ու հաճախ էր դուրս նայում… Մեր ամենագետ Ալեն, խելացի Ալեն, ամենաակտիվ Ալեն, կարդում էր մեր բոլորից շատ ու մեր գործերի մասին ավելի շատ բան գիտեր քան մենք։ Ալենը կյանքի մասին ամեն ինչ գիտեր, ուներ առանձին իր աշխարհը և ապրում էր այդ չքնաղ աշխարհով, մեզ էլ պիտի տաներ, չհասցրեց, ա՜խ երանի հասցներ։

Ուժ տուր մեզ Աստված, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք։ Պիտի հիմա ավելի իմաստավորվի մեր կյանքը, քան երբևէ, մեր ապրած ամեն րոպեն, այդ չորս ուսանողական տարիները լցված էին, բուռն էին, որովհետև Հերոս ունեինք մեր կողքին, մեր մեջ ու հիմա էլ, բայց արդեն ոչ թե շոշափելի է այլ ոգեղեն՝ սրտում է.. կմնա ընդմիշտ, ա՜խ երանի մնար։

Արդարության ու հաղթանակի մարտիկ։ Մեր ամեն մի ցածր գնահատականի համար կպայքարեր մինչ վերջ, ոչ թե ի՛ր այլ մեր։ Ընկերապաշտ, օգնող ու սատարող Ալեն։ Աշխարհում արդարության գոնե գեթ մեկ կաթ չկա, լիներ՝ կմնաիր Ալեն, ա՜խ երանի մնաիր։

Սիրտ տուր մեզ, Աստված որ տառապանքի շուրթերը ջնջենք…

Ալենը լույսն էր մեր լսարանի, ուրախությունն էր, առանց Ալեն օրը օր չէր, մեր ժպիտն էր, ժպտա Հերո՛ս, ժպտա՛ որ մենք էլ ժպտանք, ծիծաղդ նորից լսել ենք ուզում… ա՜խ երանի լսենք…

Մեր ընդմիջումներին կոնֆետ ու ընդեղեն բաժանող… մեր քաղցր ու պարզ հիշողություն, ա՜խ երանի նորից բաժանեիր, կարոտ մնացինք, քո տվածին, էլ չես տալու՞.. չէ տվեցիր, ավելին տվեցիր, էս սուտ ու անարդար աշխարհում ամենաթանկը տվեցիր՝ կյանքդ, արժանի՞ էինք, մենք դա չէինք ուզում, մենք քեզ էինք ուզում, քե՛զ մեր քաջ մարտիկ, մեր բարի մարտիկ։

Կուրսի աղջիկների թև ու թիկունք, երբեք մենակ չթողեցիր, որ հանկարծ ոչ ոք չնեղացնի, ես գիտեի՝ կարդացել էի աչքերումդ։ Երբեք ոչնչից չվախեցար, որտեղից քեզ էդքան ուժ, չվախենալու ու չերերալու շնորհ, Աստծո բոլոր շնորհները դու՛ ժառանգեցիր, բայց ո՞վ տվեց քեզ, ո՞վ, կեցցես ուժեղ զինվոր, կյանքիդ բոլոր օրերում հաղթող եղար, զինվոր եղար՝ մայրիկին, ընտանիքին ու մեզ, հոտո հայրենիքին։ Հայրենիքը չթողեցիր, չփախար.. նույնիսկ չմտածեցիր դրա մասին, մնացիր ու հավերժ մնացիր…

Լույս տուր մեզ Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք։ Քեզանից հոտո, հիմա խավար է, ամեն ինչ այլ է, ասում են վերքը վիրավորին է ցավեցնում, բայց հավատա վերքով ապրելը դժվար է, անասելի է ցավում… ա՜խ երանի չցավեր ու դու՛ ապրեիր…

Ապրեցիր մարդկանց սեր տալով, ամենազորեղ զգացումը, մեզ էլ սովորեցրեցիր՝ սիրել, բայց նախքան մեզ սովորեցնելը դու արդեն հասցրել էիր մի ողջ կյանք սիրել…

Հպարտությունը որ ամեն զգացմունք մեր մեջ խեղդեց, կվերածնվի մի օր սիրո հետ ձեռք ձեռքի տված՝ պար կգան, էն պարով որ դու միշտ պարում էիր մեր պարի դասի ժամերին, ինձանից լավ.. ու ես հաստատ գիտեմ որ ուր էլ գնամ, ինչ էլ անեմ քեզ պես երբեք չեմ կարողանա սիրել… պարել, ԱՊՐԵԼ.

Ալենի զրնգուն ձայնը ու ասմունքը՝ մեր բեմական խոսքի դասերին, կարոտ մնացինք…դու գնացիր մեզ թողնելով հիշողությունների մի ամբողջ օվկիանոս, ինչքան ուզում է թո՛ղ ծփա, սուտ է մարդ հիշողություններով չի ապրի..

Ալենի դերասանական խաղը.. “Հե՜յ ով կա”, “Սերը ծփիններ տակ”, “Մարդկային կատակերգություն” կթվեմ ամբողջ օր, բայց դիտել էր պետք.. Հերոսի խաղը դիտել էր պետք, ա՜խ երանի կրկին դիտեինք… Սրտացավ, կարեկից ու ընկեր, պարզապես Ընկեր, Մարդ, ումով ապրեցինք մենք, բայց ապրեցրիր դու։ Կմնաս ընդմիշտ, միշտ կենդանի, մեր հետ, մեր կողքին ու մեր մեջ՝ սրտում, մտքում, գլխում.. Ամենուր։ Կհսկես մեզ վերևից ու կուղղորդես բարի ճանապարհներով՝ պիտի քեզ համար ապրենք։ Մեր բոլորիս պահապան հրեշտակ։ Պիտի՛ գոռանք ի լուր աշխարհին, որ մենք էլ Հերոս ունենք, լույս Հերոս, ուժեղ, քաջ, անսահման բարի.. Մի տեսակ բառերս քիչ են, քչություն են անում քեզ նկարագրելու համար։ Ա՜խ երանի քեզ պես լինեի ու գեղեցիկ հայերենով նկարագրեի քեզ.. Բառերս չեն հերիքում, շունչս չի հերիքում..

Մեր ավարտականի օրն եմ հիշում, կապույտ հագուստներով, գլխարկներով, քո դիպլոմը կարմիր էր, գերազանցիկի էր, ի՜նչ հպարտ էինք, ավարտում էինք, հպարտ էինք ավելի շատ քոնով… քեզ ուրիշ համալսարան էր սպասվում, բայց ընտրեցիր հայրենիքի քո բաժին պարտքը Ա՜խ այդ պարտքը, երանի քեզ մեզանից չտաներ, չտաներ և ՈՉ ՈՔ ՄԵԿԻ..

Համարձակություն չարեցի գրկել առյուծածին մայրիկիդ, կներես երևի նաև քո՛ փոխարեն։ Ա՜խ երանի գրկեի, երանի դու՛ գրկեիր..

Աչքերս լցվեցին արդեն, բայց այսքա՞ն շուտ, պատմելու ու գրելու շատ բան ունեի։ Կներես մեզ, որ քեզ պաշտպան չեղանք, կներես մեզ որ քեզ թողեցինք կես ճամփին, բայց դու առավելագույնը եղար ու արեցիր քան մենք…. Անմահ Հերո՛ս, հիմա Աստծո արքայությունը քոնն է, բարեխոս եղիր Սրբերի առջև թող միշտ վառ մնա բարին ամբողջ աշխարհով մեկ, չէ որ դա քո երազանքն էր, աշխարհը փոխել դեպի բարին, Դու՛ դա արեցիր, դու՛ հաղթեցիր։

Հույս տուր մեզ Աստված, որ շուրթերով չորացած քեզ գտնենք նորից… »: